Հա

Գաղափարական

23/02/2013

Պայքարը շարունակւելու է մինչեւ յաղթանակ

«news.am» - Ես այլեւս ասելիք չունեմ Հայաստանի իշխանութիւններին: Այդ մասին փետրւարի 22-ին Ազատութեան հրապարակում կայացած բազմահազարանոց հանրահաւաքում յայտարարել է «Ժառանգութիւն» կուսակցութեան նախագահ, նախագահի թեկնածու Րաֆֆի Յովհաննիսեանը:
Անդրադառնալով Սերժ Սարգսեանի հետ հանդիպմանը, թէ ինչու նա գնաց հանդիպման եւ ոչ թէ Սերժ Սարգսեանը եկաւ, ասաց. «Որովհետեւ ես բարդոյթ չունեմ: Ես իրեն ասացի՝ ճանաչէք ժողովրդի յաղթանակը, պատասխանը՝ ոչ: Ասացի՝ նոր ընտրութիւն՝ Հայաստանի ապագայի համար, պատասխանը՝ ոչ:

Ուրեմն՝ վերջին խօսքը՝ պատժէք առաջին հերթին բոլոր ընտրակեղծարարներին՝ մարզպետ, քաղաքապետ, զինւորին, որ բերեցին կրկնակի քւէարկութեան: Ի՞նչն է պատասխանը ձեր կարծիքով՝ ոչ: Ես այլեւս ասելիք չունեմ»:
«Երբ իմ բոլոր առաջարկներին հնչեց բացասական պատասխան, ինձ մնում է միայն այստեղ ձեզ ասել, որ մենք շարունակելու ենք պայքարը՝ մինչեւ յաղթանակ»,- նշեց Ր. Յովհաննիսեանը:

alt

Կիրակի, ժամը 15-ին, Ազատութեան հրապարակում Րաֆֆի Յովհաննիսեանը մեծ հանրահաւաք է գումարելու՝ մարզերից ժամանած կողմնակիցների մասնակցութեամբ: Նա դիմել է Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանին՝ պահանջելով ի գիտութիւն ընդունել հանրահաւաքի մասին իրազեկումը:
Երէկ կայացած հանրահաւաքից յետոյ՝ մի քանի հազար ցուցարարներ երթով շրջեցին Երեւանի կենտրոնով, մասնաւորապէս Հիւսիսային պողոտայ - Հանրապետութեան հրապարակ - Ամիրեան փողոց - Մաշտոցի պողոտայ երթուղով: Դրանից յետոյ՝ երթի մասնակիցները վերադարձան Ազատութեան հրապարակ, որտեղ էլ հայրենասիրական երգերի կատարումով աւարտւեց զանգւածային միջոցառումը:

 

Ռուբէն Հախվերդեան.- «Ժողովուրդը չդիմացաւ այս անբարոյականութեանը եւ «մեղմ ֆաշիզմին»»

alt«yerkir.am» - Փետրւարի 22-ին Ազատութեան հրապարակում կայացած հանրահաւաքի ընթացքում լրագրողները երգիչ, երգահան Ռուբէն Հախվերդեանին հարցրեցին, թէ ինչ ակնկալիքներ ունի այս անգամ: Նա պատասխանեց. «Ես, ճիշտն ասած, կուզէի, որ այդ հարցն ուղղէիք Սերժ Սարգսեանին»: Հախվերդեանի կարծիքով՝ այս օրերին սկիզբ առած շարժումը նման է ձնագնդի, եւ որքան իշխանութիւնները փորձեն ճնշում գործադրել ժողովրդի վրայ, այնքան գնալով մեծանալու է այդ ձնագունդը՝ նրանց դէմ է աշխատելու: «Ես այդ առումով ակնկալիքներ ունեմ, որ նրանք ինչքան ջղայնացնեն ժողովրդին, այնքան իրենց համար վատ կը լինի»,- ասաց երգահանը:
Հախվերդեանը ասաց. «Մենք դիմացանք ցուրտ ու մութ գիշերներին, եւ այդքան արտագաղթ չկար, մենք դիմացանք այդ ընչազրկութեանը, այս փողերի հետ մանիպուլիացիաներին, բայց ժողովուրդը չդիմացաւ այս անբարոյականութեանը եւ, եթէ կարելի է այսպէս արտայայտւել՝ «մեղմ ֆաշիզմին»»: Ռուբէն Հախվերդեանի համոզմամբ՝ Րաֆֆի Յովհաննիսեանը պէտք է գնայ առաջ, ու թէեւ ինքը նրան այդքան էլ լաւ չի ճանաչում, բայց համոզւած է, որ ժողովուրդը պէտք է ազատւի այս իշխանաւորներից:

 

Հանրահաւաքներ մարզերում

alt«yerkirmedia.am» - Փետրւարի 22-ին կայացած հանրահաւաքում Րաֆֆի Յովհաննիսեանը տեղեկացրեց, որ պատրաստւում են յաղթանակը տանել «յաղթանակների բոլոր քաղաքներ եւ գիւղեր», որտեղ ինքն առաւելագոյն քւէ է ստացել:
Այսպիսով՝ այսօր, փետրւարի 23-ին, ժամը 12.00-ին, հաւաք կանցկացւի Աշտարակ քաղաքում, 14:30-ին՝ Վանաձորում, 17:00-ին՝ Գիւմրիում:
Բոլոր հանրահաւաքներին մասնակցելու են Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ներկայացուցիչները:
Ի դէպ, արդէն յայտնի է, որ Շիրակի մարզում Րաֆֆի Յովհաննիսեանի տարած յաղթանակից յետոյ, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրեանը վարչապետ Տիգրան Սարգսեանին դիմում է ներկայացրել զբաղեցրած պաշտօնից ազատւելու վերաբերեալ:
Այս մասին տեղեկացնում է կառավարութեան Մամուլի ծառայութիւնը:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։