Հա

Գաղափարական

16/12/2012 - 12:22

altԱնցեալ, ներկան եւ նրա թողած հետեւանքները Գրիգոր Ղազարեանի զեկոյցը

Անցեալում պատահած դէպքերը ձեւակերպում են ներկան, յատկապէս այն դէպքերը, որոնք դեռ լուծւած չեն, ինչպիսին է Հայոց Ցեղասպանութեան արդարացի լուծումը:
Հայոց Ցեղասպանութիւնը 20-րդ դարի ամենամեծ ոճրագործութիւններից է, որը մի պետութիւն կարող էր գործել իր ժողովրդի նկատմամբ: Տասնամեակներ շարունակ մոռացութեան էր մատնւել Հայոց Ցեղասպանութիւնը, սակայն իրավիճակը այդպէս չի ներկայում:

Երբ այցելում ենք հեռաւոր Աֆրիկայի Ռուանդայի Քիգալի մայրաքաղաքում գտնւող «Մեմորիալ» շէնքը (որը յատկացւած է տեղի ունեցած ցեղասպանութիւնների յիշատակին), տեսնում ենք մի յուշակոթող՝ նւիրւած Հայոց Ցեղասպանութեան յիշատակին: Այդ յուշակոթողի գոյութիւնը նման վայրում ապացուցում է, որ այս դէպքը, այսինքն՝ Հայոց Ցեղասպանութիւնը ինչ-որ համամարդկային արժէք եւ նշանակութիւն է ներկայացնում:
altԵրբ լսում ենք, որ Թուրքիայի պետութիւնը յայտարարում է, թէ խզելու է իր կապերը՝ Ֆրանսիայի հետ, Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրէնքի հաստատման եւ Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու պատճառով, նշանակում է, որ Հայոց Ցեղասպանութիւնը ունի քաղաքական կշիռ եւ կարեւորութիւն:
Երբ աշխարհի քաղաքական որոշ ղեկավարներ, ինչպէս ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, խուսափում են Հայոց Ցեղասպանութիւն բառը գործածելուց, նշանակում է, որ  Հայոց Ցեղասպանութեան հետ կապւած են ինչ-որ մի շարք քաղաքական եւ ռազմավարական նկատառումներ:
Այսօր ազգերը եւ պետութիւնները քայլեր են վերցնում միմեանց մերձենալու եւ հակամարտութիւնները լուծելու, սակայն զարմանալիօրէն դեռ Թուրքիան շարունակում է ժխտել եւ ուրանալ Հայոց Ցեղասպանութիւնը, մի հարց, որն ունի մեծ համամարդկային նշանակութիւն եւ քաղաքական ու ռազմավարական կշիռ:
Տասնամեակներ է, որ Թուրքիայի իրարայաջորդ իշխանութիւնները ծրագրւած եւ մշակւած կերպով փորձում են Թուրքիայի ժողովրդի յիշողութիւնից ջնջել այդ ոճրագործութեան հետքերը, Թուրքիան փորձում է փոխել պատմութիւնը եւ հանրային յիշողութիւնը՝ ապատեղեկատւութեամբ, հաշւարկւած ու ծրագրւած կերպով հսկում է Ցեղասպանութեանը վերաբերող տեղեկութիւններին ու աղբիւրներին:
Թուրք մի շարք գիտնական ու պատմաբան դէմքեր ու պետական այրեր բոլորը այն կարծիքին են, թէ 1915 թւականի դէպքերը ցեղասպանութիւն չեն, այլ Առաջին համաշխարհային պատերազմի պայմաններից բխած թելադրանքներ, թէ ժողովուրդը այդ շրջաններում ենթակայ էր վտանգի եւ պետութիւնը տեղափոխեց նրանց եւ....
* Թուրքիայի արտաքին քաղաքականութեան հիմնարկի յայտարարագիրը Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ յայտնում է թէ՝

- Թուրքիայի արեւելեան շրջանները հայերի հայրենիքը չէ:
- Թուրքերը բռնի ուժով չեն գրաւել հայերի հողերը:
- Թուրքերը կանխամտածւած եւ ծրագրւած ու կազմակերպւած ձեւով չեն ոչնչացրել հայերին:
- Հայերի տեղաշարժը պատերազմական պայմանների անհրաժեշտութիւն էր:
- Հայերը ապստամբել են կայսրութեան դէմ:

Իսկ ներկայումս Թուրքիայի ժողովրդի մօտ պետութիւնը ինչպէս է խեղաթիւրում ու ձեւափոխում անցեալը եւ որոնք են եղել այդ ուրացման քաղաքականութեան հետեւանքները

* Թուրքիայի ազգային կրթութեան նախարարութեան հրահանգով՝ զեղչւել է Ցեղասպանութիւն բառը պատմութեան գրքերի եւ ընդհանրապէս դպրոցական դասագրքերից (այսինքն՝ սերունդները տեղեակ չեն այդ հարցից): Նոյն նախարարութիւնը մի շրջաբերականով, որ յղել ու յղում է դպրոցներին ու իրեն ենթակայ կրթական հաստատութիւններին, յայտնել է թէ հայերի յաւակնութիւնները Օսմանական կայսրութեան օրօք Հայոց Ցեղասպանութիւն տեղի ունենալու կապակցութեամբ միանգամայն անհիմն են. այդ ուղղութեամբ սեմինարներ եւ դասընթացներ են կազմակերպւում ուսուցիչների համար. ուսուցիչները շարադրութեան նիւթ պիտի տան աշակերտներին գրելու, որի թեման է «Հայերի ապստամբութիւնները՝ Առաջին համաշխարհային պատերազմի օրօք»:
Այս բոլորին չենթարկւող ուսուցիչը կրելու է ծանր պատիժ կամ բանտարկութիւն, կամ աշխատանքից հեռացում:
* Համալսարաններում արգելւած է սեմինարներ, դասախօսւթիւններ եւ գիտաժողովներ ունենալ Ցեղասպանութեան կամ Օսմանական կայսրութեան մէջ բնակւող հայերի թեմայով:
* Զանգւածային լրատւական միջոցներին (մամուլ, ռադիօ, հեռուստատեսութիւն) ուղղութիւն է տրւած, որ չգործածեն Հայոց Ցեղասպանութիւն բառը, հայերը զոհ չեն, հայերի յաւակնութիւնները անհիմն են:
* Ընդհանրապէս, Թուրքիայում գոյութիւն չունի գրականութիւն՝ Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ գոյութիւն չունի որեւէ հաստատութիւն, որ ուսումնասիրի Հայոց Ցեղասպանութիւնը (հակառակ նրան, որ ներկայումս Թուրքիայում գոյութիւն ունեն բազմաթիւ քաղաքական, ռազմավարական եւ հասարակական հարցեր ուսումնասիրող հաստատութիւններ):
* Թուրքիայի քրէական օրէնսդրութեան մէջ գոյութիւն ունի մի յօդւած (թիւ 301 յօդւածը), ըստ որի՝

- Որեւէ անհատ որ հրապարակաւ վարկաբեկի թրքութեանը (թուրք ազգին), պատժւելու է՝ վեցից երեք տարի բանտարկութեամբ:
- Որեւէ անհատ, որ հրապարակաւ վարկաբեկի թրքութեանը (թուրք ազգին), պատժւելու է երեքից վեց տարի բանտարկութեամբ:
- Որեւէ անհատ, որ հրապարակաւ վարկաբեկի Թուրքիայի Հանրապետութեան զինւորական, դատական եւ կառավարական կառոյցներին, պատժւելու է երկուսից վեց տարի բանտարկութեամբ:
- Եթէ այդ յանցանքը կատարւի Թուրքիայից դուրս, թուրք քաղաքացու միջոցով, պատիժը նւազելու է մէկերրորդով:

Թիւ 301 յօդւածի հիմունքով տարիներ հալածւել ու բանտարկւել են մտաւորականներ, գրողներ, լրագրողներ, որոնք հակառակ են եղել կառավարութեան հետապնդած քաղաքականութեանը՝ Հայոց Ցեղասպանութեան գծով: Եղել են 60 պարագաներ, կարելի է յիշել Օրհան Փամուքին, Էլիֆ Շաֆաքին, Ռագըբ Զարաքօլուին եւ Հրանտ Դինքին:
Իսկ Հայոց Ցեղասպանութիւնը ժխտող ու ուրացող այս քաղաքականութիւնը ինչպէս է ազդել հանրութեան վրայ:
* * *
Հրանտ Դինքի սպանութիւնից յետոյ՝ փոխւել է հանրային կեցւածքը՝ Թուրքիայում:
* Այժմ կարելի է գրել ու խօսել Հայոց Ցեղասպանութեան մասին, սակայն չափաւոր (ինչը հնարաւոր չէր սրանից տաս տարի առաջ Թուրքիայում):
* Մտաւորականութիւնը հրապարակային ձեռնարկներ է կազմակերպում Ապրիլ 24-ի զոհերի յիշատակին (այս տարի երրորդ տարին է, որ Ստամբուլի Հէյդար Փաշա երկաթուղակայանում ապրիլի 24-ին հրապարակաւ ոգեկոչւեց 1915-ի ապրիլի 24-ին զոհւած հայ մտաւորականների յիշատակը. յիշեալ երկաթուղակայանը այն վայրն էր, ուր հայ մտաւորականները ձերբակալւելուց յետոյ՝ այդտեղից ուղեւորւեցին դէպի անյայտ վայրեր):
* Այժմ բազմաթիւ ուսումնասիրական հաստատութիւններ ձեռնարկներ, գիտաժողովներ ու ցուցահանդէսներ են կազմակերպում՝ «Հայերի դրական դերը՝ Օսմանական կայսրութեան ժամանակաշրջանում» թեմայով:
* Գրախանութներում վաճառւում են գրքեր եւ այլ հրատարակութիւններ՝ նման թեմաներով:
Պետական այս դիւանագիտութիւնը բացի այն, որ չի յանգել իշխանաւորների սպասւած արդիւնքին, դեռ աւելին՝ պատճառ է դարձել, որ ժողովրդի եւ պետութեան միջեւ ստեղծւեն մեծ ճեղք, տարածութիւն եւ անջրպետ՝ այս հարցում: Այլեւս պետական քաղաքականութիւնը չունի այն վարկն ու ազդեցութիւնը ժողովրդի մօտ: Թուրքիայի նման մի երկիր, որ փորձում կամ յաւակնում է ունենալ ժողովրդավար կարգեր, գիտակցում է նաեւ, որ ժողովրդավարութեան ամրակայման համար կարեւոր է ժողովրդի մօտ ունենալ վարկ ու յենարան, այն, ինչը չի պատահել Թուրքիայի պետութեան եւ ժողովրդի մօտ Հայոց Ցեղասպանութեան հարցում. պետութիւնը ասում է այլ բան, ժողովուրդը անում է մի այլ բան: Կամ հանրութիւնը պիտի համակերպւի պետութեանը, կամ պետութիւնը պիտի իրեն համակերպի հանրութեան կարծիքի հետ:
Անցեալում պատահած դէպքերը ձեւակերպում են ներկան եւ ներկայում պատահած դէպքերը, անշուշտ, ձեւակերպելու են ապագան:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։