Հա
12/05/2017 - 10:40

Հայաստանի տարածքով մուլտիմոդալ փոխադրումների հանդէպ իրանական կողմի հետաքրքրութիւնը աճում է

Թեհրանում, Իրանն ու Հայաստանը քննարկել են Հայաստանի տարածքով, այդ թւում երկաթուղային ենթակառուցւածքի օգտագործմամբ, Իրանից եւրոպական երկրներ եւ հակառակ ուղղութեամբ մուլտիմոդալ բեռնափոխադրումների իրականացման նախագիծը:

«alikonline.ir» - Թեհրանում, Իրանն ու Հայաստանը քննարկել են Հայաստանի տարածքով, այդ թւում երկաթուղային ենթակառուցւածքի օգտագործմամբ, Իրանից եւրոպական երկրներ եւ հակառակ ուղղութեամբ մուլտիմոդալ բեռնափոխադրումների իրականացման նախագիծը: Տեղեկացնում է «yerkir.am»-ը՝ վկայակոչելով ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարութեան լրատւական ծառայութեան հրապարակած հաղորդագրութիւնը:

Հաղորդագրութեան մէջ մասնաւորապէս նշւած է. «Թեհրանի առեւտրի, արդիւնաբերութեան, հանքերի եւ գիւղատնտեսութեան պալատի հետ ձեռք բերւած պայմանաւորւածութեան համաձայն մայիսի 3-4-ը ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարարութեան աշխատակազմի երկաթուղու վարչութեան պետ Արսեն Մուսոյեանը եւ «Հարաւկովկասեան երկաթուղի» ՓԲԸ գլխաւոր տնօրէն Սերգէյ Վալկօն Իրանում էին:

Այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ գործարարների, տրանսպորտային ընկերութիւնների եւ 46 նախարարութիւնների ու գերատեսչութիւնների ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Իրանում Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը, ով մեծ աջակցութիւն է ցուցաբերել հանդիպման կազմակերպման եւ անցկացման հարցում:

Քննարկման ընթացքում  «Հարաւկովկասեան երկաթուղի» ընկերութիւնը ներկայացրել է Հայաստանի տարածքով, այդ թւում երկաթուղային ենթակառուցւածքի օգտագործմամբ, Իրանից եւրոպական երկրներ եւ հակառակ ուղղութեամբ մուլտիմոդալ բեռնափոխադրումների իրականացման նախագիծը:

Փոխադրումների՝ այս միջանցքի գործարկման ուղղութեամբ աշխատանքները շարունակական են, քանի որ նախարարութեան գերակայութիւններից է Հայաստանի տարածքով միջազգային բեռնափոխադրումների ծաւալի մեծացումը: Գերմանական եւ վրացական երկաթուղիների աջակցութեամբ արդէն իսկ կայացել է առաջին թեստային փոխադրումը Դոյսբուրգ-Թեհրան երթուղով:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարարութեան դիրքորոշումը ներկայացրել եւ ներկաներին յուզող հարցերին պատասխանել է  Երկաթուղու վարչութեան պետ Արսեն Մուսոյեանը:

Հանդիպմանը ներկայ 120 գործարարներ եւ տրանսպորտային ընկերութիւնների ղեկավարներ մեծ հետաքրքրութիւն ցուցաբերեցին ներկայացւող այս այլընտրանքային նախագծի նկատմամբ»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։