Հա

Գաղափարական

06/02/2013

altԵրեւան (ՀՅԴ Մամլոյ դիւան, 2013 թ. փետրւարի 5) - Փետրւարի 4-5-ը, Պորտուգալիայի Կաժկայժ (Cascais) քաղաքում գումարւեց Ընկերվար միջազգայնականի (Սոցինտերն) խորհրդի ժողովը՝ հիւրընկալութեամբ Պորտուգալական սոցիալիստական կուսակցութեան:
2012 թ. օգոստոս-սեպտեմբերին, Հարաւաֆրիկեան Հանրապետութիւնում կայացած կազմակերպութեան 24-րդ կոնգրեսից յետոյ՝ սա խորհրդի առաջին ժողովն էր, այդ պատճառով էլ՝ օրակարգի կարեւոր մասը յատկացւեց կազմակերպական հարցերի:


Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կողմից ժողովին մասնակցեցին՝ ՀՅԴ Բիւրոյի անդամ եւ Սոցինտերնի փոխնախագահ Մարիօ Նալբանդեանն ու ՀՅԴ Բիւրոյի անդամ Վահան Յովհաննիսեանը:
Ժողովի բնաբանն էր «Համաշխարհային տնտեսութիւնը. աճի, աշխատատեղերի եւ կայուն զարգացման մեր տեսլականը»: Նախագահութեամբ Սոցինտերնի նախագահ, Յունաստանի «ՓԱՍՈԿ» կուսակցութեան նախկին ղեկավար եւ երկրի նախկին վարչապետ Ջորջ (Եօրղոս) Պապանդրէուի եւ կազմակերպութեան գլխաւոր քարտուղար Լուիզ Այալայի, քննարկւեցին «Եւրոգօտու տագնապը. այստեղից ո՞ր ճանապահով դէպի առաջ» եւ «Առաջացող եւ զարգացող տնտեսութիւններ եւ միջազգային հիմնարկներ՝ «տագնապից յետոյ» ռազմավարութիւնում»:
Հաշւի առնելով վերջին շրջանի զարգացումները՝ երկու արտակարգ հարցեր աւելացւեցին օրակարգի վրայ. «Արաբական աշխարհում ժողովրդավարական օրակարգ առաջ քաշելու համար ժողովրդի ճիգերի վերջին զարգացումները» եւ «Մալի. Սահէլում խաղաղութեան, անվտանգութեան եւ ժողովրդավարութեան պաշտպանութիւն»:
Ելոյթներ ունեցան տարբեր կուսակցութիւնների ներկայացուցիչներ եւ հրաւիրեալ բանախօսներ: Վերջում որդեգրւեցին բանաձեւեր եւ յայտարարութիւններ՝ արծարծւած հարցերի վերաբերեալ: Ժողովը նաեւ որոշեց աշխարհով մէկ քարոզարշաւ ձեռնարկել կանանց նկատմամբ բռնութեան դէմ:
Ժողովը, հիմնւելով նրան նախորդած փետրւարի 3-ին կայացած կազմակերպութեան նախագահութեան նիստի առաջարկների վրայ, ձեւաւորեց տարածաշրջանային եւ թեմատիկ յանձնախմբերը, յատուկ յանձնաժողովները, աշխատանքային խմբերը եւ կանոնագրային յանձնախմբերը: Ժողովը նաեւ թափուր տեղերի համար ընտրեց երկու փոխնախագահների, որոշումներ կայացրեց անդամակցութեան, ինչպէս նաեւ անդամակցութեան կարգավիճակը բարձրացնելու համար դիմումների կապակցութեամբ: Աւելացւեց թեմատիկ յանձնախմբերի թիւը. կազմւեցին նոր՝ ժողովրդավարութեան, թափանցիկ կառավարման, աղքատութեան դէմ պայքարի եւ քաղաքական դաստիարակութեան յանձնախմբեր: Նախագահութեան նիստին մասնակցել էր կազմակերպութեան փոխնախագահներից Մարիօ Նալբանդեանը:
ՀՅԴ-ի կողմից Վահան Յովհաննիսեանն ընտրւեց ԱՊՀ եւ Կովկասի տարածաշրջանային յանձնախմբի համանախագահ (նախկինում այս պաշտօնը վարում էր Մարիօ Նալբանդեանը): Առաջին անգամը լինելով՝ ՀՅԴ-ն ընտրւեց կազմակերպութեան կանոնագրային՝ կազմակերպութեան ֆինանսների եւ վարչական յանձնախմբի անդամ:
ԱՊՀ երկրների կուսակցութիւններից լիիրաւ անդամի կարգավիճակ ստացած առաջին կուսակցութիւնը Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնն է եղել (2003 թ.): ՀՅԴ-ի համապատասխան կառոյցները լիիրաւ անդամ են Կանանց ընկերվար միջազգայնականին (SIW) եւ Ընկերվար երիտասարդների միջազգային միութեան (IUSY):

www.arf.am

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։