Նոռուզին դէպի Հայաստան մեծ ուղեւորահոսք է ակնկալւում: Մարտի 15-ին Թեհրան-Երեւան չւերթով Հայաստան է ժամանել 292 իրանցի, որից «Mahan Air» աւիաընկերութեան ինքնաթիռով 168, իսկ «Iran Aseman Airlines»-ով` 124 հոգի:
«alikonline.ir» - Նոռուզին դէպի Հայաստան մեծ ուղեւորահոսք է ակնկալւում: Մարտի 15-ին Թեհրան-Երեւան չւերթով Հայաստան է ժամանել 292 իրանցի, որից «Mahan Air» աւիաընկերութեան ինքնաթիռով 168, իսկ «Iran Aseman Airlines»-ով` 124 հոգի: Այս մասին «Արմէնպրես»-ի հետ զրոյցում ասել է ՀՀ քաղաքացիական աւիացիայի գլխաւոր վարչութեան մամուլի քարտուղար Սաթենիկ Յովհաննիսեանը: «Այսօր եւս այդ նոյն երթուղով թռիչք կիրականացւի: Նախատեսւում է եւս 270 ուղեւորի ժամանում Երեւան»,- ասել է նա:
Իրանական մի շարք աւիաընկերութիւններ Նոռուզ տօնին ընդառաջ, որի ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետութիւնից դէպի Հայաստանի Հանրապետութիւն մեծ ուղեւորահոսք է ակնկալւում, զգալիօրէն աւելացնում են թռիչքների քանակը:
Մարտի 15-ից ապրիլի 4-ն իրանական աւիաընկերութիւնները Սարիից, Մաշահադից, Թաւրիզից եւ Թեհրանից 67 կանոնաւոր եւ ոչ կանոնաւոր չւերթ կիրականացնեն դէպի Հայաստան: Վերոնշեալ ժամանակահատւածում իրանական աւիաընկերութիւնների կողմից շաբաթական միջինը 22 չւերթ կիրականացւի: Սպասւող ուղեւորահոսքն իր դրական ազդեցութիւնը կունենայ Հայաստանի զբօսաշրջութեան եւ տնտեսութեան զարգացման գործում:
Իրանցի զբօսաշրջիկների հոսքը Հայաստան խթանում է նաեւ այն հանգամանքը, որ Երեւանում բացւեց «Հալալի» սերտիֆիկացման գրասենեակ: Նախատեսւում է նմանատիպ գրասենեակներ բացել նաեւ մարզերում: