Հա
04/10/2017 - 09:00

«Հիւսիս-հարաւ»-ին միջոցներ է տրամադրում 3 բանկ. որքան գումար է յատկացւել առ այսօր եւ ինչ աշխատանքների համար

Ներկայ պահին «Հիւսիս-hարաւ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի համար վարկային եւ դրամաշնորհային միջոցներ է տրամադրում 3 բանկ, ինչպէս նաեւ գումարներ են յատկացւել ՀՀ բիւջէից։

«alikonline.ir» - Ներկայ պահին «Հիւսիս-hարաւ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի համար վարկային եւ դրամաշնորհային միջոցներ է տրամադրում 3 բանկ, ինչպէս նաեւ գումարներ են յատկացւել ՀՀ բիւջէից։

Այս մասին «tert.am»-ի գրաւոր հարցմանն ի պատասխան յայտնել են ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարարութիւնից:

Հարցին, թէ որ բանկերն են վարկեր տրամադրում ճանապարհի ֆինանսաւորման համար, նախարարութիւնից պատասխանել են, որ ներկայ պահին «Հիւսիս-հարաւ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի համար վարկային եւ դրամաշնորհային միջոցներ են տրամադրում Ասիական զարգացման բանկը, Եւրոպական ներդրումային բանկը եւ Եւրասիական զարգացման բանկը:

Իսկ թէ որքան գումար է յատկացւել ՀՀ պետական բիւջէից մինչ օրս եւ որքան է նախատեսւում տրամադրել ծրագրին, նախարարութեան պատասխանում ասւում է. «01.09.2017 թւականի դրութեամբ ՀՀ պետական բիւջէից` որպէս հարկերի համաֆինանսաւորում, հողերի օտարման եւ տարաբնակեցման ծրագրի նպատակներով եւ հաղորդուղիների տեղափոխման համար տրամադրւել է շուրջ 16.9 մլրդ. ՀՀ դրամ»:

Թէ որքան է նախատեսւում տրամադրել ծրագրին, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարարութիւնը պատասխան չի տւել:

Ասիական զարգացման բանկի կողմից մինչ այժմ յատկացւած եւ յատկացւելիք գումարի վերաբերեալ հարցին, նախարարութիւնը հետեւալ պատասխանն է տւել. «Ասիական զարգացման բանկի հետ Հայաստանի Հանրապետութեան կողմից կնքւած թւով երեք վարկային համաձայնագրերի ներքոյ հասանելի են շուրջ 330 մլն. ԱՄՆ դոլարի չափով վարկային միջոցներ: 01.09.2017թ. դրութեամբ Ասիական զարգացման բանկի կողմից տրամադրւած վարկային միջոցներից շինարարական աշխատանքների համար կապալառուներին վճարւել է 139.43 մլն ԱՄՆ դոլար գումար»:

Հարցին, թէ որքան գումար է յատկացւելու եւ որքան է մինչ այժմ յատկացւել Եւրոպական ներդրումային բանկի կողմից, նախարարութիւնից յայտնել են, որ Եւրոպական ներդումային բանկի հետ Հայաստանի Հանրապետութեան կողմից կնքւած վարկային եւ դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում հասանելի են 72 մլն. եւրօ միջոցներ: 01.09.2017 թւականի դրութեամբ Եւրոպական ներդրումային բանկի կողմից տրամադրւած վարկային միջոցներից շինարարական աշխատանքների համար կապալառուներին վճարւել է 22.37 մլն. եւրօ գումար:

Հարցին, թէ այլ ինչ վարկատուներ կան եւ որքա՞ն գումար է յատկացւել նրանցից իւրաքանչիւրի կողմից, ՏԿՏՏ-ից յայտնել են, որ Եւրասիական զարգացման բանկի հետ Հայաստանի Հանրապետութեան կնքած վարկային համաձայնագրի ներքոյ հասանելի են 150 մլն. ԱՄՆ դոլարի չափով վարկային միջոցներ:

«tert.am»-ին աւելի վաղ նախարարութիւնից տեղեկացրել էին, «Հիւսիս-հարաւ» աւտոճանապարհի կառուցման սկզբից մինչեւ 2017 թւականի օգոստոսի 1-ը ընկած ժամանակահատւածում ծախսւել է շուրջ 150.3 մլն. ԱՄՆ դոլար եւ 23.14 մլն եւրօ:

Հարցին, թէ մինչ այժմ ծախսւած, այդ թւում՝ կապալառուներին վճարւած գումարներն ի՞նչ աշխատանքների վրայ են ծախսւել, նախարարութիւնից յայտնել են, որ «Հիւսիս-հարաւ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Երեւան-Արտաշատ եւ Երեւան-Աշտարակ ճանապարհահատւածների 1 կմ.-ի միջինացւած գինը կազմում է մօտ 2.35 մլն. ԱՄՆ դոլար: Շահագործման յանձնւած 31 կմ. ճանապարհը Երեւան-Արտաշատ եւ Երեւան-Աշտարակ ճանապարհահատւածներն են, որոնց շինարարական կապալի պայմանագրի գինը կազմում է 70.4 մլն. ԱՄՆ դոլար: 

Ծախսւած գումարը ներառում է ոչ միայն արդէն իսկ յիշատակւած 70.4 մլն. ԱՄՆ դոլարը, այլեւ Աշտարակ-Թալին եւ Թալին-Գիւմրի ճանապարհահատւածներում իրականացւած բետոնացման աշխատանքների (2017 թւականի օգոստոսի 1-ի դրութեամբ մօտ 11 կմ. հատւածում իրականացւել են ճանապարհի բետոնէ պատւածքի աշխատանքներ), հողային աշխատանքների, արհեստական կառուցւածքների հնագիտական պեղումների համար վճարւած գումարները, ինչպէս նաեւ դեռեւս չմարւած կանխավճարը:

Նոյն գումարի մէջ է ներառւած նաեւ Թալին-Լանջիկ եւ Լանջիկ-Գիւմրի ճանապարհահատւածների շինարարական աշխատանքների համար տրւած կանխավճարը, ինչպէս նաեւ Տրանշ 3 ծրագրի վարկային համաձայնագրի խնայողութիւնների հաշւին Երեւան-Արտաշատ եւ Երեւան-Աշտարակ ճանապարհահատւածներում նոր կառուցւող եւ վերակառուցւող 9 ուղեանցերի եւ մէկ կամրջի աշխատանքների համար վճարւած գումարները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։