Հա
Երեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2017 11:00

Վահան Մարտիրոսեան. ««Հիւսիս-հարաւն» աւարտին հասցնելու ենք»

«Հիւսիս-հարաւ» աւտոճանապարհի կառուցման կատարւած աշխատանքների, փոխհատուցումների, ինչպէս նաեւ չյայտարարւած մրցոյթների եւ այլ հարցերի շուրջ «tert.am»-ը զրուցեց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսեանի հետ:

«alikonline.ir» - «Հիւսիս-հարաւ» աւտոճանապարհի կառուցման սկզբից մինչեւ 2017 թւականի օգոստոսի 1-ը ընկած ժամանակահատւածում ծախսւել է շուրջ 150.3 մլն. ԱՄՆ դոլար եւ 23.14 մլն. եւրօ: Կառուցապատւել է 31 կմ. ճանապարհ: Այս տւեալները «tert.am»-ին տրամադրել էր ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարարութիւնը: Աւելի ուշ նախարար Վահան Մարտիրոսեանը պարզաբանել էր, որ այդ 150 միլիոնը չի ծախսւել միայն 31 կիլոմետրի վրայ, 31 կմ.-ի վրայ ծախսւել է 70 միլիոն, մնացած գումարը ծախսւել է այլ հատւածներում հողային աշխատանքների վրայ:

Կատարւած աշխատանքների, փոխհատուցումների, ինչպէս նաեւ չյայտարարւած մրցոյթների եւ այլ հարցերի շուրջ «tert.am»-ը զրուցեց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսեանի հետ:

 

- «Հիւսիս-հարաւ» աւտոճանապարհն աւարտին հասնելո՞ւ է։ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) մոնիտորինգի կազմակերպութիւնների աշխատանքային խմբի ղեկավարն ասում է, որ հաշւի առնելով ծախսւած գումարն ու ժամանակը՝ այդ ճանապարհն աւարտին չի հասնի:

- Սկզբից ասեմ, որ «Հիւսիս-հարաւ» ծրագիրն աւարտին հասցնելու ենք:

 

- Ի՞նչ է նախատեսւած առաջիկայում, ճանապարհի ո՞ր հատւածն է հասցւելու աւարտին:

- 2019-ին նախատեսւած է աւարտին հասցնել «Աշտարակ-Գիւմրի» ճանապարհահատւածը: Տրանշ 2-ի՝ Աշտարակ-Թալին հատւածում աշխատանքներ է իրականացնում իսպանական ընկերութիւնը, իսկ Թալին-Գիւմրի հատւածում աշխատանքներ իրականացնում է չինական ընկերութիւնը: Աշխատանքներն ակտիւ շարունակւում են:

Իհարկէ, այնտեղ էլ կան խնդիրներ, որոնք կապւած են որակի հետ, խիստ հսկողութիւն է սահմանւել: Նոյն՝ չինական ընկերութեան կողմից աշխատանքներ իրականացւող հատւածում մենք 3 անգամ քանդել ենք բետոնէ ծածկը, որն իրենք փորձարարական էին դրել, ոչ թէ հիմնական, բայց քանի որ չէր համապատասխանում չափանիշներին, մենք քանդել ենք տւել:

 

- Որքա՞ն հատւած է քանդւել, այդ փորձարարական ծածկերն ի՞նչ երկարութիւն ունեն:

- Փորձարարական ծածկը դրւում է մի քանի հարիւր մետր: Չինական ընկերութիւնը առաջին անգամ եւ երկրորդ անգամ նորմալ որակ չապահովեց, եւ ծածկը քանդւեց:

 

- Ո՞ր դէպքում է լրացուցիչ գումար յատկացւում հիմնական բիւջէից անորակ աշխատանքի հետեւանքները վերացնելու համար եւ ո՞ր դէպքում է այդ գումարը վճարում շինարարական աշխատանքներ իրականացնող ընկերութիւնը:

- Օրինակ տւեալ՝ ծածկը փոխելու դէպքում գումարը մենք չենք վճարել: Դա վճարում է շինարարական աշխատանքներ իրականացնող ընկերութիւնը: Գումարները մենք վճարում ենք այն դէպքում, երբ վերահսկող ինժեներն իր համաձայնութիւնն է տալիս, որ կատարւել է որակով եւ չափանիշներին համապատասխան աշխատանք եւ դրանից յետոյ է ի յայտ եկել թերութիւն:

 

- Քանի որ բազմատրանշ ֆինանսաւորում է, այն բոլոր վարկային կազմակերպութիւնները, բանկերը, որ 2009-ից ֆինանսաւորում են ծրագիրը, դեռեւս շարունակո՞ւմ են ֆինանսաւորել, հրաժարւողներ կա՞ն:

- Բոլորը շարունակում են ֆինանսաւորել, ֆինանսաւրումը կայ:

 

- Ի՞նչ է պէտք, որ ծրագիրը հասցւի աւարտին եւ որքա՞ն ժամանակ։ Այս հարցում հստակեցում կա՞յ:

- Ի՞նչ է պէտք, որ հասցւի աւարտին. նախ, հարաւային հատւածում դեռ մրցոյթներ չենք անցկացրել աշխատանքների իրականացման համար: Տարբեր ընկերութիւնների հետ քննարկումներ են գնում ճանապարհահատւածի շինարարութիւնը տարբեր ձեւերով շարունակելու համար, վերջնական արդիւնք դեռ չունենք: Այսինքն՝ դեռեւս մրցոյթ է յայտարարւելու միւս հատւածների համար, Գիւմրի-Բաւրայի եւ հարաւային հատւածի համար դեռ մրցոյթ չի յայտարարւել: Հաւանաբար միւս տարի կը յայտարարւի:

 

 - Պարո՛ն նախարար, ծախսւած գումարի եւ իրականացւած աշխատանքի վերաբերեալ տեղեկատւութիւն տրամադրելուց յետոյ քննարկումներ եւ համեմատականներ տարւեցին, որ նոյն ծրագրի շրջանակներում Վրաստանում աւելի քիչ գումարով աւելի մեծ ծաւալի աշխատանքներ են տարւել: Կա՞ն տւեալներ Վրաստանում կատարւած աշխատանքի վերաբերեալ՝ իհարկէ հաշւի առնելով ռելիէֆի տարբերութիւնը:

- Ես չեմ կարող ասել՝ աւելի շատ կամ քիչ գումարով աշխատանքներ տանելու մասին, նոյնիսկ Հայաստանի տարածքում տարբեր հատւածներում գումարի տարբերութիւն է տալիս: Օրինակ Արտաշատ-Աշտարակ ճանապարհի վրայ աւելի քիչ գումար կը ծախսւի, քան բարդ ռելիէֆով հատւածներում: Բացի դրանից, դա կախւած է հողատարումներից, քանի որ Արտաշատի ճանապարհին հողատարման աշխատանքները քիչ էին, իսկ այն տեղերում, որ ճանապարհն անցնում է դաշտերով, այնտեղ այդ աշխատանքները շատ են: 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։