Հա

Գաղափարական

21/02/2013

altԼրատւական ցանց - «Ազատութիւն» ռադիոկայանի հետ ունեցած հարցազրոյցի ընթացքում ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի փոխներկայացուցիչ Աղւան Վարդանեանն անդրադարձաւ անցեալ ուրբաթ օրը ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի կողմից ընտրողներին ուղղւած կոչին:
Պատասխանելով այն հարցին, թէ «Երբ կոչի մէջ նշել էք, որ ընտրութիւնների ելքը կանխորոշւած է, կարծում էք, որ առաջիկայ ընտրութիւնները կը կեղծւե՞ն», Ա. Վարդանեանն ասաց. «Վերջին 15-20 տարիների ընթացքում ընտրութիւնների մեխանիզմն այնպէս է կատարելագործւել, որ ակնյայտօրէն ընտրութիւնների արդիւնքների վրայ հսկայական դեր են ունենում իշխանական, պետական, վարչական եւ նիւթական միջոցները: Խորհրդարանական ընտրութիւնները դրա փայլուն կատարելագործւած ապացոյցն են:

«Մենք տեսել ենք, որ բուն ընտրութիւնների օրը տեղամասերում կարծես թէ մեծ ծաւալի ընտրակեղծիքներ չեն լինում: Երբ մենք ասում ենք, որ կանխորոշւած են, նկատի ունենք, որ այս ընտրութիւնները մրցակցային չեն, այս ընտրութիւններով որեւէ բան հնարաւոր չէ փոխել այս երկրում եւ արդիւնքներն էլ ակնյայտօրէն կանխորոշւած են: Սա մենք ասել ենք դեռեւս դեկտեմբերին՝ մեր խորհրդակցութիւններից յետոյ»:
Անդրադառնալով Սերժ Սարգսեանի այն յայտարարութեանը, թէ ով է հիմնական քաղաքական ուժերին արգելել մասնակցել ընտրութիւններին, Ա. Վարդանեանն ասաց. «Որեւէ երկրում իշխանութիւնը իր հնարաւորութիւնները, միջոցներն օգտագործում է: Հայաստանի պարագայում, դժբախտաբար, այդ միջոցների օգտագործումը դարձել է անսահմանափակ, համատարած, վերից վար: Մասնակցելով՝ մենք որեւէ բան չէինք փոխի, մեր մասնակցութեամբ այս ժողովուրդը, այս պետութիւնը որեւէ բան չէր շահի: Ընդհակառակը՝ ինչ-որ առումով մենք մասնակցելով՝ կօրինականացնէինք այս ընտրութիւնները»:
Պատասխանելով այն հարցին, թէ ինչ է պատրաստւում անել Հ. Յ. Դաշնակցութիւնը՝ նախագահական ընտրութիւններից յետոյ, հաւանակա՞ն է, որ յաջորդ համապետական ընտրութիւններին դարձեալ չմասնակցի, Ա. Վարդանեանը պատասխանեց. «Այս ընտրութիւնները մեր պետութեան պարագայում սահմանագիծ էին, եւ այս ընտրութիւններից յետոյ՝ հայաստանեան քաղաքական դաշտը արմատական վերափոխումների կենթարկւի: Մեր խնդիրը կը լինի այդ նոր ձեւաւորւելիք դաշտում որպէս առանցքային ընդդիմադիր ուժ՝ աշխատել մեր հասարակութեան, տարբեր քաղաքական ուժերի հետ եւ ձեւաւորել այն ընդդիմադիր ուժը, որ կը կարողանայ ժողովրդի մէջ վստահութիւն վերադարձնել ընտրութիւնների, երկրի ապագայի նկատմամբ»:
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի փոխներկայացուցիչն ընդգծեց. «Քաղաքական վերափոխումների մասին խօսում են բոլոր կուսակցութիւնները. ի՞նչ կը լինի «Բարգաւաճ Հայաստան»-ի հետ, ո՞ր ուղղութեամբ կը գնայ. սրանք հարցականներ են: Ի՞նչ կը լինի Հայ ազգային կոնգրեսի հետ, այստեղ եւս բազմաթիւ տարբերակներ կան… նոր կուսակցութիւն, Նիկոլ Փաշինեանը՝ առանձին, միւս կուսակցութիւնները՝ առանձին, այստեղ եւս բացեր կան: Կայ արդէն յայտարարութիւնների կամ գործնական քայլերի մակարդակ, որով փորձ կը լինի որոշ կուսակցութիւնների, որոշ գործիչների միաւորել մէկ ուժի շուրջ՝ պայմանական եւրոպական արժէքների շուրջ. խօսքը «Հանրապետութիւն» կուսակցութեան, Դաւիթ Շահնազարեանի, Հրանտ Բագրատեանի մասին է, չի բացառւում նաեւ (սրանք ենթադրութիւններ են) «Ազատ դեմոկրատներ»-ը եւ այլն: Ակնյայտ է, որ իշխանութիւնը եւս միատարր, միաբեւեռ չէ, մենք վստահ ենք, որ փոփոխութիւններ են լինելու նաեւ իշխանութեան մէջ, չի բացառւում նոր մտածողութեան, նոր ուժերի ի յայտ գալը: Դրա նախադրեալները այսօր եւս ակնյայտ են: Ակնյայտ է նաեւ քաղաքացիական հասարակութեան աշխուժացումը եւ այստեղ եւս բացառւած չէ, որ որոշ վերափոխումներ կը լինեն, որոշ նախաձեռնութիւններ կը փորձեն քաղաքական դաշտ տեղափոխւել: Այնպէս որ՝ մեր առջեւ լրիւ նոր դաշտ կը ձեւաւորւի, եւ Հ. Յ. Դաշնակցութիւնը կը փորձի այդ դաշտում ունենալ իր վճռական, առանցքային, ընդդիմադիր դերակատարութիւնը»:

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։