Հա
Երեքշաբթի, 04 Յուլիսի 2017 09:00

Հանրապետութեան նախագահ. «Հարաւային Փարսը կարեւոր հանգոյց է Իրանի հետ էներգա-տեխնոլոգիական յարաբերութիւնների զարգացման համար»

Հանրապետութեան նախագահը Հարաւային Փարս հանքավայրը համարել է կարեւոր հանգոյց՝ Իրանի հետ միջազգային մակարդակով էներգա-տեխնոլոգիական յարաբերութիւնների զարգացման համար:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահը Հարաւային Փարս հանքավայրը համարել է կարեւոր հանգոյց՝ Իրանի հետ միջազգային մակարդակով էներգա-տեխնոլոգիական յարաբերութիւնների զարգացման համար: Ինչպէս տեղեկացնում է ԻՍՆԱ-ն՝ այս մասին նա յայտարարել է երէկ՝ յուլիսի 3-ին, ֆրանսիական «Տոտալ» ընկերութեան գործադիր տնօրէն Պատրիկ Պոյանի հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպման ընթացքում անդրադառնալով Հարւային Փարս հանքավայրի 11-րդ բլոկի զարգացման մասին Իրանի եւ «Տոտալ»-ի միջեւ ստորագրւած պայմանագրին, դոկտ. Ռոհանին այն համարել է կարեւոր քայլ՝ ֆրանսա-իրանական տնտեսա-տեխնոլոգիական յարաբերութիւնների զարգացման գործում. «Իրանի եւ Ֆրանսիայի միջեւ մշտապէս գոյութիւն է ունեցել համագործակցային լաւ յարաբերութիւններ»,- նշել է նա:

Ակնարկելով Միջուկային գործարքից յետոյ, միջազգային խոշորագոյն ընկերութիւնների հետ համագործակցելու մասին Իրանի ցանկութեանը, դոկտ. Ռոհանին ասել է. «Բարեբախտաբար, այս կապակցութեամբ իրանական կողմի եւ միջազգային միջնորդ «վեցեակ»-ի մօտ քաղաքական կամքի առկայութիւնը նպաստեց «Տոտալ»-ի հետ պայմանագրի կայացմանը»:

Նախագահը նշել է, որ ներկայ դրութեամբ նաւթա-գազային արդիւնաբերութեան ոլորտում Իրանն ունի աւելի քան 200 մլրդ. դոլարի արժողութեամբ նախագծեր, որոնց կարող են մասնակից դառնալ արտասահմանեան ընկերութիւնները:

«Տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան կայացման համար անհրաժեշտ է շարժւել տարածաշրջանային տնտեսական բարգաւաճման եւ զարգացման ուղղութեամբ: Քանզի գիտական համագործակցութիւնն ու զարգացումը կարող են նպաստել աղքատութեան եւ խաւարամտութեան դէմ պայքարին, որոնք համարւում են ահաբեկչութեան տարածման գործօնները»,- յատուկ ընդգծել է դոկտ. Ռոհանին:

Հանդիպմանը, ֆրանսիական «Տոտալ» ընկերութեան գործադիր տնօրէն Պատրիկ Պոյանն էլ իր հերթին գոհունակութիւն է յայտնել Հանրապետութեան նախագահի հետ հանդիպման հնարաւորութեան առթիւ, եւ ողջունել է պայմանագրի կնքումը:

Նա յոյս է յայտնել, որ այս պայմանգիրը կը նպաստի Իրանի եւ Եւրոպական այլ խոշորագոյն ընկերութիւնների միջեւ համագործակցութեան ծաւալմանն ու ընդլայնմանը:

Անդրադառնալով Իրանի եւ «Տոտալ» ընկերութեան միջեւ համագործակցութեանը, Պատրիկ Պոյանը նշել է, որ նաւթա-գազային արդիւանբերութեան եւ պետրոքիմիայի ոլորտներում ընկերութիւնը մտադիր է Իրանի հետ ծաւալել երկարատեւ համագործակցութիւն:

 

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։