Հա

Գաղափարական

13/12/2012 - 11:13

Իրանագէտ, գիտութիւնների թեկնածու, դոցենտ Գոհար Իսկանդարեանի զեկոյցը
(Շարունակութիւն նախորդ համարից)

alt2004 թւականի աշնանը Իրանի Իսլ. Հանրապետութեան նախագահ Սէյէդ Մոհամմադ Խաթամին Հայաստանի Հանրապետութիւն կատարած պաշտօնական այցի ընթացքում սեպտ. 9-ին այցելեց Ծիծեռնակաբերդ՝ յարգանքի տուրք մատուցելու Եղեռնի զոհերի յիշատակին, սակայն նա որեւէ կերպ չորակեց Թուրքիայի տարածքում 1915 թւականին տեղի ունեցած ոճրագործութիւնը, ոչ բանաւոր, ոչ էլ առաւել եւս գրաւոր կերպով:

Ցեղասպանութեան թանգարանի տնօրէնը նրան նւիրեց 1915 թւականի Մեծ Եղեռնի զոհերի մասին մի աշխատութիւն, Հայաստանի քարտէզը, «Սասունցի Դաւիթ» էպոսը եւ Արարատ լեռան լուսանկարների մի ալբոմ: Իրանի Իսլ. նախագահը հետաքրքրւեց, թէ ինչ են խորհրդանշում Ծիծեռնակաբերդի համալիրի յուշակոթողները եւ, բնականաբար, ստացաւ սպառիչ պատասխան:
Մենք որոշակի վերապահումով ենք մօտենում Իրանի Իսլ. Հանրապետութիւնում ՀՀ նախկին դեսպան Ղարիբջանեանի «Հայ լուր»-ին տւած այն կարծիքին, թէ Խաթամիի այցը Ծիծեռնակաբերդ ապացուցում է, որ Իրանում յստակ վերաբերմունք կայ այս խնդրի նկատմամբ. մենք առաւել հակւած ենք այն դիտարկմանը, որ Խաթամիի այցը Մեծ Եղեռնի յուշարձանին ՀՀ արտաքին գերատեսչութեան արարողակարգի բաղկացուցիչ մասն էր, չնայած չենք կարող չբացառել նաեւ այն հանգամանքը, որ Իրանի պէս հզօր երկրի նախագահը կարող էր պարզապէս չայցելել Ծիծեռնակաբերդ եւ ՀՀ-ն որեւէ կերպ չէր կարող առարկել՝ ելնելով երկու երկրների բարիդրացիական յարաբերութիւններից, ինչի ականատեսը մենք եղանք Ահմադինեժադի այցելութեան ժամանակ, երբ նա Ծիծեռնակաբերդ չայցելեց: Ի դէպ երբ փորձեցինք ուսումնասիրել ԻԻՀ նախագահի (Խաթամի) ինտերնետային կայքը, ի զարմանս մեզ, որեւէ ակնարկ անգամ չգտանք նրա Ծիծեռնակաբերդ կատարած այցի մասին: Իրանի նախագահի ինտերնետային կայքում ներկայացւած էին Խաթամիի այցը Հայաստան, նրա հանդիպումները նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի հետ, անգամ զետեղւած էր ուսանողութեան հետ հանդիպման փաստը, բայց ոչ մի խօսք չկար Ցեղասպանութեան յուշարձան այցելելու մասին: Կարելի է նշել, որ Խաթամիի այցը Ծիծեռնակաբերդ միայն Հայատանի Հանրապետութեան ներքին սպառման համար էր նախատեսւած:
Այսպիսով՝ Իրանի դիրքորոշումը՝ Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ, հետեւեալն է՝ չարգելել հայ պատգամաւորների ելոյթները մեջլիսում, թոյլատրել ռադիոկայաններով նրանց ելոյթների ձայնասփռումը, չխոչընդոտել հայերի խաղաղ երթերին՝ ներքին գործերի նախարարութեան կողմից նախապէս նշւած վայրերով, հայկական լրագրերում տպագրւող նիւթերին, Ցեղասպանութեանը նւիրւած յուշարձանների կառուցմանը, միեւնոյն ժամանակ ոչ միայն պաշտօնապէս չճանաչել, այլ նաեւ փորձել խուսանաւել վերոյիշեալ հարցի քննարկումից: Իրանի նման մօտեցումը կարելի է բացատրել Թուրքիա-Իրան լաւ յարաբերութիւնների, եթէ այսպէս կարելի է ասել, առկայութեամբ՝ Եւրոպայի հետ Իրանի առեւտրի ծաւալի զգալի մասը Թուրքիայի տարածքով է անցնում, ինչպէս նաեւ Իրանի թուրքախօս իրանցիների ներկայութիւնը հաշւի առնելով՝ առնւազն անհեթեթ կը լինէր նրանց ներկայութիւնը հաշւի չառնել այս հանգամանքում:
Բնականաբար, Իրանի նախագահը, պաշտօնական բոլոր դէմքերը, ինչպէս նաեւ իրանական մամուլը պէտք է վեր դասեն սեփական ազգային շահերը՝ միւս բոլոր հարցերից: Միեւնոյն ժամանակ, Իրանի կառավարութիւնը ինչպէս 20-րդ դարի սկզբին, այնպէս էլ այսօր մեծ ջերմութեամբ ընդունում է հայերին՝ չոտնահարելով նրանց իրաւունքները եւ զգացմունքները:
Իրանահայութիւնը բաւական ակտիւ նախապատրաստւել էր Մեծ Եղեռնի 90-ամեակին եւ ես կարծում եմ, որ 100-ամեակին եւս բաւական լուրջ են պատրաստւելու:
Մի քանի բան, թէ ինչ է կատարւել այն ժամանակ. իրականացրել էին մի շարք միջոցառումներ, մարտի 9-ին «BBC» ռադիոյի պարսկական բաժնում լայն արձագանգ գտաւ Հայոց Ցեղասպանութեան թեման: 2005 թւականի ապրիլի 14-ին «Ալիք»-ի ինտերնետային կայքում տպագրւեց Ցեղասպանութեան 90-ամեակի շրջանակներում Իրանում իրականացւող միջոցառումների ծրագիրը: Առաւել ուշագրաւ էր Իրանահայ գրողների միութեան կողմից իրականացւող աշխատանքը, այն է՝ տպագրել վերապրողների վկայութիւնները՝ պարսկերէնով:
Հայկական հարցերի ուսումնասիրման կենտրոնը ձեռնարկել էր 30-րոպէանոց վաւերագրական ֆիլմի պատրաստում՝ պարսկերէն լեզւով: Արդէն ստեղծւել են մօտ 20 ինտերնետային էջ՝ ե՛ւ անգլերէն, ե՛ւ պարսկերէն ընթերցողի համար: Այս ամէնը իրանահայութիւնը իրականացրեց ողջ տարւայ ընթացքում:
Մեր ուշադրութիւնը կենտրոնացաւ յատկապէս «Ալիք»-ի ինտերնետային կայքում տեղադրւած պարսկական այն թերթերի գլխագրերի վրայ, որը իսկապէս բաւական ազդեցիկ էր: «Մարդոմսալարի» օրաթերթը ապրիլի 25-ի համարում գրել էր «Հայերը ցուցադրեցին իրենց զայրոյթը», «Շարղ» օրաթերթը կիրակի, ապրիլի 24-ի համարում լայնօրէն անդրադարձել էր Հայոց Ցեղասպանութեանը եւ վերնագրել «Մէկ դար Ցեղասպանութիւն» խորագրով, «Էըթեմադ» օրաթերթը գրում է. «90 տարի առաջ Թուրքիայի պետութիւնը ձեռնարկեց բնաջնջել հայերին եւ մինչ այժմ չի ընդունել այդ իրողութիւնը: Այս առումով՝ երէկ թեհրանահայերը բողոքի երթ կատարեցին եւ ապա ընթերցելով բանաձեւը՝ բոլոր երկրներից պահանջեցին ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը»:
«Ջոմհուրիէ Էսլամի» օրաթերթը գրում էր «Հայերը պահանջում են աշխարհի բոլոր պետութիւններից, որպէսզի ճանաչեն Հայոց Ցեղասպանութիւնը»: Բոլորից ծաւալունը «Իրան» օրաթերթի անդրադարձն էր՝ ապրիլի 25-ի համարում նշելով տեղի ունեցած քայլարշաւի եւ ընթերցւած բանաձեւի վերաբերեալ:
Յատկանշական է, որ 2005 թւականին իրանահայութիւնը բաւական ակտիւ գործեց եւ պատշաճ կերպով ներկայացրեց Հայ Դատի պահանջները. այդ գործում նրանց բաւական օգնեց հէնց իրանական մամուլը, որը եւ պէտք է բարձրացնէր Իրանում Հայոց Ցեղասպանութեան շուրջ իրազեկութեան մակարդակը:
2010 թւականին Հայոց Ցեղասպանութեան մասին մի գուցէ նաեւ ակամայից խօսեց Իրանի փոխնախագահ Համիդ Բաղային՝ նշելով, որ «Օսմանեան կայսրութիւնը 100 տարի առաջ Ցեղասպանութիւն է իրականացրել հայերի նկատմամբ»: Իհարկէ, հետագայում սրբագրւեց այս յայտարարութիւնը, սակայն ողջ հայկական եւ թուրքական մամուլը արագօրէն արձագանգեցին այս նիւթին:

(Շար. 2 եւ վերջ)

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։