Հա

Գաղափարական

27/12/2012

alt«yerkirmedia.am» - Դաշնակցութեան դեկտեմբերի 25-ին կայացած Հայաստանի կառոյցի արտահերթ Գերագոյն ժողովում 80 պատւիրակի մասնակցութեամբ լուրջ քննարկումներ են եղել, հնչել են 45 ելոյթներ, առաջարկներ են եղել հանդէս գալ սեփական թեկնածուով, բոյկոտել, բայց, ի վերջոյ, քննարկումների արդիւնքում՝ մասնակիցների բացարձակ գերակշիռ մասը յանգել է եզրակացութեան՝ 2013 թ. փետրւարի 18-ի  ՀՀ նախագահի ընտրութեանը Դաշնակցութիւնը թեկնածու չի առաջադրելու: Այս մասին դեկտեմբերի 26-ին կայացած մամլոյ ասուլիսի ժամանակ յայտարարել են Դաշնակցութեան ներկայացուցիչներ՝ Արմէն Ռուստամեանը, Աղւան Վարդանեանը եւ Արսէն Համբարձումեանը:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը նշեց, որ նախագահի ընտրութեանն ընդառաջ՝ նախաձեռնւեց միասնական քաղաքական օրակարգի շուրջ լայն համախոհութիւն ձեւաւորելու գործընթաց՝ փորձ արւեց համախոհութիւն ստեղծել քաղաքական պլատֆորմի շուրջ, հանդէս գալ ընդդիմադիր միասնական ճակատով: Սակայն, համախմբումն այս կամ այն կոնկրետ թեկնածուով պայմանաւորելու կանխակալ մօտեցումները թոյլ չտւեցին տրամաբանական աւարտին հասցնել միասնական օրակարգով նախագահական ընտրութիւնների գնալու ջանքերը: Իսկ մասնակցել արդէն նախապէս գծւած սցենարով ընտրութիւններին անիմաստ է:
«Երբ ընտրութեան ժամանակ ողջ պետական համակարգը վերածւում է ընտրական համակարգի, անիմաստ է մասնակցութիւնը: Մենք շատ ակտիւ մասնակցելու ենք այս քարոզարշաւին ու ժողովրդի հետ միասին փորձելու ենք ուղղորդել ընտրական գործընթացները ճիշտ հունով»,- ասաց Արմէն Ռուստամեանը:
«Առաջին հիմնական պատճառը ՀՀ-ում ձեւաւորւած ընտրութիւնների բնոյթն է, որը ստւերային է, որը չկարողացան փոխել: Երկրորդ պատճառը՝ հնարաւոր չեղաւ ընդդիմադիր միասնական ճակատ ձեւաւորել: Երրորդ՝ մասնակցելով ինքնանպատակ, կանխորոշւած ընտրութիւնների՝ կը նշանակէր գծւած սցենարի մաս կազմել, իսկ ՀՅԴ-ն որեւէ մէկի սցենարներին մաս չի կազմում: Եւ չորրորդ՝ լուրջ քաղաքական ուժերն իրենց մօտեցումները եւ դիրքորոշումը չեն ներկայացնում ու իրականութիւն չեն դարձնում միայն ընտրութիւնների, քարոզարշաւի միջոցով»,- ասաց Աղւան Վարդանեանը:
Ինչ վերաբերում է ընտրութիւնները բոյկոտելուն, Արմէն Ռուստամեանն ընդգծեց, որ դա տեղին կը լինէր, եթէ համախմբւած բոյկոտ լինէր, բայց անգամ այդ հարցում ընդդիմադիր դաշտը համախմբման չեկաւ, հետեւաբար՝ բոյկոտ չկայ, գոնէ ֆորմալ առումով: Ընտրութիւնները չբոյկոտելու նաեւ այլ պատճառ կայ: Ընտրութիւնները ստւերային են, բայց միւս կողմից, լինելով քաղաքական ուժ, իրաւունք չունեն բոյկոտով վերջնականապէս վարկաբեկել ընտրութեան ինստիտուտը: Արմէն Ռուստամեանի ասութեամբ՝ սա առիթ է ժողովրդին՝ մտածելու համար:
«Զէնքերը վայր դնելու հարց չկայ: Հարցն այն է, որ այն մեթոդներով, ինչ ընտրութիւնները տեղի են ունենում, նշանակում է, որ փչացնում ենք մեր ընտրողներին»,- ասաց Արմէն Ռուստամեանը:
ՀՅԴ Գերագոյն մարմնի փոխներկայացուցիչ Արսէն Համբարձումեանի ասութեամբ՝ եթէ քաղաքական ուժն ընտրութիւններին մասնակցում է՝ ցոյց տալու համար, որ կարող է մի քանի ռաունդ դիմակայել, դա աննպատակային է:
«Եթէ դուրս ես գալիս ռինգ, պէտք է յաղթես»,- ասաց Արսէն Համբարձումեանը:
Ընտրութիւնների ընթացքին հետեւելու են եւ ըստ այդմ էլ՝ կուղղորդեն համակիրներին:
Արմէն Ռուստամեանը նշեց նաեւ, որ հիմնական քաղաքական ուժերի կողմից ընտրութիւններին չմասնակցելու հարցը պէտք է մտահոգիչ լինի առաջին հերթին իշխանութեան թեկնածուի համար:
Կարող են համաշխարհային հանրութեանն ասել, որ ահա, թեկնածու կայ՝ նախկին վարչապետ, նախկին արտգործնախարար, բայց մենք գիտենք՝ իրականութիւնը որն է»,- ասաց Աղւան Վարդանեանը:
Նախագահական ընտրութիւններից յետոյ՝ իշխանութեան հետ որեւէ ձեւաչափով համագործակցութեան վերաբերեալ հարցին էլ դաշնակցականները պատասխանեցին, որ պէտք է սպասել ընտրութիւնների աւարտին: Իսկ այն, ինչ բացառւել է,- գրւած է յայտարարութեան մէջ,- դա իշխանութեան թեկնածուի սատարումն է:

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։