Հա
Կիրակի, 14 Մայիսի 2017 10:50

Իրան-Հայաստան-Ռուսաստա՞ն, թէ՞ Իրան-Ադրբեջան-Ռուսաստան. ո՞ր երկաթուղին կը նախընտրի Իրանը

Երկու կարեւոր հարց կար` ժամանակը եւ արժէքը` արդեօ՞ք այն կարող է մրցունակ լինել Թուրքիայի տարածքով աւտոմոբիլային ճանապարհով դէպի Թեհրան եկող ճանապարհի արժէքի հետ: Քանի որ Իրան-Հայաստան սահման մինչ այդ կոնտէյներ չէր հասել, ուստի սահմանն անցնելու իրաւունքը նամակագրութեան միջոցով պէտք է ստացւէր Թաւրիզի համապատասխան գերատեսչութիւնից: Այդ գործընթացը երկու օր տեւեց: Բայց կարելի է այդ երկու օրը հանել: Այդ դէպքում ստացւում է, որ բեռը Համբուրգից հասաւ Թեհրան 15 օրում` ճիշտ այնքան ժամանակում, որքան նախատեսւել էր: Իսկ արժէքի տեսանկիւնից նոյնիսկ աւելի էժան ստացւեց, քան Թուրքիայի տարածքով մեքենաներով փոխադրելը: Դրան յաւելենք այն, որ այդ աւտոմոբիլային ճանապարհն անցնում է տարբեր երկրներով, դա ռիսկեր է պարունակում, իսկ երկաթգծի դէպքում այդ վտանգները բաւականին նւազում են:

Ստորեւ ներկայացնում ենք «nyut.am»-ի հարցազրոյցը՝ Իրանում Էստոնիայի պատւոյ հիւպատոս, իրանահայ Արմէն Մութաֆեանի հետ: Նա երկար տարիներ աշխատում է միջազգային բեռնափոխադրումների ասպարէզում: 

 

- Պարոն Մութաֆեան, գրեթէ 10 տարի է` խօսւում է Իրան-Հայաստան երկաթգիծ կառուցելու մասին: Պաշտօնապէս նախագծի մեկնարկը տրւել է 2013-ին: Դուք տեղեա՞կ էք, նախագիծն ի՞նչ փուլում է: 

- Իրանական կողմը բազմաթիւ բանակցութիւններ է վարել Հայաստանի երկաթգծի` «Հարաւկովկասեան երկաթուղու» տնօրինութեան հետ` Սերգէյ Վալկոյի գլխաւորութեամբ: Անցած նոյեմբերին մենք փորձնական տարբերակով երկու կոնտէյներ Համբուրգից բերեցինք Թեհրան: Ծովով հասցրինք Փոթի, Փոթիից` Երասխ, իսկ Երասխից թրէյլերներով հասցրինք Թեհրան: 

Մօտ 10 օր առաջ Թեհրանի առեւտրական պալատում մեծ համագումար եղաւ: Ներկայ էր Սերգէյ Վալկօն` իր խմբով: Ներկայ էին Իրանի միջազգային տրանսպորտային ընկերութիւնների ներկայացուցիչներ, ներմուծողներ, արտադրողներ: 100 հոգանոց դահլիճը լեփ-լեցուն էր: Համագումարի ընթացքում ներկայացւեց երկու կոնտէյների փորձնական փոխադրումը: Տարբեր հարցեր հնչեցին: Հնչեց նաեւ Ձեր հարցը, թէ երկաթգծի կառուցումն ինչ վիճակում է, ինչպէս պէտք է լինի: Պատասխանեցին, որ նախնական հետազօտութիւններ արդէն եղել են, անհրաժեշտ է ֆինանսաւորում: Նաեւ տեղեկացնեմ, որ առայժմ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման առնչութեամբ որեւէ կոնկրետ քայլ չի ձեռնարկւել: Բայց իրանական հատւածի նախագիծը, որ մօտաւորապէս 60-65 կմ է, արդէն պատրաստ է: Համագումարում հնչած զեկոյցի համաձայն` հայկական կողմի հատւածի ճանապարհը գծւած է` այն անցնելու է ոչ թէ Մեղրիով, այլ նրանից մի փոքր արեւելք ընկած տարածքով: Այդ հատւածի լեռնանցքն աւելի մատչելի է: Միւս նախագիծը` Իրան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթգիծը, նոյնպէս պատրաստ չէ, թէպէտ այդ մասին խօսւում է աւելի քան 15 տարի: Վերջերս կառուցել են Աստարա (Իրան)-Աստարա (Ադրբեջան) կամուրջը: Բայց Ռաշտ-Անզալի-Աստարա հատւածը, որ շուրջ 250 կմ. է, դեռ չի կառուցւել:

 

- Իսկ Համբուրգից փորձնական փոխադրումն իրեն արդարացրե՞ց: Տնտեսական հաշւարկներն ի՞նչ ցոյց տւեցին: 

- Երկու կարեւոր հարց կար` ժամանակը եւ արժէքը` արդեօ՞ք այն կարող է մրցունակ լինել Թուրքիայի տարածքով աւտոմոբիլային ճանապարհով դէպի Թեհրան եկող ճանապարհի արժէքի հետ: Քանի որ Իրան-Հայաստան սահման մինչ այդ կոնտէյներ չէր հասել, ուստի սահմանն անցնելու իրաւունքը նամակագրութեան միջոցով պէտք է ստացւէր Թաւրիզի համապատասխան գերատեսչութիւնից: Այդ գործընթացը երկու օր տեւեց: Բայց կարելի է այդ երկու օրը հանել: Այդ դէպքում ստացւում է, որ բեռը Համբուրգից հասաւ Թեհրան 15 օրում` ճիշտ այնքան ժամանակում, որքան նախատեսւել էր: Իսկ արժէքի տեսանկիւնից նոյնիսկ աւելի էժան ստացւեց, քան Թուրքիայի տարածքով մեքենաներով փոխադրելը: Դրան յաւելենք այն, որ այդ աւտոմոբիլային ճանապարհն անցնում է տարբեր երկրներով, դա ռիսկեր է պարունակում, իսկ երկաթգծի դէպքում այդ վտանգները բաւականին նւազում են:

 

- 2015 թւականին ՀՀ նախագահ Սարգսեանը իր ելոյթներից մէկում նշել էր, որ չինական կողմի հետ պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել, չինական բանկերը պատրաստ են տրամադրել երկաթգծի կառուցման համար անհրաժեշտ գումարի 60%-ը: Այն ժամանակւայ վարչապետ Հ. Աբրահամեանն էլ Չինաստան այցից յետոյ յայտարարել էր պոտենցիալ ներդրողների մասին: Ի՞նչ եղան այդ ներդրողները, չինական բանկերը: 

- Ես այդ հարցի պատասխանը չգիտեմ: Բայց մէկ ուրիշ հարց էլ այս Հիւսիս-Հարաւ ճանապարհն է: Խոստացան, որ մինչեւ 2016-ի վերջը Մեղրի-Քաջարան հատւածը պատրաստ կը լինի: Բայց չեղաւ: Ֆինանսաւորման խնդիր կայ: Նախագիծը ֆինանսաւորւում է Ասիական զարգացման բանկի միջոցով: Բայց քանի որ նախագծում շրջանառւում է նաեւ Իրանի անունը, ամերիկացիների ճնշման ներքոյ դրամը չի յատկացւում:

 

- Բայց գոնէ այս պահին Իրանի նկատմամբ պատժամիջոցները մասնակիօրէն վերացւել են: 

- Դէ, Իրանում յուսով են` դա պատճառ կը լինի, որ ճանապարհի կառուցումը մի փոքր արագանայ: Գոնէ այս բարդ հատւածները` Մեղրի-Քաջարան, Քաջարան-Գորիս, կառուցւեն:

 

- Երկաթգծի կառուցման դէպքում Իրանը Հայաստանի միջոցով դուրս է գալու դէպի Ռուսաստան, այնտեղից էլ Եւրոպա: Բայց, կարծես թէ, ռուսական կողմն այնքան էլ շահագրգիռ չէ կոնկրետ այս նախագծով: Դրան հակառակ, սակայն, բազմիցս շահաւետ է համարել Իրան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթգծի կառուցումը: 

- Անկեղծ ասած, չեմ կարող պատասխանել: Գուցէ Ադրբեջանի տարածքով երկաթգծի կառուցումն աւելի ողջունելի է այն պատճառով, որ այդ երկաթգիծը հասնում է մինչեւ ՌԴ սահման, իսկ Հայաստանինը` ոչ: Բայց իմ նշած համագումարում Հայաստանի երկաթգծի տնօրէնի ներկայացրած զեկոյցում նշւում էր, որ մինչեւ օրս 255 մլն. դոլար է ծախսւել Հայաստանում երկաթուղային ցանցը նորոգելու, վերազինելու համար: Դա բաւականին մեծ գումար է:

 

- Այս երկու նախագծերը միմեանց մրցակից չե՞ն: Եթէ մէկը իրականանայ, միւսի կառուցումը գուցէ նպատակայարմար չլինի՞: 

- Վստահաբար, Իրանը ցանկանում է երկուսն էլ ունենալ: Իրանը չի սիրում կախւած լինել միայն մէկից: Նա միշտ փնտրում է այլընտրանք: Արդէն 38 տարի է` Իրանը մտմտում է այս նախագծերի շուրջ, մտածում է ունենալ այլընտրանքային ուղիներ Թուրքիայի տարածքով անցնող աւտոմոբիլային ճանապարհին:

 

- Մօտ մէկ ամիս առաջ Իրանի արտգործնախարարն առաջարկեց ստեղծել Պարսից ծոցը Սեւ ծովին կապող միջանցք, ընդ որում, նշեց, որ դրա համար պարտադիր է համագործակցութիւնը Հայաստանի, Իրանի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Որքանո՞վ է իրատեսական դա, եթէ հաշւի առնենք Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ եղած յարաբերութիւնները: 

- Չեմ կարծում, թէ նման համագործակցութիւն կը լինի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ: Կարծում եմ` այս դէպքում խօսքը երկու առանձին ուղղութիւնների մասին է` Հայաստան-Վրաստան-Իրան եւ Ադրբեջան-Վրաստան-Իրան:

 

- Իսկ այդ միջանցքը ի՞նչ է ենթադրում` լինելու է երկաթուղի՞, աւտոմոբիլային ճանապա՞րհ: 

- Լինելու է մուլտիմոդալ ճանապարհ: Ապրանքը նաւով կը գայ, եթէ հնարաւոր լինի՝ կը նստի երկաթգծի վրայ, յետոյ կը փոխադրւի մեքենայ, նորից երկաթգիծ, նորից նաւ եւ այլն: Պատկերացրէք` Հնդկաստանից եկող ապրանքն ուզում է գնալ Ֆինլանդիա: Իսկ ճանապարհը պատկերացնո՞ւմ էք` պէտք է անցնի Կարմիր ծովը, Սուեզի ջրանցքը, Միջերկրական ծովը: Դա կարող է 40 օրից աւելի տեւել: Մինչդեռ եթէ կոնտէյները Պարսից ծոց հասնի, չեմ կարծում` 25 օրից աւելի տեւի: Կամ պատկերացրէք` Ինդոնեզիայից կամ Սինգապուրից դուրս եկող ապրանքն ի՞նչ ահռելի ճանապարհ պէտք է կտրի-անցնի մինչեւ հասնի Եւրոպա:

 

- Սա հէնց Հիւսիս-Հարաւ միջանցքն է: Եւ այս նոր` Իրանի արտգործնախարարի առաջարկած միջա՞նցքն էլ է միանալու դրան: 

- Այո:

 

- Իսկ մշակումներ կամ բանակցութիւններ այդ ուղղութեամբ արդէն կա՞ն: 

- Չեմ կարծում, այլապէս տեղեկութիւն կունենայի:

 

- Իրանի այս եւ միւս նախագծերը զուտ տնտեսական չեն: Դրանք ունեն քաղաքական ահռելի նշանակութիւն բոլոր կողմերի համար: 

- Անշուշտ: Ակնյայտ է, որ եթէ տարածաշրջանում քաղաքական վիճակը խաղաղ եւ կայուն լինի, տնտեսութիւնն էլ կը զարգանայ: Իրանի համար ձեռնտու է, որ այս տարածաշրջանում իր հարեւանները խնդիր չունենան իր հետ եւ իրար հետ: Որովհետեւ այդ խնդիրներն այս կամ այն կերպ ազդում են Իրանի վրայ: Վերջապէս Իրանում ազերիներ կան, հայեր կան: Տարբեր մտածելակերպ ունեցող մարդիկ կան: Որքան խաղաղութիւնը հաստատուն լինի, այնքան Իրանի համար լաւ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։