Հա
Շաբաթ, 12 Օգոստոսի 2017 13:20

Կարէն Խանլարեան. «Հայաստանն Իրանին հետաքրքիր է որպէս ԵԱՏՄ անդամ»

Իրանում բաւականին լուրջ են տրամադրւած Հայաստանի հետ տնտեսական կապերը խորացնելու եւ զարգացնելու ուղղութեամբ: 

«alikonline.ir» - Իրանում բաւականին լուրջ են տրամադրւած Հայաստանի հետ տնտեսական կապերը խորացնելու եւ զարգացնելու ուղղութեամբ: Այս մասին «news.am»-ին ասաց Իրանի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Կարէն Խանլարեանը:

«Լաւագոյն ապացոյցն այն օրինագիծն է, որն առնչւում է Նորդուզ-Մեղրի սահմանային դարպասի համատեղ օգտագործմանը: Հայաստանն Իրանին հետաքրքիր է ոչ միայն որպէս հարեւան երկիր, այլեւ որպէս ԵԱՏՄ անդամ պետութիւն, դրանով է պայմանաւորւած նաեւ, որ Իրանը շատ է կարեւորում Հայաստանի հետ յարաբերութիւնների զարգացումը»,- ասաց հայ պատգամաւորը:

Կարէն Խանլարեանը նշեց, որ երկու երկրները հեռակայ նպատակներ ունեն, թերեւս դրանով է պայմանաւորւած, որ Մեղրիի շրջանում մեկնարկել է ազատ տնտեսական գօտու կառուցումը: Հարցին՝ արդեօք իրանցի գործարարները հետաքրքրւած են կատարել ներդրումներ Հայաստանում, նա պատասխանեց. «Ներդրումների հետ կապւած կան Հարկային օրէնսգրքի, տարադրամի խնդիրների հետ: Հետաքրքրւածութիւն կայ Իրանում, յոյս ունեմ, որ առկայ խնդիրները կը լուծւեն, այդպիսի խոստումներ կան տրւած, որ աւելի կը դիւրացւի համակարգը: Եթէ խոստումը կատարւի, կարծում եմ՝ հետաքրքրութիւնն աւելի կմեծանայ»:

Յիշեցնենք, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդման պաշտօնական արարողութեանը մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Թեհրանում գտնւող Սերժ Սարգսեանն օգոստոսի 6-ին հանդիպում էր ունեցել նախագահ Ռոհանիի հետ: Երկու երկրների նախագահները հանդիպմանը քննարկել էին ինչպէս երկկողմ, այնպէս էլ բազմակողմ փոխգործակցութեանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները համակարծիք էին եղել, որ հայ-իրանական տնտեսական յարաբերութիւններում առկայ է մեծ ներուժ, որի արդիւնաւէտ օգտագործման ուղղութեամբ անհրաժեշտ է շարունակել հետեւողական աշխատանքը: Նախագահների համոզմամբ, դա կը նպաստի երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառութեան աշխուժացմանը եւ ներդրումների աւելացմանը։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։