Հա
Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2017 09:00

Իրանի ազգային գազային ընկերութիւնը դիտարկում է մատակարարւող գազի ծաւալներն աւելացնելու Հայաստանի ցանկութիւնը

Իրանի ազգային գազային ընկերութիւնը դիտարկում է Հայաստանին գազիմատակարարումներն աւելացնելու հարցը:

«alikonline.ir» - Իրանի ազգային գազային ընկերութիւնը դիտարկում է Հայաստանին գազիմատակարարումներն աւելացնելու հարցը: «armenpress.am»-ի հաղորդմամբ` այդ մասին «theiranproject.com»-ին տւած հարցազրոյցում ասել է ընկերութեան միջազգային հարցերով բաժնի տնօրէն Բեհզադ Բաբազադէն։

«Իրանական գազն էլեկտրաէներգիայի դիմաց Հայաստան արտահանելու առաւելագոյն քանակն այժմ օրական մէկ մլն. խորանարդ մետրից պակաս է: Հայկական կողմը պահանջել է աւելացնել Իրանից արտահանումն օրական 2 կամ 2.5 մլն. խմ.-ի: Մենք դիտարկում ենք այդ հարցը: Մենք նախընտրում ենք Հայաստանի հետ ստորագրել գազի արտահանման ծաւալների աւելացման ուղիղ համաձայնագիր, որպէսզի վճարը ստանանք ուղիղ, առանց էլեկտրաէներգիայի: Եթէ կողմերի միջեւ ձեռք բերւի համաձայնութիւն, գազն էլեկտրաէներգիայով փոխանակելու մասին պայմանագիրը չի չեղարկւի, այն ստորագրւել է երկու երկրների կառավարութիւնների միջեւ ու կը պահպանւի։ Սակայն ընկերութիւնը ցանկանում է Հայաստանի հետ առանձին համաձայնագիր կնքել ու գազի մատակարարումների դիմաց գումար ստանալ»,- ասել է Բաբազադէն:

Հարցին՝ արդեօք նախատեսւում է Հայաստանի հետ ստորագրել առանձին համաձայնագիր՝ Իրանի ազգային գազային ընկերութեան ներկայացուցչը դրական պատասխան է տւել եւ աւելացրել, որ այդ ուղղութեամբ բանակցութիւններ են ընթացել: «Իհարկէ, Հայաստանը նախընտրում է ռուսական գազի գինը, որն աւելի ցածր է, սակայն այն մեզ համար այնքան էլ ընդունելի չէ»,- նշել է Բաբազադէն:

Անդրադառնալով Վրաստանի հետ գազի մատակարարման բանակցութիւններին՝ Բաբազադէն ասել է, որ Վրաստան գազի մատակարարումների մասին պայմանագիրը ստորագրւել է, բայց չի լրամշակւել։ «Պատճառն այն է, որ գազը պէտք է անցնի Հայաստանով, մինչդեռ Վրաստանի ու Հայաստանի միջեւ բանակցութիւնները չեն աւարտւել»,- ասել է նա:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։