Հա

Գաղափարական

20/12/2012 - 11:41

ԷԴԻԿ ԱՆԴՐԷԱՍԵԱՆ

altԲՀԿ-ի անչափ հետաքրքիր յայտարարութիւնը շոկի մէջ է գցել ԲՀԿ-ին: Ոչ ոք այստեղ չի հասկանում, թէ ինչ են արել իրենք ու ինչ հետեւանքներ է ունենալու առաջիկայ նախագահական ընտրութիւններին մասնակցելու իրենց «որդեգրած» տարօրինակ ձեւաչափը:
Տեսնելով, որ հասարակութիւնն իրենց արածը ընկալել է որպէս դաւաճանութիւն, ԲՀԿ-ում լեզու ունեցող ամէն ինչ լծւել է իր իսկ արարած անպէտքութեամբ մեղաւորներ գտնելու գործին: Էլ թերթ ու կայք չեն թողել, որ չլցնեն զառանցանքով, իբր այս ամենի մեղաւորը ՀՅԴ-ն է, որը, այ քեզ բան, իրենց «հաւաստի աղբիւրների» փոխանցմամբ՝ Սերժ Սարգսեանին   ասել է, որ Գագիկ Ծառուկեանի թեկնածութիւնը չի պաշտպանելու:

Այս վայրահաչութիւնից ուշագնաց եղած ԲՀԿ-ականների եւ ոչ ԲՀԿ-ականների համար մէկ անգամ եւս կրկնենք, որ եթէ ՀՅԴ-ն Սերժ Սարգսեանին մի բան էլ ասել է, ապա դա այն է, որ չի սատարելու Սերժ Սարգսեանին:
ԲՀԿ-ական մասսմեդիան, որ գրեթէ տեղեկացւած չէ Գագիկ Ծառուկեանի վերջին օրերի մտահոգութիւններին ու մտորումներին, դեռեւս փորձում է խաղալ ժամանակագրութեան վրայ՝ պնդելով, որ ՀՅԴ-Սերժ Սարգսեան հանդիպումը նախորդել է Գագիկ Ծառուկեան-Սերժ Սարգսեան հանդիպմանը, եւ, հետեւաբար, ՀՅԴ-ն է մեղաւոր, որ Գագիկ Ծառուկեանի կուսակցութիւնը նման յայտարարութիւն է արել: Ուզում են, երեւի, ասել, որ Ծառուկեանի տակը ՀՅԴ-ն է փորել: Իրօք որ՝ զառանցանք կամ սեփական ուղեղով եւ ձեռքերով Գագիկ Ծառուկեանի հզօրութեան միֆի տապալում: Ինչպէս կը կամենաք, պարոնա’յք, ընտրութիւնը ձերն է:
Այլայլւած, սեփական անելիքը չիմացող ուժի հետ կարելի է վարւել ըստ ցանկութեան: Անհովիւ ոչխարի հոտին կարելի է քշել ուզած ուղղութեամբ, նոյնիսկ՝ սպանդանոց, եթէ հնարաւորութիւն կայ մի բան վաստակելու: ՀԱԿ-ն այս օրերին, կարելի է ասել, ճիշտ ժամին ճիշտ տեղում է յայտնւել: ԲՀԿ ընտրազանգւածն ու ԲՀԿ-ի անգլուխ մարմինը, եթէ միջոցներ չձեռնարկւեն, ենթակայ է, ի թիւս այլոց, նաեւ Տէր-Պետրոսեանի առաջնորդութեանը եւ նրա կողմից քշւելու: Ո՞ւր: Դա կարող են որոշել քշողները, եթէ Գագիկ Ծառուկեանն այդպէս էլ չյայտարարի, թէ յատկապէս որն է եղել իր չառաջադրւելու բուն պատճառը եւ կրկին իր ձեռքը չառնի սեփական «հօտը»:
Մասնաւորապէս, ՀԱԿ-ը, որ իրեն ԲՀԿ-ի հարազատի տեղն է դրել եւ յաւակնում է Ծառուկեանի «Ժառանգութեանը», արդէն գործի է անցել: Դա սպասելի էր, եթէ հաշւի առնենք, որ մօտ 500 հազար հոգի մէկէն մնացել են առանց կումիրի (պաշտելիի), իսկ որ աւելի սարսափելի է՝ առանց յոյսի, թէ մի քանի կոպեկ էր կարողանալու աշխատել այս ընտրութիւններին: Խօսքը, ի դէպ, միայն հինգ հազարի սպասող մարդկանց մասին չէ, այլ նաեւ նրանց, որ շտաբներ էին բացելու, քարոզչութիւն էին կազմակերպելու, մարզային այցելութիւններ, ուտուշ-խմուշ եւ այլն: Եւ ահա պէտք է, որ ՀԱԿ-ը, ասել է՝ Լեւոն Տէր-Պետրոսեանը, անցնի վճռորոշ գործողութիւնների: Առաջին քարերն արդէն նետւած են: ՀԱԿ-ի կազմի մի քանի տաքգլուխ կուսառաջնորդներ, որոնք մինչ այս էլ չէին համակրում Գագիկ Ծառուկեանին, հասցրել են նրան մեղադրել ամենասարսափելի մեղքերի մէջ: Միանգամայն բնական կը լինէր, որ նոյն այս գործիչները մեղադրէին նաեւ Լեւոն Տէր-Պետրոսեանին՝ իրենց սխալ ուղղութեամբ առաջնորդելու մէջ, բայց, քանի որ տեղի ունեցողը մտածւած ու հաշւարկւած գործընթաց է, ՀԱԿ-ի հերձւածողները գալիս են այն եզրակացութեան, որ Ծառուկեանի այդ «տմարդի» արարքից յետոյ՝ Լեւոնն է մնում որպէս միակ ընդդիմադիր թեկնածու: ՀԱԿ-ի պատասխանատուները, յայտարարելով, որ ԲՀԿ-ի հետ խորհրդակցութիւնները շարունակւելու են, փորձում են իրականում մեղմել ֆոնը եւ ԲՀԿ-ի վրայ յարձակման առաջին նախանշանները ներկայացնել իբրեւ ՀԱԿ-ի անդամ առանձին կուսակցութիւնների ղեկավարների անհատական կարծիք:
Բայց ինչ էլ անեն Արամ Մանուկեաններն ու Լեւոն Զուրաբեանները, միեւնոյն է, չեն կարող ՀԱԿ-ի մամլոյ խօսնակ Արման Մուսինեանի յայտարարութեան տակ թաքնւած ռումբը քողարկել, որովհետեւ ռումբը ռումբ, բայց այն նախատեսւած է յատկապէս գօտկատեղից ներքեւը ցաւեցնելու համար: Արման Մուսինեանը «ilur.am»-ի հետ հարցազրոյցում մեկնաբանել է նախագահական ընտրութիւնների վերաբերեալ ԲՀԿ-ի որոշումը, որտեղ յստակ ասել է. «Մենք խոստացել էինք լրացուցիչ մեկնաբանութիւն տալ այս հարցի վերաբերեալ: Ասեմ, որ մենք տեղեակ էինք ԲՀԿ-ի այս որոշման մասին, քանի որ, ելնելով բանակցային էթիկայից, ԲՀԿ-ն մեզ այդ մասին տեղեկացրել էր նախապէս»:
Ես մեռայ: Բա էլ ի՞նչ ժամանակագրութեան մասին են բարբաջում ԲՀԿ-ական ու խառնակիչ լրատւամիջոցները:  
Մենք շնորհաւորում ենք ԲՀԿ-ի բոլոր սոխակներին եւ յատկապէս՝ Բարգաւաճի վկայ լրատւամիջոցներին, որոնք կա՛մ տեղեակ չեն եղել իրենց կուսակցութեան նախագահի որոշմանը, կա՛մ ԲՀԿ-ի 500-հազարանոց ընտրազանգւածից յանցաւոր կերպով թաքցրել են այդ որոշումը: Եւ դարձեալ նշւած տարբերակների ընտրութեան իրաւունքը ԲՀԿ-ական ֆունկցիոներներինն է: Պատասխանէք, խնդրեմ:
Եւ վերջում կը ցանկանայինք երկու բառ ասել վերահսկողութիւնից ու հովւից զրկւած ԲՀԿ-ական մամուլին: Որքան էլ դաժան է քաղաքականութիւնը, միեւնոյն է, այն իրականութիւնից եւ ճշմարտութիւնից աւելի դաժան չի կարող լինել: Լրատւամիջոցը, ինչ էլ լինի, պարտաւոր է ընտրել կեանքի դաժանութիւնը, քանզի կեանքի միջով են անցնում մնացած բոլոր տիպի դաժանութիւնները, այդ թւում՝ նաեւ քաղաքական խաբկանքն ու մոլորութիւնը: Այնպէս որ՝ արժէր մի փոքր մտածել այս ուղղութեամբ եւ ձեռնպահ մնալ աւելորդ ջղաձգումներից, որոնք ճիշտ նոյն տեղն են տանում, ուր ԲՀԿ-ի որոշումը՝ չենք մասնակցելու մամուլի գործին եւ ոչ մի ճիշտ խօսքի չենք սատարելու:

«yerkir.am»

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։