Հա

Գաղափարական

18/03/2013

Արցախեան շարժման 25-րդ տարեդարձին նւիրւած քաղաքական ձեռնարկի կազմակերպման ծիրում մէկ շաբաթ տեւողութեամբ Աթենքում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլեանը:
Այդ օրերին ՀՅԴ Հայ Դատի յանձնախումբը մի իւրօրինակ ծրագիր իրագործեց, որտեղ ԼՂՀ-ի ԱԺ նախագահը առիթ ունեցաւ հանդիպումներ ունենալու յոյն կուսակցութեանց ղեկավար շրջանակների հետ՝ աթենահայութեան հետ՝ շփւելու եւ տեղի ազգային կառոյցներին ծանօթանալու:

ՀՅԴ Յունաստանի Կենտրոնական կոմիտէն հանդիպում ունեցաւ ԼՂՀ-ի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլեանի հետ, մարտի 5-ի երեկոյեան, իր նստավայրում:
Հանդիպման ընթացքում քննարկւեց ԼՂՀ-ի ԱԺ-ի նախագահի եւ յոյն քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումների արդիւնքը եւ համապատասխան գնահատականներ տրւեցին:
Զրոյց ծաւալեց Արցախ-Սփիւռք փոխյարաբերութիւնների, Արցախի հասարակա-տնտեսական իրավիճակի, երկրի զարգացմանը նպաստող հետագայ ծրագրերի եւ հարցերի շուրջ, որտեղ ՀՅԴ Կենտրոնական կոմիտէն հաւաստիացրեց ջանքերը բազմապատկելու տրամադրւածութեան մասին:
Զրոյցի նիւթ դարձան ադրբեջանական ռազմատենչ քաղաքականութեան վերաբերող ու Արցախի հիմնախնդրին առնչւող հարցեր:
Աշոտ Ղուլեանը կարեւոր համարեց Հայրենիք-Սփիւռք յարաբերութեան ամրապնդման անհրաժեշտութիւնը՝ այն համարելով հայ ժողովրդի եւ նրա պետականութեան առջեւ ծառացած խնդիրները լուծելու ամենաարդիւնաւէտ միջոցներից մէկը:
Արցախի Ազգային ժողովի նախագահն ընդհանրապէս գնահատեց յունահայութեան մասնակցութիւնը ՀՕՄ-ի ու «Հայաստան» Համահայկական հիմնադրամի դերակատարութեանց ընդմիջից Արցախում իրագործւող կենսական գործունէութեան կապակցութեամբ:
Իր հերթին, ՀՅԴ Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Գէորգ Գոլանեանը ներկայացրեց տեղի միութենական կառոյցները եւ դրանց ծաւալած գործունէութեան դաշտը: Խօսք եղաւ Արցախի Հանրապետութեան հետ հետագայ ծրագրերի ու համագործակցութիւնների ընդլայնման կարեւորութեան մասին:

ՀՅԴ Յունաստանի
Կենտրոնական կոմիտէ

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։