Հա

Գաղափարական

04/03/2013 - 11:32

alt«yerkir.am» - Արտառոց դէպք է տեղի ունեցել Ֆրանսիայի խորհրդարանում Սումգայիթի սպանդի 25-ամեակին նւիրւած ՀՅԴ Հայ Դատի Ֆրանսիայի գրասենեակի կազմակերպած միջոցառման ժամանակ: «yerkir.am»-ը այս դէպքի առթիւ զրուցեց ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանի հետ: Նա յայտնել է, որ ադրբեջանցիների մի զոյգ՝ տղայ եւ աղջիկ, ովքեր բնակւում են Ֆրանսիայում, ինչ-ինչ ճանապարհներով մուտք են գործել այն դահլիճը, որտեղ կայացել է միջոցառումը եւ փորձել սադրել միջոցառման մասնակիցներին:

Մասնաւորապէս, երբ միջոցառման հաղորդավարուհին ներկաներին խնդրել է մէկ րոպէ լռութեամբ յարգել Սումգայիթի զոհերի յիշատակը, ադրբեջանցիները ոտքի չեն կանգնել ու յայտարարել են, որ կը յարգեն միայն Խոջալուի զոհերի յիշատակը: ՀՅԴ Հայ Դատի Ֆրանսիայի գրասենեակի պատասխանատու Հրաչեայ Վարժապետեանը մօտեցել է նրանց ու ասել, որ եթէ պէտք է խանգարեն, ապա թող դուրս գան դահլիճից, ինչին ի պատասխան՝ տղան Հրաչեայ Վարժապետեանին խփելու փորձ է արել, մասնակիցներից մի քանի հոգի պատասխանել են նրան, ինչից յետոյ քաշքշուկին միջամտել է ոստիկանութիւնը:
Դրանից արդէն 5 րոպէ անց Ադրբեջանի դեսպանն է այցելել Ֆրանսիայի խորհրդարան, եւ այնտեղ են եղել նաեւ ադրբեջանական լրատւամիջոցների ներկայացուցիչներ:
«Ադրբեջանի դեսպանի եւ լրագրողների շատ շուտ՝ բառիս բուն իմաստով 5 րոպէ անց, տեղ հասնելը վկայում է այն մասին, որ սա նախապէս ծրագրւած քայլ է եղել: Այժմ Փարիզի գրասենեակը դատ է բացել այդ երկու ադրբեջանցիների դէմ, իսկ ադրբեջանցիներն էլ իրենց հերթին են դատ յարուցել ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբի դէմ: Եւ ինչքանով որ տեղեակ եմ՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունն էլ դիմել է Ֆրանսիայի արտգործնախարարութիւն, բայց բողոքել է նաեւ ադրբեջանական դեսպանատունը»,- «yerkir.am»-ին տեղեկացրեց Կիրօ Մանոյեանը:
Նա ասաց նաեւ, թէ ոստիկանութիւնը, կարծես, հաստատւած է համարել փաստը, որ այս միջադէպը նախապէս ծրագրաւորւած սադրանք է եղել Ադրբեջանի դեսպանութեան կողմից, թէեւ այս դէպքում Ադրբեջանի դեսպանութիւնը դիւանագիտական անձեռնմխելիութիւն ունի, եւ հէնց դրա համար էլ դատական հայցը ներկայացւել է խառնակիչ անհատների դէմ, ովքեր ֆրանսիա-ադրբեջանական կազմակերպութիւններ են ներկայացնում: Կ. Մանոյեանը յայտնեց, որ դեռեւս պարզ չէ նաեւ, թէ ինչպէս են ադրբեջանցիները յաջողեցրել մուտք գործել խորհրդարանի շէնք, քանի որ նրանց անունները չի եղել հիւրերի ցուցակում եւ նրանք նոյնիսկ հրաւիրւած էլ չեն եղել՝ մասնակցելու միջոցառմանը:
«Թէ ինչ հետագայ քայլեր կը լինեն՝ իրադարձութիւններին հետեւենք ու կը տեսնենք, բայց կարեւորն այն է, որ Սումգայիթի սպանդի 25-ամեակին նւիրւած միջոցառումը շարունակւել է»,- ասաց Կիրօ Մանոյեանը:
Մեր զրուցակիցը պատմեց նաեւ, որ միայն մի քանի ադրբեջանամէտ խորհրդարանականներ հայկական կողմին են փորձել մեղադրել միջադէպի համար, սակայն բոլորն էլ դէմ են, որ նման բաներ լինեն, այն էլ՝ խորհրդարանի շէնքում:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։