«alikonline.ir» - Իրանի արդիւնաբերութեան զարգացման եւ արդիականացման կազմակերպութիւնն (ԻԴՐՕ) ու ֆրանսիական «Renault» աւտոմոբիլային կոնցերնը ստորագրել են աւտոմեքենաշինութեան ոլորտում Իրանի պատմութեան խոշորագոյն պայմանգիրը: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
Փարիզի աւտոսրահ-2016-ում ձեռք բերւած նախնական համաձայնութիւնից 10 ամիս անց կողմերը ստորագրել են համագործակցութեան մասին վերջնական պայմանագիրը: Իրանական կողմից պայմանագիրը ստորագրել են պետական սեկտորը ներկայացնող ԻԴՐՕ-ն եւ մասնաւոր սեկտորը ներկայացնող «Փարթով Նեգին Նասեհ» ընկերութիւնը:
Պայմանագրի համաձայն՝ 2018 թւականից սկսեալ Իրանում արտադրւելու են «Renault»-ի «Symbol» եւ «Duster» մակնիշի աւտոմեքենաները, իսկ կոնցերնն առաջին անգամը լինելով Իրանում ունենալու է վաճառքի եւ սպասարկման կենտրոններ:
Պայմանագրի առաջին բլոկի արժէքը կազմում է 660 մլն. եւրօ, որը նախատեսւած է տարեկան մինչեւ 150 հազար աւտոմեքենայի արտադրման համար, որոնց 30%-ն արտահանւելու է: Երկրորդ բլոկը, որի մեկնարկը նախատեսւած է 2019 թւականին դեռեւս չի յստակեցւել:
Գրանցւած նոր ընկերութեան բաժնետոմսերի 60%-ը պատկանում է «Renault»-ին, իսկ 40%-ը՝ իրանական կողմին, որը հաւասարապէս բաժանւած է պետական եւ մասնաւոր սեկտորների միջեւ: