Հա

Գաղափարական

09/12/2012 - 11:01

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանի զեկոյցը

altԳերաշնորհ Սրբազան Հայր, մեծարգոյ պրն. դեսպան, սիրելի ներկաներ, ես կը փորձեմ 30 րոպէների մէջ արդար լինել այս բոլոր շրջանների մասին եւ ներկայացնել կամ գաղափար տալ նրանց գործունէութիւնից: Պարզ է, որ եթէ իրենք կարողանային եւ բացի ԱՄՆ-ից միւս երկուսը հրաւիրւած էին, այսինքն՝ Մոսկւան եւ Բէյրութը, իրենք էլ իրենց պատճառներով չկարողացան ներկայ լինել, եթէ ներկայ լինէին, վստահ եմ՝ աւելի հետաքրքրական ձեւով կը ներկայացնէին իրենց գործունէութիւնը:

Ամերիկայի Միացեալ Նահանգներ - Նախ շատ արագ ասեմ Հայ Դատի յանձնախումբ անունը առաջին անգամ Դաշնակցութիւնը օգտագործել է 1944 թւականին: 1944 թւականին երբ որ պատերազմը աւարտւում էր, Միաւորւած Ազգերի Կազմակերպութիւն պէտք է հիմնադրւէր: Դաշնակցութիւնը մտածել է, որ ճիշտ կը լինի դիմում ներկայացնենք նոր ձեւաւորւող միջազգային կազմակերպութեանը՝ հայկական տարածքների մասին՝ Թուրքիայի կողմից գրաււած հայկական տարածքների մասին: Բանակցութիւններ են եղել հայկական քաղաքական միւս կուսակցութիւնների հետ, լեզու չեն գտել, յիշենք՝ սառը պատերազմի սկիզբն էր, փաստօրէն, եւ Դաշնակցութիւնը միայնակ ներկայացրեց յուշագիր: Միւս կազմակերպութիւնները հաւաքաբար առանց Դաշնակցութեան ներկայացրեցին: Դաշնակցութեան ներկայացրած յուշագիրը եղաւ Հայ Դատի յանձնախումբ (Armenian National Committee) անունով, գլխաւոր պատասխանատուն Սիմոն Վրացեանն էր:
Այնուհետեւ 50-ամեակին ձեւաւորւեցին 50-ամեակի յանձնախմբեր, որոնք, ի վերջոյ, Դաշնակցութեան համակարգի մէջ Հայ Դատի յանձնախմբեր կոչւեցին: Իսկ գրասենեակներ Դաշնակցութիւնը սկսել է ունենալ 80-ականներից, յատկապէս առաջինը Վաշինգտոնում՝ 1984 թւականին: Ի դէպ, մէկ բան փակագծում յաւելեմ՝ Սրբազան Հօր ներկայացրածին յաւելեալ, որ երբ որ 1973 թւականից մինչեւ 1983 թւականը ՄԱԿ-ի Մարդկային իրաւանց յանձնախմբի Փոքրամասնութիւնների պաշտպանութեան ենթայանձնախմբի մէկ զեկոյցը կը պատրաստւէր՝ 10 տարի տեւեց մեր պատճառով, այսինքն՝ հայերի պատճառով. այդ զեկոյցի քննակումներին մասնակցել ենք մենք՝ Հայ Դատի կառոյցի ներկայացուցիչները՝ որպէս մասնագէտներ, գլխաւորաբար՝ Շաւարշ Թորիկեանը եւ ուրիշներ՝ Յարութ Սասունեան եւ այլ ընկերներ եւս Ժնեւից, բայց՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխարկով, որը հնարաւորութիւն էր ստեղծում Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան միջոցով՝ որպէս անդամ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի: Փառք Աստծոյ, այսօր վիճակը այդպէս չէ, ՄԱԿ-ի ամբիոնից հանրապետութեան նախագահից սկսած մինչեւ վարչապետ կամ արտգործնախարար հնարաւորութիւն ունեն՝ հայերի տեսակէտը փոխանցելու:
Ուրեմն՝ առաջին գրասենեակը հիմնադրւել է Վաշինգտոնում, այստեղ էլ մի կարճ ակնարկ՝ 70-ականներին արդէն ձեւաւորւեց ԱՄՆ-ում Հայկական համագումարը. Հայկական համագումարը մի քիչ մեծ է հնչում հայերէնով, անգլերէնով (Armenian Essembly of America), որը ներկայացնում էր ԱՄՆ-ում հայ քաղաքական կազմակերպութիւնները, հիմնականում՝ Դաշնակցութիւն եւ Ռամկավար Ազատական կուսակցութիւն եւ փողատէրեր: Եւ նպատակը այն էր, որ փողը եւ քաղաքական միտքը միասնաբար ինչ-որ առաջընթաց արձանագրեն: Ինչ-որ առաջընթաց սկսել էին արձանագրել, բայց պարզ է, որ դա ԱՄՆ-ի պետութեան համար շահաւէտ չէր, գտաւ ձեւը, առիթը, միջոցը պառակտելու եւ պառակտւեցին: Պարզ ասելու համար՝ շոյելով դրամատէրերի ինքնասիրութիւնը, որ չհասկացանք՝ եթէ փողը դուք էք տալիս, սրանք ի՞նչ գործ ունեն, քաղաքական կուսակցութիւնները քաշւեցին ի վերջոյ: Այսինքն՝ մենք սկսել էինք այդ աշխատանքը, բայց աւելի մեծ համախմբւածութեամբ: Վերջը երբ որ դուրս եկանք, 1984-ին հիմնեցինք Հայ Դատի Վաշինգտոնի գրասենեակը:
Հայ Դատի Վաշինգտոնի գրասենեակը գործում է որպէս ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախմբի գրասենեակ, անգլերէնով՝  Armenian National Committee of America: Երկու պարագային էլ միշտ հարց կարող է լինել, որ ինչու committee համեմատաբար աւելի փոքր քան թէ council կամ congress. էսպէս մեծ-մեծ անուններ կան, հիմա մէջտեղ են նետում. կարծում եմ՝ տրամաբանութիւնն այն է, որ ԱՄՆ-ում կուսակցութիւնների բարձրագոյն մարմինները, յատկապէս երկու մեծագոյն կուսակցութիւնների բարձրագոյն մարմինները կոչւում են National Committee եւ ուրեմն՝ National Committee այդ իմաստով է, որ կարծես թէ գործածւած է՝ թէեւ փաստ չունեմ:
Հայ Դատի Վաշինգտոնի գրասենեակից բացի՝ Հայ Դատի յաննախումբը ունի նաեւ գրասենեակներ այլ քաղաքներում, համեմատաբար մեծ անձնակազմով Լոս Անջելեսում (Կալիֆորնիա) եւ աւելի փոքր անձնակազմով Նիւ Եօրքում, որոնք աւելի շատ իրենց տարածքներում են աշխատանք տանում:
Նախ ասեմ, որ բոլոր Հայ Դատի կառոյցներն էլ գործում են իրենց պետութիւնների քաղաքական մշակոյթի համապատասխան եւ չեն կարող ամէն ինչ անել այնպէս, ինչպէս իրենք կը ցանկանային անել, բայց փորձում են անել ամէն ինչ՝ համապատասխան այդ օրէնքներին եւ համակարգին:

alt

Ուրեմն՝ Վաշինգտոնի գրասենեակը եւ ընդհանրապէս Հայ Դատի յանձնախումբը կարելի է ասել՝ հանդէս են գալիս որպէս ամերիկահայ համայնքի քաղաքական կամքը դրսեւորող կառոյց: Կազմակերպական մասը շատ չեմ մանրամասնում, թէեւ, տեսէք, Բրիւսէլինը ուղղակի Բիւրոյին ենթակայ է, Վաշինգտոնինը ճիշտ հակառակը՝ քիչ աւելի ընդգրկուն է պատասխանատւութիւնը, բայց ինքը ընդհանրապէս հանդէս է գալիս որպէս ամերիկահայ համայնքի քաղաքական կամքը ներկայացնող կառոյց, նաեւ իր իրաւական կարգավիճակով այդպէս է: Այդ է պատճառը, որ, օրինակի համար, Armenian Essembly-ի ընտրութիւնների ժամանակ, որ համեմատաբար կարելի է ասել՝ երկրորդ մեծ կազմակերպութիւնն է, ընտրութիւնների ժամանակ շատ չի աջակցում, չի հովանաւորում այս կամ այն թեկնածուին՝ իրաւական իր կարգավիճակից ելնելով: Չնայած վերջերս երբ որ Հայ Դատի ԱՄՆ-ի յանձնախումբը յայտարարեց, որ նախագահական թեկնածուներից ոչ մէկին չի աջակցում, երկու օր յետոյ հնչակեանները յայտարարեցին, որ իրենք Օբամային են աջակցում: Տարբերութիւնն այն է, որ Հայ Դատի յանձնախումբը եթէ նման յայտարարութիւն անէր՝ աջակցել կը նշանակէր աջակցել, այսինքն՝ գնալ աշխատել եւ ոչ թէ մի յայտարարութեամբ հանդէս գալ եւ այդքանով բաւարարւել:
Ամէն պարագայի՝ աշխատանքային ուղղութիւնները մինչեւ Հայաստանի անկախացում կամ մի քիչ էլ առաջ մինչեւ Ղարաբաղեան շարժում հիմնականում եղել էր Ցեղասպանութեան ճանաչում, իսկ Ցեղասպանութեան ճանաչում մեզ համար, Դաշնակցութեան համար եղել է միշտ որպէս միջոց՝ հատուցման հարց բարձրացնելու, ուրեմն՝ եթէ մինչեւ Ղարաբաղեան շարժում՝ Ցեղասպանութեան ճանաչում էր, Ղարաբաղեան շարժումից արդէն օրակարգ ընդգրկւեց, բայց ես անդրադառնամ վերջին երկու-երեք տարիներում կատարւածներին։
Ցեղասպանութեան ճանաչման ուղղութեամբ բանաձեւ կը ներկայացւի Կոնգրես՝ վերահաստատելու, բանաձեւը ինքը այդպէս է կոչւում՝ վերահաստատելու ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանութեան ճանաչման փաստը։ Ի՞նչ է նշանակում ԱՄՆ-ի կողմից ճանաչում, կամ ճանաչել է, կամ չի ճանաչում։ Իրականում, այնքանով, ինչքանով Ռուսաստանի Դուման է ճանաչել այնքանով, ինչքանով Իտալիայի սենատն է ճանաչել, Բելգիայի սենատն է ճանաչել եւ մի շարք այլ պետութիւններ, որտեղ բանաձեւերով ճանաչել են, այնքանով երեք անգամ ԱՄՆ-ի կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն է ճանաչել։ Ինչը որ բանաձեւն է ասում, ասում է, որ որովհետեւ ճանաչել է Ներկայացուցիչների պալատը, որովհետեւ իր օրին նախագահ Ռէյգանը ճանաչել է, օրէնսդիրը դիմում է գործադիրին՝ ասելով երկու բան, որ երբ միջազգային յարաբերութիւնների ժամանակ այս դէպքերին ակնարկ է արւելու, ԱՄՆ-ի նախագահն ասի, որ այս դէպքերը Ցեղասպանութիւն են եւ երբ որ ամէն տարի Ապրիլ 24-ին ԱՄՆ-ի նախագահը ուղերձով է հանդէս գալիս, այս դէպքերը որակի Ցեղասպանութիւն։ Այսինքն՝ ամբողջութեամբ ճիշտ չի ասել, որ ԱՄՆ-ը Ցեղասպանութիւնը ճանաչել է, ամբողջութեամբ ճիշտ էլ չի ասել, որ չի ճանաչել։ Ճանաչելու պարագային կարելի է, որ այս երկու եզրերից մէջտեղինը լինի, ինչպէս որ Հայաստանի պարագային կարելի չէ ասել, որ ամբողջութեամբ ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը կամ ճիշտ չի նաեւ ասել, որ ամբողջութեամբ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը։ Շատ չշեղւեմ նիւթից, բայց այս ճանաչելու մասը, առնւազն այս երկու եզրերի միջինը, շատ մեծ մոխրագոյն երանգներ կան։ Ուրեմն՝ այդ բանաձեւը անընդհատ վերջին 12 տարիներին Սպիտակ տունը փորձում է լիագումար նիստի չհասցնել, որպէսզի յանկարծ չորդեգրւի, որովհետեւ իրենք էլ գիտեն, որ եթէ հասնի լիագումար նիստի՝ կորդեգրւի։ Համապատասխան յանձնախմբերից որդեգրւել է, համաձայնութիւն կայ, այսինքն, բայց մինչեւ վերջն էլ Սպիտակ տունը կարողացել է առաջն առնել, Օբամայի պարագային շատ սուսուփուս, այսպէս կարելի է ասել՝ նոյնիսկ խաբելով՝ օրակարգի չբերւեց։
Ինչ-որ նոր այսպէս մարտավարութիւն, ընդհանուր մէկ ռազմավարութեան արտայայտութիւն, որովհետեւ Դաշնակցութեան համար արդէն անցել ենք, իրականութեան մէջ, Ցեղասպանութեան ճանաչման հանգրւանը, հատուցման հարցեր պէտք է որ բարձրացւեն եւ ուրեմն՝ ԱՄՆ-ի յանձնախումբը յարմար էր նկատել հատուցման հարցի մէկ մասը գոնէ արծարծել՝ եկեղեցիների վերադարձի բանաձեւ ներկայացնելով եւ այդ բանաձեւը ոչ միայն ներկայացւեց, այլ նաեւ որդեգրւեց Կոնգրեսի կողմից։ Բանաձեւը ասում է, որ հաշւի առնելով, որ Թուրքիայում գոյութիւն ունեն բազմաթիւ քրիստոնեաների եկեղեցապատկան կալւածներ, իսկ այդ կալւածները միայն եկեղեցիներ չեն, դպրոցներ, եկեղեցական սպասներ, այսինքն՝ ամէնը ինչ որ պարզապէս պատկանում է այդ քրիստոնէական համայնքներին, ներառեալ՝ հայ համայնքին, պէտք է որ Թուրքիայի պետութիւնը վերադարձնի այդ համայնքներին եւ հնարաւորութիւն տայ, որպէսզի լիակատար ազատութեան մէջ բոլոր հնարաւորութիւնները ունենալով՝ կրօնի իրենց ազատութեան իրաւունքը կիրառեն, գործադրեն։ Այս բանաձեւը որդեգրւեց Կոնգրեսում, ներկայացւած է սենատում, այնտեղ տակաւին այդքան առաջ չի գնացել, բայց սա իսկապէս լրիւ նորութիւն էր։ Նորութիւն էր, որովհետեւ արդէն գրեթէ վայելում էր նաեւ գործադիր իշխանութեան աջակցութիւնը, այսինքն՝ պետքարտուղար Քլինթոնը նոյնիսկ ի նպաստ այս գաղափարի արատյայտւեց։
Միւս հարցը Արցախի ուղղութեամբ աշխատանքներն են, Արցախի անկախութեան ճանաչում, որ Վաշինգտոնի գրասենեակը ուղղակի այս ուղղութեամբ աշխատանքը կենտրոնացնում է Կոնգրեսի եւ պետքարտուղարութեան վրայ: Պետքարտուղարութեան հետ աշխատանքը կենտրոնացած է նրա վրայ, որ թոյլատրեն իրենց դիւանագէտներին յարաբերւել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պաշտօնական ներկայացուցիչների հետ, իրենք այցելեն Լեռնային Ղարաբաղ, որովհետեւ արգելւած է ԱՄՆ-ի դիւանագէտներին, արգելւած է բացի Մինսկի խմբի համանախագահողից ուրիշ դիւանագէտների Արցախ այցելել:
Իսկ ինչ վերաբերում է Կոնգրեսին, Կոնգրեսում յայտարարութիւններ նիստերի ժամանակ, նոյնիսկ՝ բանաձեւի փորձեր եւ տարբեր միջոցառումներ՝ Կոնգրեսի շէնքերում Լեռնային Ղարաբաղի անկախութեան հռչակման կապակցաբար եւ այլն իրականացւում են:
Միւս ուղղութիւնը, որը պէտք է ասել, որ բաւական   նոր է եւ հետաքրքրական, նոր հնարաւորութիւններ կընձեռի, պրն. Գասպարը անդրադարձաւ, որ նաեւ Եւրոպայում ենք իրականացնում, Ջաւախքի ուղղութեամբ հարցերն են։ Յատկապէս Սահակաշւիլու ընտրւելուց յետոյ՝ 2003 թւականին մեր ճիգը եղաւ փորձել Վրաստանի իշխանութիւնների մերձաւորների հետ աշխատելով՝ հարցին օգուտ բերել։ Այսինքն՝ ոչ թէ թշնամական տրամադրութիւններ ստեղծելով, այլեւ իրենք հայերը յաճախ այն ժամանակ ինչ որ ասէին, կասէին, որ սա ռուսական ազդեցութիւն է, ռուսներն են դրդում, ռուսական բազան չեն ուզում դուրս հանել եւ այլն, եւ այլն, բայց արդէն Սահակաշւիլու ընտրութիւնից յետոյ՝ մենք էլ փոխեցինք մեր մարտավարութիւնը եւ փորձում ենք իշխանութիւնների հովանաւորների հետ աշխատել, իսկ այդ հովանաւորները Արեւմուտքն է, Վաշինգտոնը եւ Բրիւսէլը։ Եւ բաւական երկար ժամանակ բաւական դժւարացանք նոյնիսկ ապահովել վիզա, որպէսզի Ջաւախքից ներկայացուցիչներ մեկնեն Եւրոպա։ Ջաւախքի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհուրդ կայ, այդ խորհուրդների ներկայացուցիչները, որ վիզա ստանան, այցելեն եւ ի վերջոյ հնարաւոր եղաւ գոնէ ապահովել Եւրոպա, իսկ ԱՄՆ-ն էլ յոյս ունեմ, որ առաջիկայ ամիսներին կիրականանայ, բայց ինչ որ նաեւ փոխեցինք յատկապէս Դաշնակցութեան այս վերջին Ընդհանուր ժողովից յետոյ, մէկուկէս տարի առաջ, այն էր, որ մեր կառոյցները, որոնց պատկանելութիւնը գաղտնիք չէ, պատահական չէ, որ օրինակի համար՝ Եւրոպայի գրասենեակի անունը European Armenian Federation է, Armenian կայ մէջը, Federation կայ, հասկացողը կը հասկանայ, որ սա Դաշնակցութիւնն է: ASA-ի մասին նոյնիսկ կարելի է ասել, որ մեղադրանք կար, ճիգ կար ասելու, որ դուք դրսից ղեկավարւող կառոյց էք. միայն Հայաստանում չեն ասում այդ բանը եւ ուրեմն՝ հարց կար: Այսինքն՝ յստակ կնիք ունեցող մեր կառոյցներով յարաբերութեանց մէջ մտնել Վրաստանի իշխանութիւնների հետ:
Եւ այդպէս էլ եղաւ. մէկ տարի առաջ ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախմբի երկանդամ պատւիրակութիւն այցելեց Թբիլիսի եւ Ջաւախք եւ բաւական բարձրաստիճան, ներառեալ՝ արտաքին գործերի նախարար ներառեալ՝ ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար, հանդիպումներ ունեցաւ: Եւ այդ հանդիպումների արդիւնքը եղաւ այն, որ աւելի ուշ պրն. Գասպարը այցելեց եւ այլն:
Այդ հանդիպումների արդիւնքում՝ գոնէ ԱՄՆ-ի պարագային մինչեւ հիմա հնարաւոր է եղել հետեւեալը ձեռք բերել, Միացեալ Նահանգների իշխանութիւնների հետ համաձայնութեան գալ, որ Միացեալ Նահանգների արտաքին օժանդակութեան մէջ շատ չնչին, բաւական փոքր գումարի մասին է խօսքը, մէկ միլիոն 200 հազարի մասին է խօսքը, որ փորձեն աջակցել, որպէսզի տնտեսական ներդրումներ կատարւեն Ջաւախքում, ինչը պէտք է աշխատատեղեր ստեղծի, ինչը հնարաւորութիւն պիտի ստեղծի, որ հայերը չարտագաղթեն Ջաւախքից եւ ինչը հնարաւորութիւն կը ստեղծի ի վերջոյ, որպէսզի Ջաւախքը մնայ հայկական:
Վրաստանի իշխանութիւնները այնքան էլ այդպէս ուրախութեամբ չեն ընդառաջել գաղափարին, որ, այո, ցանկանում էք ներդրում անել խնդրեմ, բայց մի քանի հարցերի վրայ մատ թափ տալով էին խօսել մեր ընկերների հետ, բայց յարաբերութիւնները տակաւին բաւական ջերմ ասելը շատ կը լինի, բայց քաղաքավարի յարաբերութիւններ են: Հիմա այդ ուղղութեամբ է, որ աշխատում է նաեւ Վաշինգտոնի գրասենեակը, ոչ ինքը որպէս գրասենեակ, այլ արդէն ԱՄՆ-ում գրանցւած է Սամցխէ Ջաւախքի զարգացման գործակալութիւն, որը այս աշխատանքը տանում է US AID-ի հետ, որոշ տեղ նաեւ Վրաստանի իշխանութիւնների հետ:
Աշխատանքների հիմնական քաղաքական ուղղութիւնները սրանք են:
Միւս աշխատանքները պէտք է ասել որ մարդուժի պատրաստութեանն են վերաբերում. պարզ է, որ Հայ Դատի աշխատանք տանելու համար՝ անհրաժեշտ է, որ մարդուժ լինի եւ այդ հիմնական երեք ուղղութիւնները կան, մէկը՝ Capital gates կոչւածն է՝ «Մայրաքաղաքի դարպասներ», որտեղ աշխատում է Հայ Դատի յանձնախումբը յատուկ ֆոնդերով, այսինքն՝ բարերարներ կան, որ յատուկ այդ նպատակի համար գումարներ են նւիրաբերել, որպէսզի հայ համալսարանաւարտ երիտասարդներ գնան Վաշինգտոն, այս հնարաւորութիւններից՝ բնակութեան վայր եւ այլն, կապեր, ծանօթութիւններից օգտւեն եւ, ի վերջոյ, ստանան նախընտրաբար պետական կառոյցներում, բայց նաեւ այլ ընկերութիւններում Վաշինգտոնում աշխատանք, ինչը ինքնին կը մեծացնի մեր ազդեցութիւնը՝ այնտեղ:
Միւսը համաժողովների կազմակերպութիւնն է, բաւական մեծ թւով այսպէս ասած Հայ Դատի ակտիւիստների մասնակցութեան, որոնք նաեւ գիտելիք, տեղեկութիւն կը ստանան, բայց նաեւ 3-4 օրւայ ընթացքում կը կիրառեն իրենց իմացածը, Կոնգրես կայցելեն, այստեղ-այնտեղ կայցելեն եւ այլն, այսինքն՝ աշխատանք կը տանեն քաղաքական դէմքերի հետ:
Եւ երրորդը՝ Intenshif-ը, որին կարող են մասնակցել ոչ միայն ԱՄՆ-ից, բայց հիմնականում մասնակցում են ԱՄՆ-ից եւ Կանադայից եւ նւազագոյնը վեց շաբաթ կարող են մասնակցել աշխատանքներին ու նաեւ դաստիարակչական որոշ ծրագիր անցկացնել:
Այսքանը՝ ԱՄՆ-ի մասին:
Ռուսաստան - Վաշինգտոնից յետոյ եթէ մէկ պահ ժամանակաւոր գրասենեակը, որ ունեցանք Ժնեւում, անտեսենք, յաջորդը ժամանակագրական կարգով Ռուսաստանինն է՝ 90-ականների սկիզբ 1993-ին, երբ Էդւարդ Յովհաննիսեանը տեղափոխւեց հիմնականում Մոսկւա եւ այդտեղից ինքն էր ղեկավարում գրասենեակը:
Ռուսաստանի Հայ Դատի գրասենեակի պաշտօնական անւանումը Հայ-ռուսական համագործակցութեան ֆոնդ է, բայց ընդունւում է, ընկալւում է նաեւ քաղաքական շրջանակների կողմից որպէս Դաշնակցութեան ներկայացուցչութիւն, թէեւ սկսել է արդէն զբաղւել նաեւ համայնքի քաղաքական կազմակերպւածութեան հարցերով եւ ձեւաւորել է համայնքում գործող հայկական կազմակերպութիւնների ֆորում, որը դիւրացնում է նաեւ ամբողջ համայնքի անունով հանդէս գալու՝ առանց անպայման ստեղծելու խանդի տեսարաններ՝ այդ կազմակերպութիւնների միջեւ:
Այստեղ աշխատանքների բնոյթը, բնականաբար, տարբեր է, քաղաքական մշակոյթը երկրում տարբեր է, թէեւ սկսել են արդէն առնւազն նախագահական թեկնածուների հետ հանդիպումներ ունենալ, հայկական որոշ հարցերի մասին քաղաքական որոշ կուսակցութիւնների հետ նախընտրական հանդիպումներ ունենալ, բայց տակաւին հովանաւորել եւ այլնի հարց եւ աշխատանք չկայ:
Հիմնականում, այստեղ ներկայացւում է Հայաստանի հետ յարաբերութիւնները սերտացնելու խնդիր, որը միայն Հայ Դատի յանձնախմբի տեսակէտը, մօտեցումը չէ, բայց ինչ որ կարելի է՝ որպէս հասարակական կազմակերպութիւն՝ աջակցել նման հարցերի կարգաւորման:
Երկրորդ՝ Ցեղասպանութեան հարց, Թուրքիայի վտանգ եւ երրորդը՝ գլխաւոր հարցը, Ղարաբաղի հարցն է. այստեղ պէտք է ասել, որ մեր գրասենեակը, նոյնքան եթէ ոչ աւելի, աջակցում է Ղարաբաղի իշխանութիւններին, երբ որ նրանք Մոսկւայում են եւ հանդիպումներ եւ այլն պէտք է ունենան տարբեր շրջանակների հետ: Եւ, անշուշտ, միւս աշխատանքը հիմնականում լրատւամիջոցների հետ է, լրատւամիջոցների եւ հասարակական կարծիքի տեսակէտից աշխատանքներից մէկը կամ ձեռքբերումներից մէկը պէտք է նշեմ, որ ռուսական հրատարակչութիւններից մէկի հետ կայ պայմանաւորւածութիւն մատենաշարի, գրքերի բովանդակութիւնը տրամադրում է գրասենեակ. արդէն երրորդ հատորը լոյս կը տեսնի շուտով, իսկ սպառումը կատարւում է այդ հրատարակչատան միջոցով: Եւ վերջինը տարբեր վերլուծական կենտրոնների հետ յարաբերութիւններ՝ Մոսկւայում:
Բէյրութ - Բէյրութում մենք գրասենեակը բացել ենք 2005 թւականին՝ որպէս Մերձաւոր Արեւելքի, Միջին Արեւելքի գրասենեակ, հիմնականում Արաբական, Իսլամական աշխարհի հետ աշխատանք տանելու համար, բայց հիմնականում աւելի շատ Արաբական աշխարհում է, որ աշխատում է:
Անշուշտ, այս վերջին մէկուկէս-երկու տարւայ իրադարձութիւնները սահմանափակեցին որոշ հնարաւորութիւններ, կարելի է ասել՝ որոշ իմաստով էլ նոր հնարաւորութիւններ բացեցին, բայց պէտք է ասել, որ, օրինակի համար, ինչպէս այստեղ շատ հանգիստ ձեւով հրատարակւում է Ղարաբաղի մասին, այսինքն՝ «ՀՈՒՍԿ»-ը հրատարակում է Ղարաբաղի մասին գիրք, Բէյրութի գրասենեակը Խոջալուի մասին է գիրք հրատարակել արաբերէնով եւ այլ ծաւալուն հրատարակութիւններ ընդհանրապէս՝ ներկայացնելու հայութիւնը, հայ համայնքը: Մէկ կարեւոր աշխատանք նաեւ, որ գրասենեակը տանում է, արաբալեզու կայք ունենալն է, արաբալեզու երեք նման կայք կայ. մէկը «Ազդակ»-ինն է, երկուսն ուրիշը:
Լրագրողների հետ կապ, լրագրողների այցելութիւններ դէպի Միջին Արեւելք եւ այլն մինչեւ նորից եմ շեշտում՝ այս վերջին երկու տարիների իրադարձութիւնները, մինչեւ այդ արդէն սկսւել էր արաբական շրջանակների մասնակցութեամբ, արաբական շրջանակների համար կազմակերպել գիտաժողովներ՝ Հայկական Հարցի մասին, վերջինը Բէյրութում էր 2009 թւականին՝ «Հայոց Ցեղասպանութիւնը եւ միջազգային իրաւունքը» խորագրով:
Եւ վերջինը՝ Երեւանի գրասենեակ - Երեւանի գրասենեակը Հայաստանի գրասենեակ չէ, Երեւանի գրասենեակը Երեւանում գտնւող Դաշնակցութեան, Հայ Դատի Կենտրոնական գրասենեակն է: Ժամանակին նման գրասենեակ ունեցել ենք Աթենքում, երբ, օրինակի համար, Դաշնակցութեան Բիւրոյի նստավայրը Աթենքում էր: Արագ ասելու համար՝ նախ ասեմ, որ ունենք պաշտօնական գրանցւած «Հայ Դատի հիմնադրամ» կազմակերպութիւնը, բայց դրա անունով շատ սահմանափակ աշխատանքներ ենք տանում, յատկապէս հրատարակչական եւ այլ աշխատանքներ այդ կազմակերպութեան անունով է, որ տարւում են: Հիմնականում, երկու առաքելութիւն ունի գրասենեակը, մէկը՝ համադրել Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքները եւ երկրորդը՝ պահել կուսակցութեան արտաքին յարաբերութիւնները, յատկապէս՝ այլ կուսակցութիւնների հետ: Ասեմ նաեւ, որ ինքը գրասենեակը ղեկավարւում է Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական խորհրդի կողմից: Բիւրոյի անդամ ընկերներն են, ովքեր Հայ Դատի գործերի պատասխանատւութիւններ ունեն եւ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչը, այս պարագային՝ Արմէն Ռուստամեանը, այսինքն՝ քաղաքական հարցով պատասխանատուն:
Պարբերաբար նաեւ ընդլայնւած կարող է լինել այս խորհուրդը՝ ընդգրկելով գրասենեակների բոլոր պատասխանատուներին, առաւել՝ հարեւան մէկ-երկու երկրների կազմակերպական կուսակցական ներկայացուցիչներ:
Աշխատանքներ իրականացնելուց եւ համադրելուց բացի՝ համադրել ասածն էլ անպայման չի նշանակում թելադրել, այլ համադրել աշխատանքներ՝ տարբեր ուղղութիւններով, որպէսզի բոլորս էլ նոյն ալիքի վրայ լինենք:
Կարծում եմ՝ կարեւոր աշխատանքներից մէկը, որ տանում ենք եւ դրա ներկայութիւնը դեռ շատ զգալի չէ, նիւթերի հաւաքագրում է: Օրինակի համար՝ տարբեր անհատներ կամ Հայաստանի արտաքին գործոց նախարարութիւնից եւ ԼՂՀ-ի արտաքին գործոց նախարարութիւնից, միջազգային կազմակերպութիւններում Ղարաբաղի հարցով ինչ որոշում կայ, ինչ է ասւել, ինչ է գրւել, այս ամբողջը ունենալ եւ,  ի վերջոյ, տրամադրելի դարձնել գոնէ մեր Հայ Դատի համակարգին. սա մէկ օրինակն է, նման այլ հարցեր եւս կան: Ունեցել ենք որոշ հրատարակութիւններ՝ Խոջալուի հարց, կարեւոր փաստաթուղթ է, կարծում եմ՝ Ղարաբաղի հարցի մասին մեր փաստաթուղթը անգլերէնով, որը նաեւ մէկ-երկու այլ լեզուներով էլ հրատարակւեց: Քիչ առաջ պրն. Գասպարը խօսեց Զարաքօլուի մասին, մենք յատուկ, օրինակ, բրոշուր պատրաստեցինք եւ որոշ շրջաններ արդէն օգտագործել են, արաբերէնի են թարգմանել եւ այլն, Թուրքիայում մասսայական, հազարաւոր ձերբակալութիւնների մասին, երբ որ Թուրքիան այդ ձերբակալութիւններն էր իրականացնում եւ Սիրիային դաս էր տալիս, թէ մարդու իրաւունքների պաշտպանութիւն ինչ է նշանակում:
Այս աշխատանքներն են, հիմնականում, կատարւում գրասենեակի կողմից:  

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։