Հա

Գաղափարական

22/12/2012 - 11:56

altՍտորեւ ներկայացնում ենք «hayeli.am» կայքէջի կատարած հարցազրոյցը՝ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի հետ, որն անդրադարձել է Հայաստանի առաջիկայ նախագահական ընտրութեան վերաբերեալ ՀՅԴ-ի կեցւածքին:

* * *

Հարց-Մամուլում լուր է տարածւել, որ «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւնը (ԲՀԿ) եւ ՀՅԴ-ն համաձայնութեան չեն եկել նախագահի թեկնածուի հարցում, ՀՅԴ-ն հրաժարւել է պաշտպանել Գագիկ Ծառուկեանին եւ առաջարկել իր թեկնածուին, որին էլ դէմ է եղել ԲՀԿ-ն: Սրանից յետոյ ՀՅԴ-ն հանդիպել է Սերժ Սարգսեանի հետ եւ նրան ասել, որ չեն պաշտպանի Գագիկ Ծառուկեանին եւ չեն առաջադրի թեկնածու: Ինչպէ՞ս կը մեկնաբանէք այս տեղեկութիւնը:
Պատասխան- Նստում են տունը, երեւակայական բաներ են ասում: Վերջապէս, կայ «Բարգաւաճ Հայաստան»-ի ղեկավարութիւն, նա կարող է խօսել: Այդ մարդիկ ովքե՞ր են, որ նրանց անունով են խօսում: Յետոյ վերջապէս ինչո՞ւ մենք պարտաւոր էինք անպայման պաշտպանել իրենց թեկնածուին, չեմ հասկանում, ուղղակի: Մենք ոչ մի անգամ չենք ասել, որ չենք պաշտպանելու, ոչ մի անգամ չենք ասել, որ կը պաշտպանենք: Երրորդ հերթին՝ այդ հարցով պէտք է խօսեն ոչ թէ էդ մարդիկ, այլ պէտք է խօսեն պատասխանատուները, ես էլ պատասխան կը տամ: Բայց ես սուտ բաներին, երեւակայական բաներին ժամանակ չունեմ պատասխանելու:
Հ.- Իսկ ի՞նչ էք կարծում, ԲՀԿ-ն ինչո՞ւ նման որոշում կայացրեց, քանի որ ամէն ինչ տանում էր նրան, որ Գագիկ Ծառուկեանը կառաջադրւի:
Պ.- Չեմ ուզում էդ տեսակ բաներով զբաղւել: Աւելի լաւ է իրենք խօսեն, իրենք բացատրեն, ես ինչու բացատրեմ: Դա անշնորհակալ գործ է: Թող իրենք խօսեն՝ լաւ որոշում են արել, վատ որոշում են արել: Դա իրենց գործն է, մեզ չի վերաբերւում: Ամէն կուսակցութիւն ինքն է որոշում: Մենք միշտ բաց ենք աշխատել, ոչ ոք այդքան յստակ եւ բաց չի արտայայտւել եւ ոչ մի տեղ չենք հակասել: Մենք ասել ենք՝ նախ ծրագրի շուրջ պէտք է ստեղծւի համախոհութիւն, միասնականութիւն: Երկրորդ՝ այդ համախոհութիւնը ստեղծւելուց յետոյ՝ կարեւոր չէ այլեւս ով կը լինի միասնական թեկնածուն, բայց այդ համախոհութիւնը ստեղծւելուց յետոյ՝ պէտք է ճշտւի միասնական թեկնածուն, ոչ թէ նախ ճշտւի միասնական թեկնածուն, յետոյ համախոհութիւն ստեղծւի: Մենք անձի խնդիր չենք ունեցել, մենք ունենք ծրագրի խնդիր, ծրագրից յետոյ մենք, անշուշտ, ունենք անձերի շուրջ մեր նախասիրութիւնները, հակակրանքներն ու համակրանքները: Բայց դա համարել ենք երկրորդական հարց:
Հ.- ՀՅԴ-ն ասել է, որ անձի հարց չի դնում, այլ մօտեցումների հարց է դնում: Արդէն յստակեցւե՞լ են մօտեցումները, եւ արդեօք քննարկւո՞ւմ է անձի հարցը:
Պ.- Խորհրդարանական ընտրութիւններից յետոյ՝ մենք նոյն բանն ենք ասել, որ մենք անձի հարց չենք դնում, նախ ծրագրի շուրջ պէտք է գոյանայ համաձայնութիւն, որից յետոյ մենք գանք եզրակացութեան: Եզրակացութեան գալուց յետոյ՝ ոչ ոք նման որոշում ընդունելու իրաւասութիւն չունի, մեր Գերագոյն ժողովը պէտք է որոշում ընդունի: Հիմա մարդիկ կարող են հաւատալ, որ մենք կեղծ ենք, սուտ ենք, դա իրենց գործն է, բայց մեր կուսակցութեան մէջ ժողովն է որոշում: Ուզում են՝ հաւատան, չեն ուզում՝ չհաւատան:
Հ.- Քանի որ ԲՀԿ-ն այլեւս դուրս եկաւ քաղաքական աշխոյժ գործունէութեան դաշտից՝ նկատի ունենալով, որ խորհրդարանում պատգամաւորների թւով երկրորդ տեղում գտնւող ուժը չի մասնակցում երկրի համար կարեւոր ընտրութիւններին, արդեօք սպասւո՞ւմ է, որ ՀՅԴ-ն կարող է դաշինք կազմել ընդդիմադիր դաշտում գործող այլ ուժերի հետ՝ Հայ ազգային կոնգրեսի, «Ժառանգութեան», Ազատ դեմոկրատների եւ միւսների: Կա՞յ նման քննարկում օրակարգում:
Պ.- Մենք մեր ծրագիրը դեռ աւարտւած չենք համարում: Կը շարունակենք աշխատանքը, նոյնիսկ ԲՀԿ-ի հետ կը շարունակենք էդ աշխատանքը: Մենք չենք կարծում, որ ամէն ինչ վերջացաւ, ամէն ինչ ջուրն ընկաւ, այլեւս ոչ մի բան հնարաւոր չէ: Մենք մեր գործը շարունակելու ենք, մեր արածները, մեր կատարելիք աշխատանքը պայմանաւորւած չեն սրա կամ նրա պահւածքով, մենք շատ աւելի սկզբունքային եւ հիմնաւոր ուղղութիւն ունենք:
Հ.- Սերժ Սարգսեանի հետ հանդիպումից յետոյ՝ յայտարարեցիք, որ չէք պաշտպանելու իր թեկնածութիւնը, բայց եւ չէք բոյկոտելու ընտրութիւնները: Դա ի՞նչ է նշանակում, կարող է ՀՅԴ-ն իր սեփական թեկնածուն ունենայ: Այդ հարցը քննարկւո՞ւմ է:
Պ.- Կարող է, ինչու չէ:

ՆԱՐԻՆԷ ՄԵՔՈՒՄԵԱՆ
 «Հայելի»

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։