Հա

Գաղափարական

13/04/2013 - 13:15

alt«yerkir.am» - Ապրիլի 9-ին տեղի է ունեցել երդման մէկ արարողութիւն, որին ՀՅԴ-ն չի մասնակցել,- ՀՀ ԱԺ ճեպազրոյցում յայտարարեց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը՝ նկատի ունենալով Սերժ Սարգսեանի երդման արարողութիւնը:
ՀՅԴ պատգամաւորը նշեց, որ, դժբախտաբար, Ազատութեան հրապարակի իրադարձութիւնները գնացին այն սցենարով, որի մասին ՀՅԴ-ն զգուշացնում էր: Նա յիշեցրեց, որ անձամբ երեք ելոյթ է ունեցել եւ յայտարարել, որ մենք միշտ սխալ ճանապարհով ենք գնացել, բայց դրանից դասեր չենք քաղել:

«Երբ հարցը դնում ես «ամէն ինչ» եւ «հիմա» տրամաբանութեամբ, մաքսիմալիստական խնդիրներ ես ձեւաւորում ու այդ խնդիրներին չես հասնում, դա յուսահատութիւն է առաջացնում ժողովրդի մօտ: Բայց եթէ փորձում ես արագ եւ հէնց այդ պահին հասնել ամբողջական նպատակի իրականացման, դա մղում է աւելի վճռական գործողութիւնների, ինչ-որ տեղ՝ նաեւ յանպատրաստից: Մեզ համար սա անընդունելի էր, եւ մենք ասում էինք, որ ճիշտ ճանապարհը հանգրւանային եղանակներով շարժումը ուժեղացնելու ճանապարհն է»,- նշեց Ռուստամեանը:
ՀՅԴ-ն երկու հանգրւանային յաջողութեան հնարաւորութիւն էր տեսնում, մէկը իշխանութիւններին արմատական խորքային բարեփոխումների մղելն էր, միւսը՝ Երեւանի աւագանու ընտրութիւններն էին, երբ Րաֆֆի Յովհաննիսեանը, ըստ էութեան, չհամաձայնեց գլխաւորել միասնական ցուցակը՝ կարծելով, թէ նսեմացնում է նախագահական ընտրութիւնների իր յաղթանակը:
Ապրիլի 9-ին, ըստ Ռուստամեանի, ժողովուրդը երեք մասի էր բաժանւել: Մի մասը շատ վճռական ուզում էր հասնել Բաղրամեան 26, մի մասը, անվերապահ ընդունելով Րաֆֆի Յովհաննիսեանի առաջնորդութիւնը, հետեւեց նրան մինչեւ Ծիծեռնակաբերդ, ժողովրդի երրորդ զանգւածն էլ չգիտէր՝ որ կողմ գնալ:
«Ասում են՝ ՀՅԴ-ն ժողովրդի հետ չէր: Մենք ժողովրդի մէջ էինք, մենք այնտեղ էինք: Նախ՝ ժողովրդի ո՞ր հատւածի մասին է խօսքը, որ ասում էին, իբր կողքը չենք եղել: Սցենարը մերը չէր, սցենարի մշակման մասնակից մենք չենք եղել: Այդ օրւայ սցենարի մշակողն ու իրականացնողը Րաֆֆին էր, եւ, բնականաբար, այս ամէնը յանգեցրեց նրան, ինչի մասին մենք նախանշել էինք: Բայց, միւս կողմից, ես չեմ կարծում, որ շարժումը ձախողւել է այն աստիճան, որ այլեւս ընթացք չկայ: Կայ այդ ընթացքը, կայ այդ հնարաւորութիւնը»,- յայտարարեց Արմէն Ռուստամեանը:
Նա նշեց, որ եթէ իշխանութիւնների վրայ ճնշումը թոյլ լինի, բնականաբար, կամովին չեն գնայ զիջումների: Ռուստամեանն ամէն ինչ կորած չի համարում՝ ընդդիմադիր շարժումը կարող է նոր շունչ հաղորդել այս ամենին, աւելի յստակ ներկայացնել պահանջները:
Լրագրողներից մէկի դիտարկմանը, թէ ինչպէս նախկինում, այսօր էլ տեսնո՞ւմ է այս գործընթացների վերջը, Ռուստամեանը դրական պատասխան տւեց: «Վաղ թէ ուշ՝ ընդդիմութիւնը գալու է այս միասնական օրակարգին: Մենք ամէն ջանք գործադրելու ենք, որ դա լինի: Այդ փոփոխութիւնները կը յանգեցնեն իշխանափոխութեան: Ես բազմիցս ասել եմ, որ մեզ համար իշխանափոխութիւնը մարդափոխութիւն չէ: Մենք ասում ենք՝ ոչ միայն գործող ռեժիմի, այլ՝ համակարգի փոփոխութիւն: Եթէ համակարգը մնայ, բայց մարդիկ փոխւեն, դրանից ոչինչ չի փոխւի»,- նշեց նա:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։