Հա

Գաղափարական

08/04/2013

altՀՅԴ Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանի ելոյթը՝ Ազատութեան հրապարակում՝ 2013 թ. ապրիլի 5-ին:
Սիրելի ժողովուրդ,
Մի քանի շաբաթ Դաշնակցութիւնն այս հարթակից ելոյթ չի ունեցել: Բայց, մենք հրապարակում ենք եղել: Մենք այստեղ ենք միշտ:
Ժողովրդի իշխանութեանը հասնելու ընդդիմադիր շարժումն այսօր ունի երկու հանգրւանային արդիւնք արձանագրելու լուրջ հնարաւորութիւն՝
- Ստիպել իշխանութիւններին յստակ ժամանակացոյցով սկսել պետական համակարգի խորքային եւ արմատական վերափոխումը
- Գալ իշխանութեան՝ Երեւան քաղաքում:

Այս երկու գործընթացները միմեանց փոխլրացնող են, կարող են շարժում հունաւորել ու կազմակերպել եւ ժողովրդի համար կոնկրետ շօշափելի արդիւնք ապահովել: Առանց այդպիսի արդիւնքի՝ միւս տիպի գործընթացները կարող են կա’մ, մարդկանց մէջ յուսահատութիւն առաջացնելով, մաշել շարժումը, կա’մ, տանելով արիւնալի բախումների, հասցնել զոհերի: Ինչ վերաբերում է առաջին նպատակին:
Այսօր իշխանութիւնների կողմից դրսեւորւող բանակցելու պատրաստակամութիւնը, իհարկէ, լաւ է, բայց չի կարող գոհացուցիչ լինել եւ չի յանգեցնի պարբերաբար կրկնւող յետընտրական լարւածութիւնների թուլացմանը, քանի դեռ իշխանութիւնները խուսափում են ընդունել երկրում կուտակւած խնդիրների ողջ ծաւալն ու լրջութիւնը եւ դրանց ծնող պատճառները վերացնելու անհրաժեշտութիւնը: Իսկ բոլոր ցաւերի եւ անարդարութիւնների պատճառների պատճառը, բազմիցս ասել ենք, մէկն է՝ իշխող կուսակցութեան եւ պետութեան նոյնացումը: Սրա պատճառով է, որ պետութիւնը ժողովրդին ծառայելու փոխարէն՝ ծառայում է վարչախմբին եւ նրան սպասարկող շրջանակին:
Ահա բոլոր անարդարութիւնների աղբիւրը: Եւ հէնց սա է, որ իշխանութիւնները խուսափում են ընդունել: Մեզ առաջարկում են երկխօսութիւն, բայց՝ անհասցէ եւ մակերեսային փոփոխութիւնների շուրջ: Մենք կտրականապէս դէմ ենք դրան եւ մերժել ենք այդ առաջարկը: Մենք չենք պատրաստւում ներքաշւել այնպիսի մի անպտուղ եւ ինքնանպատակ երկխօսութեան մէջ, որից օգուտ չունի հայ ժողովուրդը:
Այո, մեզ պէտք են սահմանադրական բարեփոխումներ, բայց՝ յստակ ուղղւածութեամբ, որ վերջ դնեն նախագահական այս միահեծան իշխանութեանը եւ հաստատեն կառավարման խորհրդարանական համակարգ: Այո, մեզ պէտք են ընտրական բարեփոխումներ, բայց՝ յստակ նպատակով, որ վերջ դնեն իշխանութեան վերարտադրումն անընդհատ ապահովող այս խայտառակ մեծամասնական ընտրակարգին եւ քաղաքացիական հասարակութեանն ու ընդդիմութեանը տան լուրջ գործիքներ՝ փաստելու ընտրախախտումների անհրաժեշտ ծաւալն ու անվաւեր ճանաչելու կեղծւած ընտրութիւնները:
Վերջապէս, Հայաստանում պէտք է աւանդոյթ դառնայ՝ ընդդիմութեանը տրամադրել օրէնքի ուժով իշխանութիւններին վերահսկելու եւ հակակշելու հնարաւորութիւն: Այսօր, հակառակ աւանդոյթին, զոհ ենք բոլորս, երբ իշխանութիւնները, չկաշկանդւելով եւ չվերահսկւելով՝ դառնում են անսանձ ու ամբարտաւան՝ այլասերելով իրենք իրենց ու իրենց շրջապատին:
Հետեւաբար՝ եթէ շատ հակիրճ ձեւակերպենք, նոր երկիր ու պետութիւն ունենալու Դաշնակցութեան պատկերացումը, սա է՝ նոր կառավարման համակարգում, նոր ընտրակարգով նոր խորհրդարանի ընտրութիւն՝ օրէնքով տրամադրելով ընդդիմութեանը իշխանութիւններին զսպելու կոնկրետ լիազօրութիւններ: Սա հէնց այն՝ մեր առաջարկած հանգրւանային ձեռքբերումներով ընթանալու ճանապարհն է, որն անխուսափելիօրէն կը բերի ժողովրդի իշխանութեան հաստատմանը երկրում՝ բոլոր մակարդակներով: Հէնց այսպիսի մի հանգրւան է յատկապէս մայիսի 5-ը՝ հաստատելու ընդդիմութեան իշխանութիւնը՝ Երեւան քաղաքում: Դժւար է գերագնահատել դրա նշանակութիւնը՝ թէ’ մեր այս ընդդիմադիր շարժման, եւ թէ’ յատկապէս երեւանցիների ու մեր երկրի ժողովրդավարացման համար: Մի բան է ընդդիմութեան ներուժը եւ ժողովրդային շարժումը առանց այսպիսի լծակի, բոլորովին այլ՝ ընդդիմադիր քաղաքապետ ունենալու պարագայում: Յաճախ ժողովրդավարական գործընթացները հզօր թափ են ստացել հէնց այդ ճանապարհով: Եւ պատահական չէ, որ իշխանութիւններն ամէն ինչ արել եւ անելու են, որպէսզի նսեմացնեն քաղաքական նշանակութիւնն այս ընտրութիւնների՝ դրանք ներկայացնելով որպէս զուտ տեղական նշանակութեան միջոցառում, որը կոչւած է լուծելու սոսկ թաղային կենցաղ-սպասարկման հարցեր:
Իհարկէ, յատուկ անտեսւում է այն, որ խօսքը մայրաքաղաքի մասին է, որտեղ կենտրոնացւած է երկրի գրեթէ ողջ ռեսուրսը, որ մայրաքաղաքի կառավարումը իրականացւում է այդ պատճառով յատուկ օրէնքով, որ այդ օրէնքով նախատեսւած՝ քաղաքապետի եւ աւագանու բազմաթիւ լիազօրութիւններ լիարժէք չեն իրացւում, որովհետեւ, ներկայացնելով նոյն կուսակցութիւնը, այդ սուբիեկտները ընտրւածից փաստացի վերածւում են իրենց վերադասի կողմից նշանակւածների: Սրա վկայութիւնն է, որ չորս տարւայ ընթացքում երեք քաղաքապետ են փոխել:
Ընդդիմութեան յաղթանակի դէպքում՝ նման իրավիճակ չէր կարող լինել: Ճիշտ հակառակը՝ վերջ կը դրւի իշխանութեան այս միահեծան դրւածքին: Աւելին՝ ընդդիմութիւնը հնարաւորութիւն կունենայ ցոյց տալու, թէ ինչպէս կարելի է ժողովրդի իշխանութիւնը, թէկուզեւ առանձին վերցրած մի տարածքում հաստատելով, հասնել աւելի լաւ կառավարման եւ օրինականութեան ու կարգուկանոնի հաստատման: Ահա այս պատճառով է, որ ընդդիմութիւնը, ի հեճուկս իշխանութիւնների, պէտք է կարողանայ առաւելագոյնս քաղաքականացնել այս ընտրապայքարը, որովհետեւ սա պայքար չէ աւագանիում մի քանի տեղ ունենալու համար, սա պայքար է ժողովրդին ներկայացնող ընդդիմութեան իշխանութիւնը Երեւանում հաստատելու համար: Իսկ Երեւանում ձեռքբերւած իշխանութիւնը կը դառնայ Հայաստանում ամբողջական իշխանափոխութեան համար մղւող պայքարի հզօր միջնաբերդը:
Այս վճռականութիւնն է ուզում մեր ժողովրդին հաղորդել Դաշնակցութիւնը իր կարգախօսով՝ «Երեւա՛ն, փոխի՛ր Հայաստանը»:
Սիրելի՛ ժողովուրդ, մայիսի 5-ին շատ իրական է գալ իշխանութեան՝ Երեւանում: Դրա համար մեզ պէտք է համախմբւած պայքար՝ լայն ճակատով: Եւ պայքարը չի սահմանափակւում միայն Երեւանով: Մարզերից այսօր պէտք է քաջալերեն երեւանցիներին՝ ակտիւօրէն մասնակցելու ընտրութիւններին, որովհետեւ սա յաղթանակ կը բերի նաեւ մարզերին:
Ոչ-իշխանական ուժերի համախմբումը նախընտրական դաշինքի մէջ, ցաւօք, չստացւեց: Բայց, ամէն ինչ դեռ առջեւում է, եւ ոչինչ դեռ կորած չէ: Այն, ինչ չստացւեց անել նախընտրական դաշինքով, կարելի է անել յետընտրական դաշինքի միջոցով՝ նախապէս յայտարարելով դրա մասին: Սա հնարաւորութիւն կը տայ կողմնորոշել եւ համախմբել ընդդիմադիր ընտրազանգւածը եւ էապէս փոքրացնել իշխանութեան դաշտը: Այսպիսով՝ քւէարկութիւնը Երեւանում կարելի է վերածել իշխանութեանը անվստահութիւն յայտնելու հանրաքւէի: Իսկ դա կերաշխաւորի, որ եթէ անգամ չյաջողւի ուղղակի ընտրութեամբ ընտրել ընդդիմադիր քաղաքապետին, ապա դրան հասնել անուղղակի ընտրութեամբ՝ աւագանու միջոցով: Մենք պարտաւոր ենք չկորցնել այս բացառիկ հնարաւորութիւնը:
Եկէ՛ք միասին՝ Երեւանով, փոխենք Հայաստանը:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։