Հա
13/06/2017

Հատապտուղների հաւաքում, գինու պատրաստում, գիշերակացով արշաւներ. Տաւուշում զարկ է տրւում ագրոտուրիզմին

ՀՀ Տաւուշի մարզում զարկ է տրւում ագրոտուրիզմի զարգացմանը: Մի խումբ տաւուշցիներ «Ագրոտուրիզմը Տաւուշում» նախաձեռնութեան շրջանակում քայլեր են ձեռնարկում մարզում ագրոտուրիզմը զարգացնելու համար: Նախաձեռնութեան հիմնադիր Գարիկ Փայտեանը նշեց, որ Տաւուշում զբօսաշրջութիւնը զարգացնելու հնարաւորութիւնները մեծ են:

«alikonline.ir» - ՀՀ Տաւուշի մարզում զարկ է տրւում ագրոտուրիզմի զարգացմանը: Մի խումբ տաւուշցիներ «Ագրոտուրիզմը Տաւուշում» նախաձեռնութեան շրջանակում քայլեր են ձեռնարկում մարզում ագրոտուրիզմը զարգացնելու համար: Նախաձեռնութեան հիմնադիր Գարիկ Փայտեանը «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նշեց, որ Տաւուշում զբօսաշրջութիւնը զարգացնելու հնարաւորութիւնները մեծ են:

«Տաւուշում գիւղատնտեսութիւնը մի կողմից խնդիր է, որովհետեւ չարչարանքը շատ է, չկան մեքենամեխանիզմներ, բազմաթիւ գործեր արւում են ձեռքով, սակայն միւս կողմից դա կարելի է օգտագործել զբօսաշրջութեան ոլորտում: Զբօսաշրջիկին չի հետաքրքրում, թէ գործարանում ինչպէս է պանիր պատրաստւում, նրանց աւելի շատ հետաքրքիր է, թէ ինչպէս է այն ձեռքով պատրաստւում, իսկ այսօր Տաւուշում ամէն ինչ արւում է ձեռքով ու բարձր որակով»,- ասաց Գարիկ Փայտեանը:

Նրա խօսքով՝ լրատւամիջոցներում, հասարակութեան մի մասի շրջանում Տաւուշն ընկալւում է սահմանային կրակոցների համատեքստում: Իհարկէ, դա կայ, սակայն դա չի վերաբերում ամբողջ Տաւուշին, կան բազմաթիւ անվտանգ վայրեր, որոնք կարելի է օգտագործել զբօսաշրջութեան նպատակով: «Ագրոտուրիզմը Տաւուշում» նախաձեռնութեան անդամները ուզում են ցոյց տալ, որ Տաւուշը չի ասոցացւում միայն կրակոցների հետ:

«Մենք ուզում ենք այդ կարծրատիպը կոտրել, հասարակութեանը տեղ հասցնել այն, որ Տաւուշում շատ այլ հետաքրքիր վայրեր կան թէ պարզապէս այցելելու, դրանք տեսնելու, թէ ագրոտուրզիմի համար»,- ասաց նա:

Գաղափարն իրագործելու համար նախաձեռնութիւնը սկսեց արշաւներ կազմակերպել, նպատակը ճանաչողական այցերով Տաւուշի գեղատեսիլ վայրերը, բնութեան հրաշքները ցոյց տալն է:

Որոշւեց մէկօրեայ տուր կազմակերպել, ցոյց տալ, որ մէկօրեայ տուրով, ճիշտ երթուղի ընտրելով, հնարաւոր է արդիւնաւէտ հանգիստ անցկացնել: Օգտագործւել է Ճամբարակ-Բերդ ճանապարհը, առաջին կանգառը եղել է Շառաչ ջրվէժի մօտ: Այս երթուղին առանձնանում է այն հանգամանքով, որ ճանապարհի վրայ տեղակայւած են ագրոտուրիզմի պոտենցիալ հանգրւանները՝ հեռագնայ արոտավայրերը, որտեղ մարդիկ իրենց անասունները պահում են տեղում էլ իրականացնում են կաթի վերամշակման գործընթացը: Յաջորդ կանգառը Տաւուշ Բերդն էր, այնուհետեւ Նորաշէն գիւղը, Տաւուշի ջրամբարը, Վարագավանքը:

Մարզում կան նաեւ խաղողի այգիներ, զբօսաշրջիկները սեզոնին կարող են մասնակցել խաղողի բերքահաւաքին, գինու պատրաստման գործընթացին: Գարիկ Փայտեանը տեղեկացրեց, որ մեղրի, հատապտուղների փառատօնի շրջանակում նախատեսում են այս տարի կազմակերպել մի քանի օրեայ տուր:

«Մարդիկ ոչ միայն գան մասնակցեն փառատօնին, արդէն պատրաստի արտադրանքը տեսնեն, այլ մի քանի օր շուտ գալով, կարող են մասնակցել մեղրի պատրաստման արարողութեանը, հատապտուղների հաւաքմանը: Այսինքն՝ գիւղատնտեսական ցանկացած աշխատանքին կարող են հետեւել»,- աւելացրեց նա:

«Ագրոտուրիզմը Տաւուշում» նախաձեռնութեան հիմնադիրն ընդգծեց, որ երթուղին նախանշւած է, ներուժը կայ, տուրիստական ընկերութիւնների հետ աշխատանքը սկսւել է: Արդէն մէկ տուրիստական ընկերութիւն փորձնական ձիերով արշաւ է կազմակերպել: Գարիկ Փայտեանը անհրաժեշտ է համարում տեղի բնակիչների հետ աշխատանքը, շատերը պատկերացում չունեն, թէ ինչ է ագրոտուրիզմը:

Տաւուշում զբօսաշրջութեան զարգացմանը կը նպաստեն նաեւ իրականացւող ներդրումները: Մասնաւորապէս, Վերին Կարմիրաղբիւր գիւղում մեծ ներդրումներ են սպասւում, մասնաւորապէս, կառուցւում է սպորտային համալիր՝ իր թենիսի դաշտերով, կացարաններով: «Ագրոտուրիզմը Տաւուշում» նախաձեռնութիւնը նախատեսում է յուլիսի 6-9-ը կազմակերպել վրաններով արշաւ՝ ցոյց տալով Տաւուշի զբօսաշրջային ներուժը: Տուրի շրջանակում նախատեսւում է նաեւ գիթառահարների մրցոյթ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։