Հա
07/06/2017

Ենոքաւանի զբօսաշրջային կենտրոնում նախատեսում են մինչեւ 250 հազար զբօսաշրջիկի ընդունել

ՀՀ Տաւուշի մարզի Ենոքաւան համայնքում արկածային եւ էքստրեմալ զբօսաշրջութեան համար ռեսուրսներն օգտագործելով՝ ստեղծւել է ակտիւ զբօսաշրջութեան համար Հայաստանի ամենագրաւիչ համալիրներից մէկը, որը տարեկան ընդունում է մօտ 45 հազար զբօսաշրջիկների:

«alikonline.ir» - ՀՀ Տաւուշի մարզի Ենոքաւան համայնքում արկածային եւ էքստրեմալ զբօսաշրջութեան համար ռեսուրսներն օգտագործելով՝ ստեղծւել է ակտիւ զբօսաշրջութեան համար Հայաստանի ամենագրաւիչ համալիրներից մէկը, որը տարեկան ընդունում է մօտ 45 հազար զբօսաշրջիկների: Տարիների ընթացքում Ենոքաւան համայնքի շուրջ նախագծւել եւ կահաւորւել են քայլարշաւային երթուղիներ, ինչպէս նաեւ, տեղի բնակչութեան ռեսուրսներն օգտագործելով, պատրաստւել են զբօսավար-ուղեկցորդներ, ովքեր զբօսաշրջիկներին ուղեկցում են քայլարշաւների եւ այլ երթուղիների ընթացքում: Կառուցւել են գրունտային ճանապարհներ, լուծւել է ջրամատակարարման հարցը, կառուցւել են մի շարք ենթակառուցւածքներ: Այս մասին տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Ենոքաւան համայնքում ակտիւ զբօսաշրջութեան համար պայմանները ստեղծել է «Ապագայ տուր» ընկերութիւնը: Ընկերութեան ստեղծած կենտրոնն ունի բոլոր պայմաններն ակտիւ հանգստի համար, ինչի համար հիմք են հանդիսացել անտառը, բացատները, գետը, ձորը, ջրվէժը եւ քարանձաւը:

Ենոքաւան համայնքում լրագրողների շրջայցի շրջանակներում Ենոքաւանի զարգացման հիմնադրամի զբօսաշրջութեան զարգացման գծով համակարգող Տիգրան Չիբուխչեանն ընդգծեց, որ այս պահին համայնքում գործող հիւրանոցային համալիրում ծառայութիւններ են մատուցում 12 քոթեջներում, որոնք ունեն 22 համար եւ մօտ 44 ննջատեղ: «Յարմարաւետ քոթեջներում զուգորդւում են ազգային հայկական ոճը եւ ժամանակակից յարմարութիւնները: Համալիրն ունի նաեւ միջոցառումների կազմակերպման յարմարութիւններ»,- ընդգծեց Չիբուխչեանը:

Հիւրերն այստեղ ստանում են լաւ հնարաւորութիւն՝ ծանօթանալու հայկական խոհանոցին, իսկ մածունը, կարագը, պանիրը պատրաստւում են տեղում, ինչպէս նաեւ իւրաքանչիւր օր թխւում է հաց եւ թխւածքաբլիթներ: 2005 թւականից գործում է ձիարշաւարանը, որը 40 յատուկ մարզումներ անցած ձիերով սպասարկում է ձիարշաւները, ինչպէս նաեւ տեղում այցելուներին սովորեցնում է ձիավարել:

Տիգրան Չիբուխչեանը յայտնեց, որ 2015 թւականից Ենոքաւան համայնքում գործում է նաեւ «Yell Extreme Park»-ը, ինչի համար ներգրաււել են նոր ներդրումներ: «Այն կառուցւել եւ զարգանում է շնորհիւ մասնաւոր ներդրողների: Այն ոչ պրոֆեսիոնալներին առաջարկում է զիփլայն թռիչքներ: Առաջին թռիչքը տեղի է ունեցել 2015 թւականի յուլիսին, իսկ 2016 թւականի յուլիսի դրութեամբ այցելուների թիւը գերազանցել է 5 հազարը: Առաջարկւում է 5 ճոպանագիծ՝ 135, 200, 268, 375, 750 մետր երկարութեամբ: Ճոպանների բարձրութիւնը 200-300 մետր է»,- մանրամասնեց Չիբուխչեանը:

Նախատեսւում է Ենոքաւան համայնքում կառուցել աշխարհում ամենաերկար զիփլայն ատրակցիոնը: Դրա համար միջազգային «Indiegogo» համաֆինանսաւորման հարթակում սկսւել է զիփլայնի կառուցմանն ուղղւած կոլեկտիւ դրամահաւաքը: Աշխարհի ամենաերկար զիփլայնը կունենայ 2 հազար 680 մետր երկարութիւն եւ 200-300 մետր բարձրութիւն: Թռիչքի տեւողութիւնը կը կազմի 3 րոպէ, որի ժամանակ հնարաւոր է զարգացնել առաւելագոյնը 120 կմ/ժ արագութիւն: Զիփլայնը նախատեսւում է կառուցել մինչեւ 2017 թւականի յուլիսի վերջ:

Տիգրան Չիբուխչեանը նաեւ յայտնեց, որ այս պահին մշակւում է Ենոքաւան համայնքի զարգացման  ծրագիրը, որի իրականացման արդիւնքում ակնկալւում է մինչեւ 2025 թւականն ընդունել 250 հազար զբօսաշրջիկների: «Ապագայ տուր» ընկերութիւնը Ենոքաւանում էթնօ գիւղ հիմնելու նպատակով դիմել է Եւրոպական Միութեանը՝ դրամաշնորհ ստանալու նպատակով: Դրա շնորհիւ կը բարեկարգւի համայնքի 20-25 տուն, որոնցում կը լինեն արհեստանոցներ՝ հիմնւած տեղի բնակչութեան հմտութիւնների վրայ, միաժամանակ կառաջարկւեն «B&B» հիւրանոցային ծառայութիւններ: Ծրագրի այս մասը կը նպաստի նաեւ համայնքում աշխատատեղերի ստեղծմանը եւ համայնքի զարգացմանը:

Image Gallery

{gallery}39702{/gallery}

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։