Հա

Գաղափարական

11/03/2013

altՀարցազրոյց՝ ՀՅԴ Բիւրոյի անդամ ճրտգ. Վիգէն Բաղումեանի հետ

Հ.- Պրն. Բաղումեան, հետաքրքիր է լսել Ձեր վերլուծութիւնը Հայաստանում նախագահական նախընտրական եւ ընտրական փուլերի իրադարձութիւնների մասին, որոնք ի վերջոյ յանգեցրին այսօրւայ իրավիճակին:
Պ.- Դուք յիշում էք նախընտրական ժամանակահատւածը, որի վերջաւորութեան, երբ ընդդիմադիր գլխաւոր չորս կուսակցութիւններից երեքը՝ ՀՅԴ, ՀԱԿ, Բարգաւաճ Հայաստան (ԲՀԿ), յայտարարեցին թեկնածու չառաջադրելու իրենց որոշման մասին. դա բխում էր այն իրականութիւնից, որ վերջին խորհրդարանական խայտառակ ընտրութիւններից յետոյ ոչ մի լուրջ բարեփոխութիւն չէր նկատւել իշխանական ճամբարում՝ կապւած արդար ընտրութիւններ անցկացնելու հանրային պահանջին: Բոլոր նախանշանները վկայում էին այն մասին, որ իշխանութիւնները այս անգամ եւս ի գործ են դնելու իրենց հասանելի բոլոր վարչական ու տնտեսական հնարաւորութիւնները՝ արդիւնքները կեղծելու համար:

Ընդդիմադիր չորրորդ կուսակցութիւնը՝ «Ժառանգութիւն»-ը, այնուամենայնիւ, որոշեց մասնակցել իր թեկնածուով, որը այսպիսով միակ լուրջ ընդդիմադիր թեկնածուն էր՝ գործող նախագահի դիմաց: Պէտք է ասել, որ երեք գլխաւոր կուսակցութիւնների բացակայութեան պայմաններում իշխանական ճամբարը համոզւած էր իր հեշտ, ամբողջական եւ բացարձակ յաղթանակի վրայ: Սակայն, արդիւնքները նրանց անակնկալ մատուցեցին: Ընտրութիւնների վերջին ժամերին իշխանական թեւը դիմեց այլանդակ քայլերի՝ կեղծիքներով կացութիւնը փրկելու եւ առաջին փուլով նախագահին վերընտրելու նպատակով, ինչն էլ խթան հանդիսացաւ այսօրւայ պայքարի սկզբնաւորման:

Հ.- Ինչպէ՞ս էք գնահատում Րաֆֆի Յովհաննիսեանի յետընտրական պայքարը, որը իրականացւում է Սահմանադրութեան եւ ոչ-օրինախախտման պայմաններում:
Պ.- Մինչեւ այսօր ընդդիմադիր ճամբարի յետընտրական պայքարը՝ ընդդէմ անարդար ընտրութիւնների, ընթացել է օրէնքի սահմաններում: Ճիշտ է, ընդդիմախօսների եւ դժգոհների շարքերում կան նաեւ ծայրայեղ տրամադրութիւններ դրսեւորող տարրեր, որոնք այլեւս չեն հաւատում, որ ժողովրդական խաղաղ ու օրինաւոր պայքարի ճամբով կարելի է հասնել իշխանափոխութեան: Բայց, բարեբախտաբար, այսպիսիները չնչին տոկոս են կազմում եւ վճռորոշ դեր չունեն շարժման ղեկավարման մէջ: Յատկապէս որ՝ թէ՛ Րաֆֆի Յովհաննիսեանն ու իր ղեկավարած «Ժառանգութիւն» կուսակցութիւնը, եւ թէ՛ ՀՅԴ-ն դէմ են երկիրն ապակայունացնող իւրաքանչիւր քայլին:

Հ.- Որպէս ՀՅԴ Բիւրոյի անդամ՝ կը խնդրէինք լուսաբանէիք, թէ ՀՅԴ-ն որքանով է սատարում Րաֆֆի Յովհաննիսեանի համաժողովրդական այս պայքարին:
Պ.- ՀՅԴ-ն սատարում է Րաֆֆի Յովհաննիսեանին եւ բոլոր նրանց, ովքեր փորձում են բարեփոխութիւններ մտցնել երկրի կեանքում:
Հայաստանում օդի պէս անհրաժեշտ են արդարութեան հաստատմանն ուղղւած բոլոր փոփոխութիւնները՝ քաղաքական, տնտեսական եւ իրաւական բնագաւառներում: Այլապէս՝ մենք կը կորցնենք հզօր, ար-դար եւ ազատ հայրենիք կերտելու այս բացառիկ, գուցէ եւ վերջին պատմական առիթը: Սակայն, մեր կողմից դրւած է պայման, որից այն կողմ անցնել մենք մեզ թոյլ չենք տայ:
altԱնհրաժեշտ է շարժումը զերծ պահել ծայրայեղական ամբոխավարական միտումներից, որը կարճ ժամանակում ակամայ այն կը տանի դէպի հակաօրինական դաշտ, իսկ սրա աւարտը բոլորիս յայտնի է՝ կորուստներ՝ բոլոր առումներով: Հետեւաբար՝ մեր նպատակն է շարժումը կազմակերպել ու ընդլայնել եւ հանգրւանային յաջողութիւններով այն հունաւորել դէպի ժողովրդավարական լիակատար իշխանութիւն՝ հասնելով իրական իշխանափոխութեան: Ոչ թէ սոսկ մի քանի դէմքեր փոխել ուրիշներով, որի ապարդիւն փորձը արդէն քանի անգամ ունեցել ենք: Հետեւաբար՝ մենք ոչ միայն սատարում ենք թեկնածուի անձը, այլեւ՝ համաժողովրդական պայքարը:

Հ.- Ճիշտ է, այս շարժումը քաղաքակիրթ դրսեւորումների ծիրում է ծաւալւում եւ շեշտում են, թէ սա երկարատեւ պայքար է լինելու, բայց արդեօք դա նշանակո՞ւմ է, որ պէտք է հետագայ գործընթացները միանշանակ ուղղորդւեն իշխանութիւնների քմահաճոյքով ու խաղի օրէնքներով...
Պ.- Ինչպէս արդէն շեշտեցի, մենք ամբողջապէս թիկունք ենք կանգնում այս շարժմանը, բայց դէմ ենք լինելու այն բոլոր քայլերին, որոնք կարող են երկիրն ապակայունացնել, արտաքին թշնամիների համար շահագործման առիթներ ստեղծել կամ արտաքին ուժերի միջամտութիւնը հրաւիրել: Սա մեր ներքին խնդիրն է եւ բացառապէս մեր ուժերով պէտք է լուծում ստանայ:

Հարցազրոյցը վարեց
ԱՐՄԻՆԷ ԷԼԻԱԶԵԱՆԸ

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։