Հա

Գաղափարական

05/03/2013 - 11:18

Փետրւարի 26-ին, ՀՅԴ Հայ Դատի յանձնախումբը նախնական պայմանաւորւածութեան համաձայն, հանդիպեց Հոլանդիայի խորհրդարանի Արտաքին գործերի մշտական յանձնաժողովի անդամների հետ եւ նրանց փոխանցեց Հայ Դատի յանձնախմբի պահանջագիրը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերեալ: Առիթն էր հանդիսացել սումգայիթեան ջարդերի 25-ամեակը: Հանդիպմանը ներկայացան՝ յանձնաժողովի նախագահ Անժելին Էյսինքը եւ անդամներ՝ Հարի Ֆան Բոմէլը, Ջոէլ Ֆորդեւինդը, Շուրդ Շուրդսման, Դեսիրէյ Բոնիսը եւ ուրիշներ:

Հայ Դատի յանձնախմբից պահանջագիրը յանձնեցին՝ Մասիս Աբրահամեանը եւ Ադրինէ Մարգարեանը: Բացատրութիւններ տրւեցին սումգայիթեան ջարդերի եւ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականութեան վերաբերեալ: Այս ջարդերով պայմանաւորւեց Ղարաբաղեան հակամարտութեան արիւնալի ընթացքը եւ Ադրբեջանը դարձաւ բռնութեան նախաձեռնողը, այնինչ այսօր իրեն ներկայացնում է զոհի դերում:
Յանձնաժողովի անդամներից խնդրւեց մեծ ուշադրութիւն դարձնել Ադրբեջան բռնապետութեան գործողութիւններին՝ սեփական երկրում (Աքրամ Այլիսլիի հալածանքները) եւ արտաքին աշխարհում (Սաֆարովի արտայանձնում եւ Հէյդար Ալիեւի արձանի տեղադրում՝ Մեքսիկոյում): Ներկայացւեց, որ այս փաստերը խօսուն կերպով ցոյց են տալիս Ադրբեջան պետութեան իսկական էութիւնը եւ եւրոպական պետութիւնները եւ մասնաւորապէս Հոլանդիան չպէտք է ամէն անգամ հաւասարութեան սկզբունքը կիրառեն եւ հակամարտութեան մէկ կողմին չնեղացնելու համար խուսափեն ճշմարտութիւնից:
Յանձնաժողովի նախագահը խոստացաւ պահանջագիրը փոխանցել յանձնաժողովի բոլոր անդամներին եւ շնորհակալութիւն յայտնեց Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեան համար: Առանձին պարզաբանումներ տրւեցին նաեւ յանձնաժողովի միւս անդամներին: Մասիս Աբրահամեանը նոյնպէս շնորհակալութիւն յայտնեց յանձնաժողովի նախագահին ու անդամներին եւ յոյս յայտնեց, որ ներկայացւած պահանջագրի կէտերը լինեն Հոլանդիայի խորհրդարանի եւ կառավարութեան ուշադրութեան կենտրոնում:
Փետրւարի 27-ին Հայ Դատի յանձնախումբը կազմակերպել էր ցոյց՝ Ադրբեջանի դեսպանութեան առջեւ՝ ընդդէմ Ադրբեջանի ռազմատենչութեան եւ յանուն սումգայիթեան ջարդերի 25-ամեակի, որին անմեղօրէն զոհ գնացին Ղարաբաղեան հակամարտութեան առաջին հայ խաղաղ բնակիչները:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։