Հա
Շաբաթ, 03 Օգոստոսի 2013 14:43

Տ. Խորէն վրդ. Տէր-Վարդանեանի ծննդեան 140-ամեակի մեծարման երեկոյ

Իրանի Հայ արհեստաւորների միութեան նախաձեռնութեամբ, հինգշաբթի, յուլիսի 25-ի երեկոյեան, միութեան կենտրոնատեղիի «Արամ Մանուկեան» սրահում, տեղի ունեցաւ 20-րդ դարի սկզբում Իրանի Արաքի, Համադանի, Մալայերի եւ շրջակայ գաւառների առաջնորդական փոխանորդ Տ. Խորէն վրդ. Տէր-Վարդանեանի ծննդեան 140-ամեակի մեծարման երեկոն՝ որպէս սոյն յոբելեանական տօնակատարութեանց շարանի կենտրոնական միջոցառում:
Ձեռնարկը կազմակերպւել էր Իրանի Հայ արհեստաւորների միութեան կողմից այս առիթով կեանքի կոչւած յանձնախմբի միջոցով եւ վայելում էր Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հովանաւորութիւնը:
Ծրագրի հաղորդավար Արինէ Ասլանեանի միջոցով ընթերցւած բացման խօսքից յետոյ՝ իր արտայայտութիւններն ունեցաւ յոբելեանական յանձնախմբի նախագահ Գէորգ Աբուլեանը՝ ներկայացնելով  Տ. Խորէն վրդ. Տէր-Վարդանեանի (1872-1918) կեանքն ու բեղմնաւոր գործունէութիւնը՝ թէ՛ աշխարհական, եւ թէ՛ հոգեւորական եղած ժամանակ՝ Իրանի տարբեր շրջաններում իր պաշտօնավարութեան ժամանակահատւածներում՝ որպէս յառաջադէմ հայեացքներով օժտւած անհատ, որով մեծ զարկ տւեց պատկան շրջանների մշակութային ու հոգեւոր կեանքին:
Ապա պրն. Աբուլեանը տեղեկութիւններ փոխանցեց Խորէն վարդապետի մասին իր աշխատասիրութեամբ հրատարակւած գրքի կապակցութեամբ ու շնորհակալութիւն յայտնեց՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդին՝ ձեռնարկը հովանաւորելու եւ ներկայ գտնւելու համար, ու այն բոլոր անհատներին, որոնք օժանդակեցին գրքի հրատարակման աշխատանքներին:
Արտայայտւեցին նաեւ բանաստեղծներ՝ Վարանդը եւ Ալմինը:
Վարանդն ընդգծելով նմանօրինակ գրքերի կարեւորութիւնը, որոնք արտացոլում են իրանահայ դարաւոր համայնքի անցեալի պատմութիւնը՝ հպանցիկ կերպով ներկայացրեց գրքի տարբեր բաժինները, իսկ Ալմինը վկայակոչելով Խորէն վարդապետի մասին իր մօր յիշողութիւնները՝ յոյս յայտնեց, որ նւիրւած հայ եւ հայդուկ Խորէն վարդապետի ծանր ու դժւարին պայմաններում իրականացած արդիւնաշատ գործունէութիւնն օրինակ հանդիսանայ մերօրեայ հոգեւոր ու աշխարհական մշակութային գործիչներին: Նա վերջում ընթերցեց իր հեղինակած «Գանձասար» բանաստեղծութիւնը:
Ծրագրի գեղարւեստական բաժնում Մեղրի Բուդաղեանն ասմունքեց Ամալիա Գաբրիէլեանի «Փրկագին» բանաստեղծութիւնը եւ Իրանի Հայ արհեստաւորների միութեան անդամներ՝ Ռուբիկ Իսայեանը եւ Արսէն Յարութիւնեանը ելոյթ ունեցան հերթաբար՝ «Լեռներ հայրենի» ու «Ժողովրդական Մասիս» մեներգերի կատարմամբ:
Ձեռնարկի հաղորդավարի միջոցով ծրագրի ընթացքում ընթերցւեցին սոյն յոբելեանական միջոցառման առթիւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճեանի եւ Սպահանի հայոց Թեմական խորհրդի շնորհաւորական ուղերձները, նաեւ՝ կարգախօսեր՝ ընդհանրապէս գրքի եւ մասնաւորաբար հայ գրքի կարեւորութեան մասին:
Ծրագրի աւարտին Սրբազան Հայրն իր եզրափակիչ խօսքում բարձր գնահատեց Խորէն վարդապետի ծննդեան 140-ամեակի առթիւ իրանահայ համայնքում նրա տարած հոգեւոր ու մշակութային գործունէութիւնը յոբելեանական միջոցառմամբ մեծարելու մտայղացումը՝ նշելով, որ այսպիսով համայնքն ապացուցում է իր երախտագիտութիւնը՝ հոգեւոր եւ մշակութային երախտաւորների նկատմամբ: Նա նաեւ գնահատանքի խօսք ուղղեց Խորէն վարդապետի գրքի կազմող Գէորգ Աբուլեանին, որով յաւերժացրել է նրա յիշատակը, ուր նրա մասին բազմաթիւ կենդանի վկայութիւններ կան: Սրբազան Հայրը կարեւորութեամբ անդրադարձաւ այն խնդրին, որ պատահականօրէն չէր ընտրւել յոբելեանական ձեռնարկի օրը, քանզի այդ օրը (յուլիսի 25) Խանասորի արշաւանքի տարեդարձի օրն էր, եւ Խորէն վարդապետն աշխարհական եղած ժամանակ մասնակցել էր այդ արշաւանքին՝ շեշտելով, որ Խանասորի արշաւանքով էր, որ հայն ապացուցեց, որ կարող է վրէժ լուծել նրանցից, ով ձգտում են իր գոյութիւնը վերացնել եւ նոյն այդ արշաւանքի ոգին ներշնչման աղբիւր հանդիսացաւ Մայիսեան ու  Արցախեան ազատամարտերի հերոսներին ու Լիսբոնի մարտիկներին:
Սոյն յոբելեանական հանդիսութեանը ներկայ էին՝ Տ. Մակար վրդ. Աշգարեանը, Հայաստանի Ազգային արխիւատան Գիտա-հետազօտական բաժնի վարիչ Գոհար Աւագեանը, Թ. Հ. Թեմական խորհրդի, ազգային մարմինների, միութիւնների ու «Ալիք» օրաթերթի ներկայացուցիչներն ու Խորէն վարդապետի յիշատակը յարգող հասարակութիւն:

Թղթակից՝ Ա. Դ.

 

 

 

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։