Հա

Գաղափարական

10/12/2012 - 10:52

Զեկուցաբեր՝ «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեան

altՀայաստանի Հանրապետութեան դիրքորոշումներն ու գործունէութիւնը՝ Հայ Դատի եւ Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ, պէտք է կրեն գերազանցապէս պետական եւ ինչու ոչ նաեւ համազգային բնոյթ ու նոյն մակարդակով էլ պէտք է համարժէքօրէն կրեն հայեցակարգային-դոկտրինային բովանդակութիւն, տարածւելով ոչ միայն երկրի արտաքին քաղաքականութեան գերատեսչութեան, այլեւ ազգային-պետական քաղաքականութեան ողջ համակարգում:

Այս առումով անհրաժեշտաբար պէտք է արձանագրել մի քանի քաղաքական-ռազմավարական սկզբունքներ եւ նպատակներ՝ ըստ հետեւեալի, որոնք մշտապէս ամրագրւած են եղել հայ քաղաքական մտաւոր խաւի եւ ազգային շրջանակների յաջորդական զանազան քննարկումներում.
ա- Հայաստանը համայն հայութեան հայրենիքն է: Առ այդ՝ Հայաստանի Հանրապետութիւնն իր հոգածութիւնը պէտք է տարածի հայրենաբնակ եւ արտերկրի հայութեան վրայ:
բ- Անհրաժեշտ է Հայաստանի ժողովրդագրական առկայ իրավիճակի մտահոգիչ պատկերի բարեշրջումը՝ պետականօրէն ծրագրւած նախաձեռնութիւններով եւ համազգային ճիգերով, նպատակադրելով բնակչութեան թւական աճի շարունակական ապահովումը, ինչպէս նաեւ սոցիալ-տնտեսական իրավիճակի հասարակական բարեկեցութեան երաշխիքների առկայութիւնը:
գ- Հազարամեակների ընթացքում հայ ժողովրդի ստեղծած մշակութային կոթողների եւ ոչ-նիւթական ու բարոյական արժէքների պահպանման հարցը առնչւում է մեր ինքնութեան պահպանման եւ քաղաքակրթական արժէքների հաստատման հետ: Այս առումով կարեւոր է մեր պատմութեան խեղաթիւրման դէմ գիտական եւ քարոզչական հետեւողական պայքարը:
դ- Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը, հայութեան իրաւունքների հատուցումն ու հողային պահանջը համահայկական գերխնդիր են՝ մնալով միշտ օրակարգի առաջնային գծում:
ե- Ազգային անվտանգութեան, ինչպէս նաեւ ազգային նպատակների իրականացման տեսակէտից Հայաստանի համար էական գործօն է կազմակերպւած ու քաղաքականացւած Սփիւռքը, որի հայկական ինքնութեան պահպանումը եւ կազմակերպական հզօրացումը առաջնահերթութիւն է, քանզի այն, ինչ որպէս պետութիւն՝ չի կարող ասել Հայաստանի պետութիւնը, որպէս փոխլրացնող օղակ՝ կարող է հարցին ամրօրէն հետամուտ լինել կազմակերպւած Սփիւռքը:
Ահաւասիկ, հիմք ընդունելով վերոգրեալ նպատակային-սկզբունքային դրոյթները, առաջադրելի են հետեւեալ քայլերը՝ Հայաստանի Հանրապետութեան պատկան գերատեսչութիւնների եւ մարմինների կողմից.
1- Համակարգւած կերպով շարունակել Հայոց Ցեղասպանութեան համաշխարհային ճանաչման ու հայութեան իրաւունքների վերականգնման պահանջատիրութիւնը, նպատակ ունենալով Թուրքիայի պետութեան կողմից Ցեղասպանութեան պաշտօնական ճանաչումն ու թուրք պետութեան պատասխանատւութեան հաստատումը՝ հայութեան ազգային պահանջների հատուցման գծով:
2- Համակարգւած պայքար տանել Ցեղասպանութեան ուրացման դէմ «Թուրքիայից հատուցում պահանջելու» մշակւելիք հայեցակարգի հիման վրայ, ճշտելով երկարաժամկէտ ու կարճաժամկէտ ծրագրեր:
3- Արցախ-Հայաստան փաստացի միացման միջազգային ամրագրման առաջադրանքից մեկնելով, հետապնդել ԼՂՀ-ի միջազգային ճանաչումը, որի առաջին իսկ քայլը արդէն իրականութիւն է (նկատի ունեմ Վելզ-Աւստրալիա):
Առանցքային համարել Հայաստանի եւ Արցախի ազգային անվտանգութեան անսակարկելի հանգամանքը եւ ազատագրւած տարածքների վերաբնակեցումը նկատել այդ հրամայականից բխող համազգային առաջնահերթ խնդիր:
4- Զաւախքի ազգային եւ տարածքային ամբողջականութեան, նրա ինքնավար կարգավիճակի ձեւաւորման եւ ամրապնդման խնդիրը մաս է կազմում Հայ Դատի համապարփակ ռազմավարութեան, միաժամանակ Ջաւախքի հայութեանը ազգային, մշակութային եւ հոգեւոր ժառանգութեան եւ համախումբ գոյակերպի պահպանման խնդիրը կենսական առաջնահերթութիւն են Հայաստանի Հանրապետութեան եւ համայն հայութեան համար:
5- Պէտք է հետամուտ լինել Թուրքիայի եւ Արեւմտահայաստանի տարածքում ապրող հայութեան իրաւունքների պաշտպանութեան եւ ծպտւած հայերի հայաճանաչման:
6- Մշակել հայեցակարգ՝ ի խնդիր հայութեան միասնականութեան՝ Հայրենիքի եւ Սփիւռքի միջեւ: Ձգտել Սփիւռքի հայութեան ներուժի համախմբման եւ արդիւնաւէտ օգտագործման: Աշխատել, որ Սփիւռքը իր տեւական եւ արդիւնաւէտ ներդրումն ունենայ Հայրենիքի հզօրացման եւ առաջադիմութեան, իսկ Հայրենիքը՝ Սփիւռքի պահպանման եւ մտաւոր զարգացման գործում:
7- Երիտասարդութեան հայեցի դաստիարակութիւնը, ինքնութեան կերտումը եւ քաղաքականացումը համարել հայութեան պայքարի ուժականութեան հիմնական գործօն: Սրան եւս անհրաժեշտաբար պէտք է վերաբերւել պետական մակարդակով ու մտածողութեամբ:

* * *

Այս ընդհանուր առաջադրանքների լոյսի ներքոյ, պէտք է անդրադառնալ նաեւ, որ Թուրքիան աշխուժացնում է թուրքալեզու երկրների հետ իր յարաբերութիւնը եւ պարբերաբար իրականացնում է համագումարներ՝ նպատակ ունենալով կազմակերպել «Թուրքական Սփիւռք»՝ ընդլայնելով իր քաղաքական ու տնտեսական ազդեցութիւնը՝ տւեալ երկրներում, որով էլ Թուրքիան հնարաւորութիւն է ունենում անցեալի համեմատ՝ առաւել ազդեցիկ դերակատարութիւն ցուցաբերել տարածաշրջանային հարցերում: Այս ծիրում Թուրքիայի նախաձեռնութեամբ սկսել է զարգանալ արեւմուտքից արեւելք (Թուրքիայից Ադրբեջան եւ Կենտր. Ասիա) ձգւած առանցքը, որն սպառնում է փոխարինել Հիւսիս-հարաւ առանցքը (Ռուսաստան-Հայաստան-Իրան):
Թուրքիան ծաւալել է հետեւողական եւ աշխոյժ քաղաքականութիւն՝ Եւրոպայի գրեթէ բոլոր երկրների հետ՝ դառնալով նրանց քաղաքական ու տնտեսական գործընկերը: Միեւնոյն ժամանակ, Եւրոպայի եւ ԱՄՆ-ի տարածքում կազմակերպում է իր համայնքները՝ նրանց վերածելով քաղաքական գործօնների, որոնք արդէն իսկ գործածւում են որպէս ներքին ճնշամիջոց:
Վերոգրեալը յատկապէս փաստում է այն, որ Թուրքիայի հակահայ կեցւածքն ու յարձակողական քաղաքականութիւնը, ըստ էութեան, փոփոխութեան չեն ենթարկւել, իսկ միւս կողմից ոչնչով չի արդիւնաւորւել Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների «բարելաւմանը» ուղղւած ՀՀ այսպէս ասած նախաձեռնողական գործընթացը:
«Ճանապարհային քարտէզի» համաձայնեցման մասին Հայաստանի, Թուրքիայի եւ Շւէյցարիայի արտգործնախարարութիւնների Ցիւրիխեան համատեղ յայտարարութիւնը, Հայաստանի եւ Սփիւռքի ազգային-քաղաքական կազմակերպութիւնների եւ շրջանակների գնահատմամբ, չէր համապատասխանում Հայաստանի եւ հայութեան ռազմավարական շահերին: Եւ ինչպէս ցոյց տւեցին հետագայ զարգացումները, նման գնահատականը ճիշտ էր, քանի որ առ այսօր «Ճանապարհային քարտէզի» մասին յայտարարութեան արդիւնքում՝ Հայաստանը որեւէ դրական արդիւնք չի ստացել, իսկ Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ խօսել նախապայմաններով եւ արդէն իսկ Արցախեան հարցի կարգաւորման գործընթացներում, հանդէս գալով իր անմիջական միջամուխ կողմ լինելու բարձրաձայն յայտարարութիւններով:
Սկիզբ առած հայ-թուրքական վտանգաւոր գործընթացներին զուգահեռ՝ Հայաստանում օրէնսդրական նախաձեռնութիւնների մակարդակով քննարկման են ներկայացւել «Հայոց Ցեղասպանութեան համընդհանուր ճանաչման եւ դատապարտման պետական քաղաքականութեան հիմնադրոյթների մասին» եւ Քրէական օրէնսգրքում լրացում կատարելու նախագիծը, ըստ որի՝ առաջարկւում է Օսմանեան Թուրքիայում եւ Արեւմտեան Հայաստանում իրագործւած Հայոց Ցեղասպանութիւնը հերքելու, մեղմացնելու, հաւանութիւն տալու, արդարացնելու կամ ուրանալու դէպքերում նախատեսել քրէական պատասխանատւութիւն՝ տուգանքից մինչեւ ազատազրկւում: Այդ օրինագծերը մտել են ՀՀ ԱԺ-ի մեծ օրակարգ, սակայն խորհրդարանական մեծամասնութիւնը հակւած չէ այն ընդունել:
Այս իրավիճակը (հայ-թուրքական յարաբերութիւններում առաջընթացի չգոյութիւնը) Գիտութիւնների ազգային ակադեմիայի Արեւելագիտութեան ինստիտուտի գիտաշխատող Վահրամ Տէր-Մատթէոսեանը բնութագրել է որպէս յետընթաց եւ նկատել է թէ՝ ՀՀ արտաքին գերատեսչութիւնը պէտք է համապատասխան հետեւութիւններ անի եւ քայլեր իրականացնի, որպէսզի, օրինակի համար, Եւրոյանձնաժողովի նման հեղինակաւոր կազմակերպութեան տարեկան զեկոյցում նոյն յարաբերութիւնների մասին հետեւեալ կէտերը մտցւեն.
1- Պէտք է վերադարձնել նախկին ձեւակերպումը՝ նշելով, որ Թուրքիան է փակել Հայաստանի հետ սահմանը:
2- Պէտք է առաւել կոշտ ձեւակերպում մտցւի զեկոյցում եւ նշւի, որ Թուրքիան Հայաստանին ենթարկում է քաղաքական ու տնտեսական շրջափակման:
3- Պէտք է հասնել նրան, որ Թուրքիան կամայական մեկնաբանութիւններով չառաջնորդւի Հայաստանի հետ յարաբերութիւններում եւ նման կերպ չառաջնորդւի նաեւ ՀՀ եւ ՀՀ քաղաքացիների դէպի ծով ելք ունենալու իրաւունքի հարցում:
4- Պէտք է մինչեւ 2015 թ. զեկոյցներում նշւի, որ Ցեղասպանութեան հարցում Թուրքիան շարունակում է վարել ժխտողական քաղաքականութիւն:
5- Պէտք է ամրագրւի, որ Թուրքիան էական քայլեր չի ձեռնարկում հայոց մշակութային արժէքների պահպանման ուղղութեամբ:

Հեռանկարները՝ մինչեւ Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելից

Պետական մակարդակով, ինչպէսեւ՝ Սփիւռքի ներգրաւմամբ, Հայաստանի Հանրապետութիւնը մինչեւ Ցեղասպանութեան  100-րդ տարելից, նախաձեռնել է կարեւոր միջոցառումներ՝ ծրագրերի մշակմամբ ու համապատասխան քայլերի կիրառմամբ: Զորօրինակ՝ դեռ 2011 թւականին պետական-համակարգող յանձնախմբի ձեւաւորում, նոյն շրջագծում՝ համահայկական մեր ներուժի օգտագործումը՝ 100-ամեակին ընդառաջ, Հայաստանի եւ Սփիւռքի մամլոյ եւ ԶԼՄ-ների դերակատարոթեան կամ նոյն մասշտաբով՝ քաղաքագէտների նոյն նպատակի շուրջ համախմբման եւ նրանց միջոցով նոր հայեցակէտեր մշակելու այլեւս անյետաձգելի քայլերը, որոնք անհրաժեշտ է, որպէսզի գործնական եւ արդիւնաւորման երաշխիքներով օժտւեն:
ՀՀ մշակած ծրագրերը, ինչ խօսք, լայն ընդգրկմամբ իրենց մէջ պէտք է ներառեն ճշտորոշւած թիրախներ՝ քաղաքական, քարոզչական, իրաւական-իրաւագիտական ու կազմակերպական ոլորտներում, դրանք միջազգային բեմերում բանեցնելու համար, որը, անշուշտ, ծանրակշիռ հանգամանք է՝ 100-ամեակին համարժէք՝ օգուտներ ու նպաստներ կորզելու համար: Սակայն, պէտք է փաստել նաեւ, որ Մեծ Եղեռնի 100-ամեակը եւ նրա հետեւանքների յաղթահարման իրաւա-քաղաքական գործընթացի սկիզբը դարձնելու առաջարկները մինչ օրս շարունակում են մնալ իբրեւ «ձայն բարբառոյ յանապատի»:
Թոյլ տւէք, որպէս վերջաբան, մէջբերել «Վէմ» համահայկական հանդէսի 2012 թ.-ի ապրիլ-յունիս համարի խմբագրականից մի հատւած, որով յստակօրէն ուրւագծւում է այն հեռանկարը, որ մենք բոլորս քիչ թէ շատ պէտք է ունենանք մինչեւ 2015 թւականը, այսինքն՝ մինչեւ Ցեղասպանութեան 100-րդ տարելից.
«Մինչեւ 2015-ը նախատեսւող ծրագրերի վերաբերեալ յանձնաժողովի անմիջական պատասխանատուների վերջին յայտարարութիւնների եւ հարցազրոյցների բովանդակութիւնը հիմնականում սահմանափակւում է պատմագիտական պրպտումների շարունակման, ցուցահանդէսների կազմակերպման գիտա-քարոզչական առաջադրանքներով, որոնք շրջանցում են Ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման հիմնախնդիրը: Ուստի՝ հիմնազուրկ չէ այն մտահոգութիւնը, որ նիստերի շուրջ մէկամեայ դադարի մէջ գտնւող այս յանձնաժողովի պատասխանատուների որդեգրած «ակադեմիական կեցւածքների» յետնախորքում թաքնւած է 2015-ին ընդառաջ ցեղասպան Թուրքիայի դէմ իրաւա-քաղաքական գործընթաց սկսելու առաջարկները կասեցնելու միտումը:
Ի վերջոյ, Հայոց Ցեղասպանութեան պատմութեան շուրջ գիտական պրպտումները կարելի է իրականացնել եւ մինչեւ 2015-ը եւ դրանից յետոյ, բայց եթէ Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցը Հայաստանի ու հայութեան համար չդառնայ նրա հետեւանքների յաղթահարմանն ուղղւած համակարգւած իրաւա-քաղաքական նախաձեռնութիւննեի մեկնակէտ, միջազգային հանրութիւնը այս իրադարձութիւնը եւս աստիճանաբար կարող է ներառել սոսկ «ակադեմիական ուշադրութեան» արժանի հիմնահարցերի շարքը»:
Եւ այստեղ, կարծում եմ, տեղին է մէջբերել «Կալիֆորնիա կուրիէր» թերթի խմբագիր Յարութ Սասունեանի յատուկ «Ալիք»-ին տւած հարցազրոյցից մի հատւած, որը Ձեր ուշադրութեանն եմ յանձնում՝ չխմբագրւած տարբերակով:
«ԱԼԻՔ» - Իրաւական տեսանկիւնից ասում են, որ երբ Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակը լրանայ, արդէն Ցեղասպանութեան հարցը իրաւականօրէն կարող է ժամանակավրէպ համարւել: Դուք ի՞նչ կասէք այս մասին, որովհետեւ կարծում եմ՝ սա մի փոքր հիասթափութիւն կապրեցնի մեզ:
Յ. Ս. - Ինձ հրաւիրում են աշխարհի տարբեր կողմերից.     նոր եմ վերադարձել Եգիպտոսից, այնտեղ կազմակերպիչներին նախքան ելոյթ ունենալը՝ ասացի, որ երբ որ ելոյթս վերջանայ, կը տեսնէք մէկ հոգի ոտքի կը կանգնի եւ կը հարցնի՝ պրն. Սասունեան, հարիւամեակը մօտենում է, մենք պէտք է կորցնե՞նք մեր իրաւունքները՝ 100 տարին որ վերջանայ: Ասացին՝ այս ի՞նչ բան է. նման բան մենք երբեւէ չենք լսել, ասացի՝ այս գիշեր կը լսէք, որովհետեւ ես ամէն տեղ, որ գնում եմ, նոյն հարցն է, որը որ դուք հարցրեցիք եւ պատասխանեմ Ձեզ. չգիտեմ այս պատմութիւնը որտեղից է սկսւել եւ ով է սկսել այսպիսի բաներ ասել, սա ամբողջովին անհմն մի խօսք է, այսպիսի բան չկայ: Ճիշտ հակառակը՝ ՄԱԿ-ի Ցեղասպանութեան 1948 թւականի ուխտի մէջ եւ յետոյ աւելի ուշ մի նոր բանաձեւ են անցկացրել այդ ուխտի վերաբերեալ՝ ասելով, որ Ցեղասպանութիւնը անժամանցելի է: Անժամանցելի նշանակում է, որ եթէ 100 տարի, 500 տարի, 1000 տարի էլ անցնի, մեղաւոր կողմը պէտք է հատուցի իր ոճրի համար: Ուրեմն՝ ժողովրդի մակարդակով այդ, որ տարածւում է բերնէբերան աշխարհով մէկ, դա ճիշտ չէ, սխալ է, այդպիսի բան չկայ: Բայց, իմ կարծիքով, հիմա, որ 97-ամեակն է, մենք պէտք է ամէն ինչ անենք, որ այս հարցը օր առաջ լուծւի, պէտք չէ սպասենք անպայման 100-ամեակի կամ 500-ամեակի: 100-ամեակի լրացումով՝ մենք ոչինչ չենք կորցնում, բայց էլ չսպասենք ոչ 100-ամեակի, ոչ 500-ամեակի, որովհետեւ եթէ այսպէս շարունակւի, ձուլում է լինում, հայապահպանումն է դժւարանում եւ մենք յետ ենք գնում, ոչ թէ՝ առաջ: Ուրեմն՝ օր առաջ մենք ամէն ինչ պէտք է անենք, որ այս հարցը լուծւի, նոյնիսկ չսպասենք 100-ամեակին:

1) Հայոց Ցեղասպանւթեան հետեւանքների գնահատման առումով մեզանում լայնօրէն կիրառւող «յաղթահարում» հասկացութիւնից զատ՝ որոշ փորձագէտների կողմից երբեմն օգտագործւում է նաեւ վերացում եզրոյթը, որը, մեր կարծիքով, հիմնաւորւած չէ, քանի որ Հայոց Ցեղասպանութեան հետեւանքների մի մասը եւ առաջին հերթին՝ մարդկային կորուստները անդառնալի են:

ԽՄԲ.

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։