Հա

Գաղափարական

17/12/2012 - 12:42

Իրանի Իսլ. խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանի զեկոյցը

Մի՛ վախեցէք աշխարհի ընթացքին հակառակ գնալ:
Յովհաննէս Պօղոս Երկրորդ

altՄեր ազգային պահանջատիրութիւնը «հարց»-ի հարթութիւնից փոխադրւել է «դատ»-ի հարթութիւն այն ժամանակներից  ի վեր, երբ Վուդրօ Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի Իրաւարար վճռով մեր հայրենատիրական ձգտումներին հաղորդւեց իրաւական հիմք, եւ երբ Թուրքիայի կողմից մեր ազգի ծրագրւած ոչնչացման ոճրագործութիւնը, 1948 թ. Ցեղասպանութեան կոնւենցիայով, համարւեց միջազգային իրաւունքով սահմանւած յանցանք:

Պատմա-քաղաքական դիտանկիւնից՝ նշւած երկու հիմնաւորումները թէեւ ենթակայ են պատճառա-հետեւանքային ամուր տրամաբանութեան, սակայն, զուտ իրաւագիտական իմաստով, ինքնուրոյն բաղադրիչներ են, որոնք կարող են զուգորդւած առաջադրւել՝ որպէս մէկ պահանջատիրութեան առանձին հայցեր:
Սխալ է կարծել, թէ Հայոց Ցեղասպանութեան եւ տարածքային պահանջատիրութեան հիմնաւորումներն իրաւականօրէն պայմանաւորւած են միմեանցով, եւ մէկի բաւարարմամբ՝ միւսն էլ անհրաժեշտաբար կը բաւարարւի: Սխալ է կարծել, թէ Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը, ինքնաբերաբար, կը յանգեցնի տարածքային հատուցման եւ մեր բռնագրաււած Հայաստանի ազատագրման:
Միջազգային պրակտիկայից դատելով՝ պէտք է ասել, որ ցեղասպանութեան եւ նման այլ պատերազմական յանցագործութիւնների պատճառած մարդկային եւ նիւթական վնասների հատուցումը բոլորովին էլ տարածքների վերադարձ չի ենթադրում:
Ցեղասպանութեան ճանաչումը եղել է եւ, իհարկէ, պէտք է մնայ Հայ Դատի առանցքային պահանջներից մէկը: Սակայն, չի կարելի միմիայն Ցեղասպանութեան հարցով սահմանափակել մեր ազգային պահանջատիրութիւնը: Սա նշանակում է ինքնակամ հրաժարւել ոչ միայն պատմական իրաւունքից, այլեւ միջազգայնօրէն ճանաչւած իրաւական այնպիսի լծակից, ինչպիսին է վիլսոնեան Իրաւարար վճիռը: Իրաւարար վճիռ, որի նախադէպը դժւար կարելի է գտնել տարածքային հարց ունեցող ազգերի պատմութեան մէջ, եւ որի նմանատիպը, հազիւ թէ, վերստին, ձեռք բերի Հայաստանն ու հայութիւնը: Իրաւարար վճիռ, որը ոչ միայն իրաւական տեսանկիւնից անբեկանելի է եւ անժամանցելի, այլ նաեւ պարտադիր է կողմերի եւ նրանց իրաւայաջորդների կատարման համար:
Ներկայ քաղաքական պայմանները, միգուցէ, նպաստաւոր չեն տարածքային պահանջատիրութիւնը մէջտեղ բերելու համար: Սակայն, պէտք է գիտակցել, որ այս առումով քաղաքական առաւել բարենպաստ պայմաններ դժւար թէ գոյանան առաջիկայում, իսկ գոյացման դէպքում էլ՝ միշտ չէ, որ հնարաւոր է լինում օգտւել դրանցից, եթէ պատրաստ չենք տակաւին: Ահա այս պատրաստութեան նախաքայլը, ըստ իս, ենթադրում է օրէնսդրական յստակ սահմանումներ եւ սահմանադրական ճշգրիտ ձեւակերպումներ:
Մեզանում Հայրենիքի գաղափարը, լեզուն, մշակոյթը, աւանդաբար, համարւել են ազգային արժէքներ: Սոյն ազգային արժէքները, թերեւս, չափազանց պարզ ու մեկին լինելու բերումով՝ չեն ամրագրւել պետական փաստաթղթերում: Բացառութիւն են կազմում պետական լեզւի, դրօշի եւ զինանշանի մասին Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան համապատասխան դրոյթները:
Հայրենիքի աշխարհագրական հասկացութիւնը, սակայն, մեզանում դեռ մնում է խիստ վիճելի եւ անհրաժեշտ հաստատագրման ենթակայ: Մեր համոզմամբ՝ «Միացեալ Հայաստան» հասկացութիւնը պէտք է օրէնսդրական մակարդակով սահմանել՝ որպէս ազգային հիմնարար արժէք:
Այս դիտանկիւնից՝ ուսանելի պրակտիկա կայ Գերմանիայի Դաշնային (ֆեդերալ) Հանրապետութեան 1949 թ. Հիմնական օրէնքի նախաբանի մէջ, ուր յականէ յանւանէ նշւում են ամբողջական Գերմանիայի 16 պատմական լանդերները (նահանգներ)՝. «Վուրտեմբերգ(1) Բաւարիա(2) Բեռլին(3) Բրանդենբուրգ(4) Բրեմէն(5) Համբուրգ(6) Հեսսէն(7) Դաշտային Սաքսոնիա(8) Մեկլենբուրգ-Արեւմտեան Պոմերանիա(9) Հիւսիսային Ռայն-Վեստֆալիա(10) Ռայնլանդ-Պալատինատ(11) Սաարլանդ(12) Սաքսոնիա(13) Սաքսոնիա-Անհալտ(14) Զելզուիգ-Հոլշտէյն(15) Թուրինգիա(16)»: Ուսանելի կէտը մանաւանդ այն է, որ վերը թւարկւած գերմանական լանդերներից հինգը՝ Բրանդենբուրգ, Արեւմտեան Պոմերանիա, Սաքսոնիա, Անհալտ եւ Թուրինգիա, 1949 թ. դրութեամբ, գտնւում էին Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան կազմից դուրս: Սակայն, Երկրորդ աշխարհամարտում յաղթանակած չորս գերտէրութիւնների կողմից Գերմանիայի մասնատւած, բռնագրաււած լինելու հանգամանքն ամենեւին էլ արգելք չդարձաւ, որ գերմանական հայրենիքն իր բոլոր տարածքներով բնութագրւէր 1949 թ. Սահմանադրութեան մէջ: Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան 1956 թ. վերամշակւած Հիմնական օրէնքի նախաբանում հաստատագրւել է նաեւ գերմանական ազգային պահանջատիրութիւնը. «Բովանդակ գերմանացի ժողովուրդն ազատ ինքնորոշմամբ ձգտում է Գերմանիայի ազատութեանը եւ ամբողջականութեանը»:
Ուսանելի կէտեր կան նաեւ Եւրոմիութեան անդամ Իռլանդիայի Հանրապետութեան գործող Սահմանադրութեան մէջ, որի 3-րդ յօդւածում նշւած է. «Իռլանդական ազգի ամուր կամքն է ներդաշնակօրէն եւ բարեկամաբար միաւորել Իռլանդիա կղզու տարածքում ապրող բոլոր մարդկանց, իրենց ինքնութեան եւ սովորոյթների այլեւայլ դրսեւորումներով՝ գիտակցելով, որ Միացեալ Իռլանդիան կարող է կազմւել միայն խաղաղ ճանապարհով՝ ժողովրդի մեծամասնութեան հաւանութեամբ, ժողովրդավարական կանոններով, բուն կղզու երկու հատւածներում»:
Իռլանդիայի Սահմանադրութեան մէջ տեղ են գտել ազգային շահերի առաւել ընդլայնւած ըմբռնումներ: 3-րդ յօդւածի երկրորդ մասում, սահմանելով իշխանութիւնների գործադիր եւ ֆունկցիոնալ իրաւասութիւնները, ամրագրւում է նաեւ այն, որ «ազգային նպատակների» իրագործման համար, իրաւասու մարմինների որոշումներն ու պատասխանատւութիւնները «կարող են ուժի մէջ մտնել ու գործադրւել կղզու ամբողջ կամ մասնակի տարածքում»:
Իսկ Արգենտինայի Ազգային Սահմանադրութեան «Անցումային դրոյթներ» բաժնի առաջին կէտում նշւած է. «Արգենտինան հաստատում է իր օրինական եւ անվերապահ ինքնիշխանութիւնը՝ Մալւինաս, Գէորգիաս եւ Սենդւիչ կղզիների ու ծովեզրեայ եւ մերձափնեայ համապատասխան գօտիների նկատմամբ՝ որպէս ազգային տարածքի անբաժանելի մասեր»: Սահմանադրական այս կէտով Արգենտինան, փաստօրէն, ճշտորոշում է իր «ազգային տարածք»-ի, ամբողջական հայրենիքի այն բաժինները, որոնք ներկայում շարունակում են բռնագրաււած մնալ Միացեալ Թագաւորութեան զինւած ուժերի կողմից: Դեռ աւելին՝ Արգենտիայի Սահմանադրութեան մէջ, գերազանցապէս, ամրագրւում են նաեւ ազգային պահանջատիրութեան հիմունքները: Այսպէս՝ նոյն կէտի շարունակութեան մէջ ասւում է. «Միջազգային իրաւունքի սկզբունքների հիման վրայ, Արգենտինայի ժողովրդի անփոփոխ եւ անկապտելի նպատակն է նշւած տարածքների վերականգնումը, ինքնիշխանութեան լիարժէք իրականացումը եւ նրանց բնակիչների ինքնորոշման իրաւունքի յարգումը»:
Խիստ ուսանելի կէտեր կան նաեւ Հարաւային Կորէայի գործող Սահմանադրութեան մէջ, որի 3-րդ յօդւածում նշւած է. «Կորէայի Հանրապետութեան տերիտորիան կազմւած է Կորէական թերակղզուց եւ նրա յարակից կղզիներից»: Այս յօդւածով ոչ միայն բնորոշւում է կորէական ամբողջական հայրենիքը, եւ ոչ միայն հայրենատիրական հարց է արծարծւում Կորէայի վերամիաւորման համար, այլ նաեւ տարածքային հայց է ներկայացւում Ճապոնիային, ինչպէս՝ Լիանկորդ, Դոկդօ կամ Տակեսիմա, այնպէս էլ Ցուսիմա կղզիների կապակցութեամբ: Հարաւային Կորէայի գործող Սահմանադրութեան մէջ մի քանի անգամ կրկնւել է «Հայրենիքի խաղաղ միաւորում» արտայայտութիւնը, նոյնիսկ հանրապետութեան նախագահի պարտականութիւնների սահմանման բաժնում, ուր 66-րդ յօդւածի 3-րդ կէտում նշւած է. «Նախագահը պարտաւորութիւն է ստանձնում անկեղծօրէն հետամուտ լինել հայրենիքի խաղաղ միաւորմանը»:
Արդ, ի՞նչն է խանգարում, որ մենք էլ Սահմանադրութեամբ բանաձեւենք մեր ազգային պահանջատիրութեան հիմնանպատակներն ու պատկերացումները: Միթէ չի՞ կարելի, օրինակ, Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան մէջ Միացեալ Հայաստանի մասին կատեգորիկ դրոյթներ սահմանել Վուդրօ Վիլսոնի Իրաւարար վճռի եւ այլ պատմա-իրաւական փաստարկների ընդհանուր հէնքի վրայ: Հաշւի առնելով առկայ իրաւագիտական պրակտիկան՝ կարծում ենք, որ առարկայական խանգարիչ ազդակներ չկան:
Թերեւս սահմանադրական անորոշութիւնների ընդհանուր ֆոնի վրայ, վերջին տարիներին, մանաւանդ հայ-թուրքական արձանագրութիւնների շուրջ ծաւալւած հանրային քննարկումների ժամանակ, ի յայտ եկան սկզբունքային լուրջ եւ մտահոգիչ տարակարծութիւններ՝ Հայրենիքի գաղափարի շուրջ: Օրինակ՝ Արեւմտեան Հայաստանը բազմիցս ասոցացւեց «կորուսեալ հայրենիք» հակագիտական յղացքի հետ: Կամ բազմիցս հնչեց «սրտի եւ հոգու հայրենիք» բառակապակցութիւնը, որը ոչ մի աղերս չունի գիտական, իրաւական եւ սահմանադրական ըմբռնումների հետ եւ չափազանց կոպիտ վիրաւորանք է պատկառելի անցեալ ունեցող որեւէ ազգի հասցէին:
Անկախ վերում նշւած հակասութիւնների բուն բնոյթից՝ կարծում ենք, որ մեր պահանջատիրութեան բաղադրիչների սահմանադրական դրոյթներով ճշգրտման դէպքում, բնականաբար, չեն կարող տարակարծութիւններ առաջանալ Ամբողջական Հայրենիքի գաղափարի շուրջ, հէնց այնպէս, ինչպէս երբեւիցէ չառաջացան ու չեն էլ առաջանում Դաշնային Գերմանիայում, Իռլանդիայում, Արգենտինայում կամ Հարաւային Կորէայում:
Հարկաւոր է այլեւս խորհել Հայ Դատի այս բաղադրիչի, այսինքն՝ տարածքային պահանջատիրութեան առնչութեամբ սահմանադրական կամ օրէնսդրական այլ փաստաթղթերում իրաւական սահմանումներ ձեւակերպելու մասին, ինչը ենթադրում է ոչ միայն համազգային կամք ու ողջախոհութիւն, այլեւ՝ պետական հեռատեսութիւն եւ խելամիտ մօտեցումներ:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։