Հա

Գաղափարական

Կիրակի, 08 Սեպտեմբերի 2013 11:30

Թերաճ իրականութիւն

Վերջին տասնամեակներում թէ՛ Եւրոպայի, եւ թէ՛ Երրորդ աշխարհի երկրներում թափ առած ընկերվարական շարժումներն ու նրանց արձանագրած ժամանակաւոր յաղթանակները մտածել են տալիս, որ արդեօք միջազգային քաղաքականութիւնը նո՞ր փուլի է մօտենում, եւ թէ արդեօք իրապէս հասե՞լ է դրամատիրութեան անկման դարաշրջանը թէ՝ ոչ: Եւրոպայում կատարւածը թւում է լինել, պարզապէս, քաղաքական աթոռախաղ:

ՊԵՐՃ Թ.

Վերջին տասնամեակներում թէ՛ Եւրոպայի, եւ թէ՛ Երրորդ աշխարհի երկրներում թափ առած ընկերվարական շարժումներն ու նրանց արձանագրած ժամանակաւոր յաղթանակները մտածել են տալիս, որ արդեօք միջազգային քաղաքականութիւնը նո՞ր փուլի է մօտենում, եւ թէ արդեօք իրապէս հասե՞լ է դրամատիրութեան անկման դարաշրջանը թէ՝ ոչ:
Եւրոպայում կատարւածը թւում է լինել, պարզապէս, քաղաքական աթոռախաղ: Վերջին հարիւրամեակում, երբ Եւրոպայում սանձարձակօրէն տարածւեց դրամատիրական տնտեսական ու գաղափարական համակարգը, ընկերվարական կուսակցութիւնները է՛լ աւելի դարձան պատեհապաշտ ու հաշտւողական, քան՝ յեղափոխական՝ փորձելով քաղքենիութեան հիմնադրած կառոյցներում խորհրդարանական ու երբեմն էլ նախագահական ընտրութիւններում բաժին ստանալ, պատեհապաշտութիւնը հիմք ունենալով՝ որպէս գործելաոճ եւ այն պարտադրելով աշխատաւոր դասակարգին: Եւ հակառակ նրանց մինչ օրս արձանագրած յաղթանակների՝ թէ՛ նախագահական, եւ թէ՛ խորհրդարանական ընտրութիւններում, նրանք մնացին ծառայ տեղական կամ միջազգային դրամատիրութեան: Այսօր նաեւ հերթական ձեւով յաղթանակ արձանագրած պետական ընկերվարական կուսակցութիւնները անկարող են տնտեսական ու քաղաքական ազատութեան յոյս ներշնչել աշխատաւոր դասակարգին:
Ինչ վերաբերում է Երրորդ աշխարհի ձախակողմեան կուսակցութիւններին եւ դրամատիրական համակարգերին, մէկ խօսքով՝ Երրորդ աշխարհի դասակարգային պայքարին, որը թւում է լինել հիմնական գործելադաշտ (հակառակ արտաքին քաղաքական ներթափանցումներին ու դրանց քաղաքական ու տնտեսական միջամտութիւններին), հարկ է նշել մի քանի կարեւոր խնդիրներ՝ նւազագոյն ձեւով ընկալելու եւ հասկանալու մեր երկրում համեստօրէն թափ առած դասակարգային պայքարը, դրա հետեւանքները եւ ճիշտ գնահատելու մեր կարողութիւններն ու այդ գործի ատակ մարդկանց:

 

Ա - Երրորդ աշխարհի դրամատիրութիւնը պարտադրւած համակարգ է եւ ոչ՝ բնականօրէն զարգացած

Եւրոպայի ճարտարարւեստական յեղափոխութեան ժամանակաշրջանում արտադրողական համակարգի զարգացման հրամայականով ծնունդ առած քաղքենիութիւնը օրւայ ազնւականներին ու հողատէրերին յաղթելու նպատակով՝ որդեգրեց նոր գաղափարախօսութիւն՝ ազատականութիւնը՝ ողնածուծը այսօրւայ դրամատիրութեան: Այդ ժամանակաշրջանում սուր պայքար էր մղւում աւանդական դասակարգի, որը նաեւ իշխող դասակարգն էր, եւ նոր արդիական դասակարգի միջեւ: Նոր դասակարգը (քաղքենիութիւնը) խոստանում էր պարգեւել մարդկային իրաւունքներ, քւէի իրաւունք, խօսքի, գրչի եւ, վերջապէս, գործի ազատութիւն: Այդ օրերում քաղքենիութիւնը համարւում էր առաջադէմ եւ առաջատար դասակարգ, որ իր դասակարգային շահերը պաշտպանելու նպատակով՝ դիմեց այդ քայլին եւ ապագայում թեւակոխելով կայսերապաշտութեան դարաշրջանը՝ դարձաւ ամբողջատէր: Մէկ խօսքով՝ Եւրոպայում զարգացած քաղքենիութիւնը իր պատմական փորձառութիւնից ու աւանդութիւնից ելնելով յարգում է հասարակական, քաղաքական ու տնտեսական սկզբնական ազատութիւնները մինչեւ այն ժամանակ, որ այդ ազատութիւնները չեն սպառնում իր դասակարգային շահերին ու գոյութեան:
Սակայն, Երրորդ աշխարհի դրամատիրական համակարգը ոչ միայն չի ունեցել անցեալ, այլ հիմնադրւել կամ աւելի ճիշտ՝ պարտադրւել է միջազգային քաղքենիութեան միջոցով դրանք դարձնելով սպառողական շուկայ՝ է՛լ աւելի կեղեքելու նպատակով: Քանի որ վերոյիշեալ պետութիւնների դրամատիրական համակարգը բնականօրէն չի զարգացել, հակառակ Եւրոպայի օրինակին, ուրեմն՝ նաեւ չունի խօսքի ու գրչի, մարդկային իրաւունքների ու առհասարակ սկզբնական ազատութեան համար պայքարի աւանդութիւն, եւ՝ սովորաբար իրաւունքների համար պայքարող անհատներ եւ կուսակցութիւններ հանդուրժելու տարողութիւն: Նաեւ, քանի որ նմանօրինակ քաղքենիութիւնը ստեղծւել է հրամայական կարգավիճակով եւ զուրկ է արտադրողական միջոցներից ու ստեղծում է միայն սպառողական նախնական իրեր, Երրորդ աշխարհի թերաճ դրամատիրութիւնը երբեք չի կրել լայնատարած զարգացում՝ տեւաբար կախւած լինելով միջազգային դրամատիրութիւնից, եւ սահմանափակ առաջխաղացքից յետոյ ինքն իրեն մատնում է տնտեսական զանազան տագնապների:

 

Բ - Դրամատիրական համակարգի բարեկարգութիւնը հնարաւոր չի թւում

Մինչ թերաճ քաղքենիութիւնը չունենալով պայքարի աւանդութիւն՝ դժւարօրէն է ընդունում բարեկարգման գաղափարը, զարգացած դրամատիրութիւնը ընդհանրապէս բոլոր հասարակական ու քաղաքական շարժումների աշխատանքը հանդուրժում է, երբ վերջինս մնում է հասարակական եւ սովորական իրաւունքների սահմաններում: Իսկ երբ հարցը վերաբերում է արմատական փոփոխութիւնների, դասակարգային յեղափոխութեան, հարստութեան արդար բաժանման, արդարադատները հանդիպում են իշխող համակարգի խիստ հակահարւածին, քանի որ դա ուղղակիօրէն սպառնում է դրամատէրերի շահերին ու գոյութեան:
Այս հակադրութիւնից ելնելով՝ կարելի է ասել, թէ մարդը մարդուն շահագործելու համակարգն ու դասակարգային խտրականութիւնը ոչնչացնելու համար՝ հարկաւոր են յեղափոխութիւններ, եւ այդ հարցի լուծումը չի կայանում դասակարգային հաշտութեան մէջ, երբ երկուսը ամբողջութեամբ հակադրւում են իրար:

 

Գ - Պետականացման վտանգներ

Հասարակական արդար համակարգ ստեղծելու դասական եւ անմիջական ձեւ է համարւել տնտեսական արդիւնաբեր կենտրոնների եւ ընկերութիւնների պետականացումը՝ դուրս գալու համար մենաշնորհութեան երեւոյթից: Դա կարելի է համարել միջազգային դրամատիրութեան դէմ պայքարի առաջին փուլ: Բայց, արդեօք նմանօրինակ պետականացումներ առանցքային դեր ունե՞ն ընկերվարական գործընթացում: Ընկերվարական յեղափոխութեան սկզբնական շրջանի ընթացքում գերտէրութիւնների դրամատիրութեան յաղթելու նպատակով կարեւոր դեր ունի տեղական արդիւնաբերական ու առհասարակ արտադրողական համակարգի պետականացումը, բայց ուշադիր լինելով այն իրողութեան, որ հնարաւոր չէ կանգ առնել այդ փուլում եւ պէտք է փորձել իրականացնել այն՝ արտադրողական միջոցների համայնացում: Ինչո՞ւ: Որովհետեւ մինչեւ տեղական արդիւնաբերական միջոցների ազգայնացումը՝ ընկերվարականներին զուգահեռ, եւ անգամ՝ աւելի աշխոյժ, կաշխատի տեղական քաղքենիութիւնը, ազգային պիտակներով, իրականութեան մէջ յանուն իր դասակարգային շահերի: Նեցուկ կանգնելով այս գործընթացին՝ տեղական դրամատիրական համակարգը կառավարութեան թաթի տակ խտացնելով նիւթական բոլոր աղբիւրները եւ իր տրամադրութեան տակ ունենալով բոլոր քարոզչական միջոցները՝ հնարաւորութիւն կունենայ աւելի ամրապնդել իր մենաշնորհները՝ բոլորովին անկախ լինելով միջազգային դրամատիրութիւնից:

 

Դ - Ընկերվարութիւնը ոչ միայն բարոյական արժէք է, այլեւ՝ տնտեսական ու քաղաքական լուրջ համակարգ եւ գիտութիւն

Ընկերվարութեան սխալ մեկնաբանութիւնը (գիտակցաբար թէ անգիտակցաբար) յաճախ հայեացքները շեղում է գիտական ընկերվարութիւնից՝ փորձելով համոզել, որ իրական ընկերվարութիւնը միայն հասարակական արդարութեան, հաւասարութեան ու մարդկային իրաւունքների պաշտպան շարժում է եւ ոչ՝ տնտեսական ու քաղաքական գիտութիւն, որի նպատակը դրամատիրական կարգերի, դասակարգերի ու սեփականատիրութեան ոչնչացումն է՝ յանուն հասարակութեան:
Վերջապէս, չպէտք է թերագնահատել ձախակողմեան շարժումները, սակայն պէտք է միշտ յիշեցնել պատմութեան փորձերը, որոնք իրականացան Խորհրդային Միութեան օրերում, ինչպէս նաեւ՝ Եւրոպայի տարբեր երկրներում՝ զգուշանալով պատեհապաշտութիւնից, բարեկարգչութիւնից եւ, ինչու չէ, ֆաշականութիւնից:
Գիտական ընկերվարական յեղափոխութիւնը ոչ թէ զանգւածների ինքնաբուխ ըմբոստութիւնն ու ապստամբութիւնն է, այլ՝ գիտակից եւ ծրագրւած յեղափոխութիւն, որը նպատակ ունի ոչնչացնել մարդը մարդուն շահագործելու ներկայ դրամատիրական դասակարգային համակարգը:

 

Կարճ եզրափակութիւն

Չխաբւենք իւրաքանչիւր ծածանւող կարմիր դրօշից, լինեն դրանք կանաչ, նարնջագոյն թէ գունաւոր: Դասակարգային պայքարն ու ընկերվարութիւնը վերածւել են ծաղրանկարների:
Լաւապէս ըմբռնենք դրանց արժէքներն ու գիտական ընթացքը՝ չդառնալու համար քաղքենիութեան լարած թակարդների զոհը:
Դժբախտաբար, պատմութիւնը լի է ձախող, քան՝ յաջող փորձերով:

«Ազդակ»
(Արեւելահայերէնի վերածւած)

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։