Հա

Գաղափարական

21/02/2013

altՅարգելի՛ քաղաքացիներ,
Հետեւելով ՀՀ նախագահի ընտրութեան օրւայ ընթացքին, տեղամասերում քւէարկութեան ամփոփմանը, վերլուծելով ստացւած տեղեկատւութիւնը եւ ԿԸՅ-ի յայտարարած նախնական արդիւնքները՝ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը ներկայացնում է իր գնահատականները: Հայաստանի քաղաքացիները փետրւարի 18-ին ապացուցեցին, որ իրենց համբերութիւնը սահման ունի, որ իրենք շատ աւելի լաւ կեանքի եւ իշխանութեան են արժանի, որ անհնար է մարդկանց մէջ մեռցնել արդարութեան, ազատութեան ձգտումը:

Ժողովրդի ընդվզումը երկրում առկայ քաղաքական, սոցիալական, տնտեսական իրական վիճակի եւ բարոյական մթնոլորտի պատասխանն էր: Պատասխանն էր իշխանութեան եւ նրա վերեւից ներքեւ ներկայացուցիչների ինքնագոհ այն պահւածքի, թէ իրենք հասարակութեան բացարձակ մեծամասնութեան վստահութիւնն ու աջակցութիւնն ունեն: Ակնյայտ դարձաւ, որ ժողովրդի գերակշիռ մասը գործող համակարգը չի ընդունում:
Խորհրդարանական ընտրութիւններին իշխանութեան կիրառած վարչական-ֆինանսական անսահմանափակ ռեսուրսին այս անգամ շատ տեղամասերում գումարւեցին նաեւ համակարգւած խախտումները՝ ձայների հաշւարկման ժամանակ: Խոստացւած ամենալաւ ընտրութիւնները հերթական շատ վատն էին: Արդիւնքների ամփոփումն ապացուցեց մեր այն համոզումը, որ ընտրութիւնները կանխորոշւած են, միջազգային դիտորդների գնահատականը՝ կանխատեսելի:
Յարգելի՛ քաղաքացիներ, ստեղծւած յետընտրական իրավիճակը, հնարաւոր զարգացումները հսկայական պատասխանատւութիւն եւ դժւար որոշումներ են պարտադրում ե՛ւ գործող իշխանութեանը, ե՛ւ հիմնական մրցակից թեկնածուին, ե՛ւ ընդդիմադիր ուժերին, ե՛ւ հասարակութեան ակտիւ հատւածին: Փետրւարի 18-ին մեր ժողովրդի դրսեւորած կամքը չպէտք է ոտնահարւի: Հ. Յ. Դաշնակցութիւնը ժողովրդի կողքին է, համատեղ ուժերով լուծումներ գտնելու կողմնակից: Մենք պարտաւոր ենք գիտակցել պահի լրջութիւնը եւ ելքեր որոնել: Սա ծանր, բայց անխուսափելի աշխատանք է, որ պարտաւոր ենք անել միասին: Մենք պարտաւոր ենք արժանի լինել մեր ժողովրդին: Միայն այս ճանապարհով, միայն յստակ ձեւակերպւած քաղաքական օրակարգով է հնարաւոր երկիրը տեղապտոյտից ու նահանջից փոխադրել կայուն զարգացման հուն եւ մեր քաղաքացիների համար անվտանգ, արժանապատիւ ապագայ երաշխաւորել:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին
20.02.2013 թ.

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։