Հա
Ուրբաթ, 02 Յունիսի 2017 09:10

Իրանական ընկերութիւնը հետաքրքրւած է Հայաստանում տոհմային ճտերի արտադրութեամբ

Իրանական ընկերութիւնը հետաքրքրւած է Հայաստանում տոհմային ճտերի արտադրութեան կազմակերպմամբ:

«alikonline.ir» - ՀՀ գիւղատնտեսութեան նախարարի տեղակալ Աշոտ Յարութիւնեանը յունիսի 1-ին ընդունել է իրանական թռչնաբուծական «Մորղփարւար» ընկերութեան հիմնադիր տնօրէն Հոսէյնղոլի Լոթֆիին: Տեղեկացնում է «yerkir.am»-ը՝ ՀՀ գիւղատնտեսութեան նախարարութեան տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրութեանը յղումով:

Հոսէյնղոլի Լոթֆին  տեղեկացրել է, որ ընկերութիւնը հետաքրքրւած է Հայաստանում իրականացնել երկարաժամկէտ գործունէութիւն տոհմային ճտերի արտադրութեան կազմակերպման ուղղութեամբ:

«ՀՀ կառավարութիւնը խնդիր է դրել փոխարինել ներմուծումը տեղական արտադրանքով, ուստի մենք ողջունում ենք Ձեր նախաձեռնութիւնը եւ յայտնում մեր պատրաստակամութիւնը հնարաւորինս աջակցել Ձեզ Հայաստանում արտադրութեան  կազմակերպման ուղղութեամբ»,- նշել է փոխնախարարը:

Այնուհետեւ Աշոտ Յարութիւնեանը Հոսէյնղոլի Լոթֆիի խնդրանքով համառոտ ներկայացրել է Հայաստանում թռչնաբուծութեան ոլորտի ներկայ վիճակը, առաջնային հարցերը, ինչպէս նաեւ այս ոլորտում գործող օրէնսդրական դաշտը:

Հաշւի առնելով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցութեան հանգամանքը` նախարարի տեղակալը հնարաւոր է համարել նաեւ հետագայում պատրաստի արտադրանքը արտահանել դէպի ԵԱՏՄ-ի շուկայ: Միաժամանակ փոխնախարարն ընդգծել է  բարձրորակ արտադրանքի ապահովման կարեւորութիւնը:

Հանդիպման ընթացքում քննարկւել են արտադրութեան կազմակերպմանն առնչւող մի շարք այլ հարցեր եւս:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։