Հա

Գաղափարական

09/12/2012 - 11:19

Ընթերցողի ուշադրութեանն ենք յանձնում այս անգամ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի եւ Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի զեկոյցները, որոնք ուշագրաւ են իրենց գործունէութեան բազմածալքութեամբ. եթէ առաջին զեկոյցում «ՀՈՒՍԿ» հաստատութեան նախագահ Սուրիկ Աբնուսեանը վեր հանեց ընդհանուր համատեքստի միայն Թեհրանի յանձնախմբի գործունէութիւնը, ապա ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանի զեկոյցը իր մէջ ընդգրկում էր ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Արաբական աշխարհի եւ Հայաստանի գրասենեակների եւ յանձնախմբերի գործունէութիւնը, որն էլ յանձնում ենք ընթերցողների ուշադրութեանը:

Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի զեկոյց
«ՀՈՒՍԿ» հաստատութեան նախագահ Սուրիկ Աբնուսեան

(Շարունակութիւն նախորդ համարից)

altԳերաշնորհ Սրբազան Հայր, Հայաստանի Հանրապետութեան յարգելի դեսպան, Իրանի Իսլ. խորհրդարանի յարգարժան պատգամաւորներ, ազգային իշխանութեանց ներկայացուցիչներ, սիրելի զեկուցաբեր գործընկերներ, շատ սիրելի հիւրեր եւ ընկերներ,
Պարտականութիւն ունեմ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի անունից զեկուցելու Ձեզ՝ մեր կատարած գործունէութեան մասին:
Անցնող շրջանում Հայ Դատի յանձնախմբի գործունէութիւնը աւելի մասնակիացւած է եղել որոշ ասպարէզներում: Այս առումով՝ մենք նպատակ ենք դրել կենտրոնանալ՝ երկու ճակատներում աշխատելու.
1- Ներհամայնքային ասպարէզում
ա- Հայ երիտասարդներին եւ ուսանողներին դաստիարակել եւ սովորեցնել, թէ ինչ է Ցեղասպանութիւնը, Հայ Դատը եւ դրանց առնչւող եւ պիտանի գիտելիքներ ու տեղեկութիւններ փոխանցել նրանց: Մեր հիմնական թիրախներն ու գործընկերներն են.
1- Հայ համալսարանականների ընդհանուր միութիւնը
2- Երիտասարդական միութիւնը
3- Ուսանողական միութիւնը
4- Սկաուտական միութիւնները
2- Իրանական մասշտաբում
ա- Պահպանել նախկին յարաբերութիւնները, ստեղծել նորերը եւ ընդլայնել դրանք՝ պարսիկ մտաւորականութեան, քաղաքագէտների եւ հայ ժողովրդի պարսիկ բարեկամների հետ:
 

բ- Հայ Դատին առնչւող եւ հայանպաստ հարցերի մասին ստոյգ եւ համապարփակ տեղեկութիւններ տրամադրել պարսիկ ու հայ մտաւորականների եւ քաղաքագէտների շրջանակներին:
գ- Պարսիկ քաղաքական դէմքերի եւ մտաւորականութեան հետ խորհրդակցաբար՝ կազմել մեխանիզմներ՝ Հայ Դատի իրականացման ասպարէզում օգտւելու համար իրանական ներուժից:
Այս վերջին նպատակից ելնելով է, որ այսօր այս խորհրդաժողովին չեն հնչելու պարսկերէն դասախօսութիւններ:
Նշւած նպատակների իրականացման համար նախատեսել ենք հետեւեալ միջոցները.

alt

1- Ներհամայնքային
ա- Քաղաքական-վերլուծական դասարաններ (12 շաբաթ), իրանական արբանեակային լրատւական գործակալութեան՝ Press TV-ի Թեհրանի գրասենեակի պատասխանատու պրն. Հասան Բեհեշթիփուրի գլխաւորութեամբ:
Դասընթացները բաւականին հետաքրքիր էին եւ ունէին բարձր մակարդակ: Մասնակիցների թիւը սկզբում շատ էր, սակայն 12 նիստերի ընթացքում նօսրացաւ: Այնուամենայնիւ, մենք այս դասընթացները որպէս առաջին փորձ՝ գնահատում ենք օգտակար:
Այս դասընթացներն ունեն 2-րդ եւ 3-րդ հանգրւան եւս, որոնք յոյս ունենք՝ յաջորդ շրջաններում շարունակւեն:
բ- Դասախօսական երեկոներ եւ ժողովրդական հանդիպումներ:
գ- «ՀՈՒՍԿ» հաստատութիւնը միշտ ունեցել է Հայ Դատի բարեկամների ընկերակցական մարմին, որը օգտակար է եղել աշխատանքներում, յատկապէս այն ժամանակներում, երբ յաջողւել է կազմակերպել այդ մարմինը:
Այս շրջանում մենք փորձել ենք շարունակելով այդ գործը՝ մի քիչ աւելի կազմակերպել, մի քիչ աւելի օգտւել այդ սրտցաւ ներուժից եւ ուրախ եմ յայտնելու, որ իրենք իրենց անմնացորդ ներդրումն են բերել տարբեր ասպարէզներում:
Հայ Դատի բարեկամների հետ կազմակերպւել են հանդիպումներ՝ Հայ Դատին առնչւող հարցերի մասին նոր տեղեկութիւններ փոխանցելու նպատակով: Բարեկամների մասին պիտի նաեւ ասել որ՝
1- Ունենք 400-ից աւելի հայ բարեկամների ցանց՝ ցրւած քաղաքի հայաշատ թաղերում:
2- Կազմակերպում են ընդհանուր հանդիպումներ՝ դասախօսական ելոյթներ ի մի բերելով:
3- «ՀՈՒՍԿ» հաստատութեան նիւթական հիմնական աղ բիւրն են հանդիսանում բարեկամների կազմակերպած ձեռնարկները:
4- Հայ Դատի տարբեր ձեռնարկներում նրանք մեծ օժանդակութիւն են ցուցաբերում կազմակերպչական ասպարէզում:
Մենք միշտ մեր ուշադրութեան կենտրոնում ենք պահում հայ բարեկամների ցանցը, որովհետեւ, ցաւօք սրտի, մեր թշնամին չբաւարարւեց միայն հայ ժողովրդի մէկ խաւի դէմ ցեղասպանութիւն կազմակերպելով. ցաւօք սրտի՝ թուրքերը չբաւարարւեցին միայն մէկ դաւանանքին եւ կամ գաղափարին հետեւող, կամ ինչ-որ տարիքի հայերին ոչնչացնելով: Մեր թշնամու արիւնախում լինելու չափը աներեւակայելի էր: Երիտթուրքերը ծրագրել ու փորձում էին իրականացնել բովանդակ հայ ժողովրդի ոչնչացումը: Հետեւաբար՝ մեր բովանդակ հայ ժողովուրդն է, որ պարտականութիւն ունի Հայ Դատի ուղղութեամբ տարւող աշխատանքներում իր ամբողջական ներդրումը բերել:
2- Իրանական ասպարէզում մենք շարունակում ենք մի շատ կարեւոր նախաձեռնութիւն, որն է «Պայման» հանդէսը: Ցանկանում եմ սրան ամենից առաջ անդրադառնալ, որովհետեւ այն իր 15-ամեայ գործունէութեամբ շատ մեծ դերակատարութիւն է ունեցել՝ բացատրելու պարսիկ հայրենակիցներին Իրանում հայ ժողովրդի ներկայութիւնը եւ դերակատարութիւնը՝ մշակութային, տնտեսական եւ քաղաքական ասպարէզներում: Նաեւ մեծ դեր է ստանձնել հայ եւ պարսիկ ազգերի նոյնութիւնները եւ մօտեցումները ներկայացնելու հարցում:
«Պայման» հանդէսի հրատարակութեան նպատակներն են.
1- Ծանօթացնել պարսիկ մտաւորականութեան հայ-պարսկական մշակութային, քաղաքական եւ այլ մերձեցումները:
2- Ծանօթացնել եւ ներկայացնել իրանահայութեանը՝ ընդհանրապէս:
3- Ներկայացնել եւ մանաւանդ որոշ թիւրիմացութիւններից հանել պարսիկ հայրենակիցներին՝ հայ ժողովրդի քաղաքական, մշակութային եւ այլ ասպարէզներում (Եփրեմ խան եւ Իրանի Սահմանադրութիւն ....):
4- Ներկայացնել եւ ծանօթացնել պարսիկ հայրենակիցներին հայ համայնքի դերը Իրանի մշակութային կեանքում՝ սինեմա, թատրոն, գեղանկարչութիւն, արձանագործութիւն, երաժշտութիւն եւ այլն:
5- «Պայման»-ը իրականութեան մէջ իր 15-ամեայ աշխատանքով մեծաւմասամբ յաջողել է իր նպատակների իրականացման մէջ:
6- Փնտրւող հանդէս է պարսիկ մտաւորականութեան          մօտ:
7- Հրատարակութեան գործընթացում կան սահմանափակութիւններ.
1/1- Փոքրամասնութեան հանդէս լինելով՝ ունի իր սահմանափակ շուկան:
1/2- Նիւթական վիճակ
3- Կլոր սեղաններ եւ դասախօսութիւններ՝ հայ եւ մանաւանդ պարսիկ մտաւորականների ու քաղաքական դէմքերի միջոցով՝ հայ եւ պարսիկ լսարանի համար.
Պարսիկ հասարակութեան հետ կատարելիք աշխատանքներում մենք միշտ չէ, որ սահմանափակւում ենք քաղաքական ձեռնարկներ կազմակերպելով, այլ կազմակերպել ենք մշակութային ձեռնարկներ՝ թէ՛ պարսիկ արւեստագէտների ուշադրութիւնը գրաւելու, եւ թէ՛ օգտւելու համար մշակոյթի հզօր միջոցից: Այդ շարանում կազմակերպւել են երկու կարեւոր ծրագրեր, մէկը իրանահայ երաժշտագէտ Ռուբիկ Գրիգորեանին նւիրւած յուշերեկոն էր, որը մեծ ընդառաջում գտաւ պարսիկ արւեստագէտների ու երաժշտագէտների կողմից եւ իր արձագանգն ունեցաւ մանաւանդ իրանական օրաթերթերում եւ հանդէսներում:
Միւս ծրագիրը Հայաստանի Երգի պետական թատրոնի ելոյթն էր՝ Արթուր Գրիգորեանի ղեկավարութեամբ, որոնք ներկայացնում էին Կոմիտաս: Այս ելոյթին եւս հրաւիրւել էին պարսիկ հանդիսատեսներ, որը նոյնպէս մեծ ընդառաջում գտաւ նրանց կողմից:
4- «ՀՈՒՍԿ» հաստատութիւնն ունի մասնագիտացւած գրադարան: Գրադարանը իր տեսակով իւրայատուկ է, միգուցէ նոյնիսկ եզակի, որում մէկտեղւած են ցեղասպանութիւններին առնչւող գրքեր՝ ընդհանրապէս, եւ յատկապէս Հայոց Ցեղասպանութեան մասին գրքեր եւ ուսումնասիրութիւններ:
5- Այս շրջանում, նախորդ շրջանների պէս, կազմակերպել ենք մի շարք գրքերի թարգմանութիւն եւ հրատարակութիւն:
6- Ծրագրւել է եւ իր կազմակերպական աշխատանքների ընթացքում է «Իրանի հայ արւեստագէտների մեծարման շաբաթ» վերնագրով ցուցահանդէս եւ մի քանի ներկայացումներ՝ Իրանի Արւեստի տանը:
Վերջացնելով զեկոյցը՝ միայն ցանկանում եմ աւելացնել այն, որ Հայ Դատի յանձնախմբի յարաբերութիւնները Իրանում աշխատող հայկական բոլոր կարեւոր կենտրոնների հետ ընթանում են շատ սերտ եւ կարելի է ասել՝ բոլորը հոգատարութեամբ են վերաբերւում «ՀՈՒՍԿ» հաստատութեան նկատմամբ
Դրանց շարքում են՝ ՀՀ դեսպանատունը, Թ. Հ. Թեմական խորհուրդը եւ յարակից մարմինները, Սրբազան Հայրը, խորհրդարանի պատգամաւորները եւ միութիւնները, որի համար յայտնում ենք մեր խորին շնորհակալութիւնները:
Մեր հիմնական դժւարութիւնը, սիրելիներ, շատ-շատերի նման նիւթական աղբիւրների պակասն է, որը սահմանափակում է մեզ:
Սիրելիներ, Հայ Դատը կարիք ունի բոլորիդ օժանդակութիւնների: Ով կարող է օգնել՝ թող չվարանի:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։