Հա
Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2017 10:30

Իրանագէտ. «Որոշակի գործընթացներով պէտք է ապացուցել, որ Իրանը կարող է օգտագործել Հայաստանի ներուժը»

Իրանագէտի կարծիքով, Հայաստանը պէտք է կարողանայ Իրանին համոզել, որ լաւագոյն տարբերակն է, եւ Իրանը կարող է Հայաստանի ներուժը օգտագործել, մասնաւորապէս՝ այլընտրանքային ճանապարհների հետ կապւած, ինչի ուղղութեամբ պէտք է գործնական քայլեր արւեն:

«alikonline.ir» - Իրանագէտ Գոհար Իսկանդարեանը «tert.am»-ի հետ զրոյցում նշեց, որ թէեւ Իրանի՝ ԵԱՏՄ անդամակցութեան վերաբերեալ բաւական երկար քննարկումներ են տեղի ունենում, սակայն յստակ ինֆորմացիա այդ մասին դեռ չկայ:

«Իրանին դա ձեռնտու է, քանի որ նրա առաջ բացւում է բաւականին մեծ շուկայ, եւ ինքը կը կարողանայ առանց տարատեսակ հարկերի իր ապրանքները ներմուծել ԵԱՏՄ շուկայ: Կարող են լինել որոշ ներկայացուցիչներ, որոնք այդ հարցերում ակտիւութիւն ցուցաբերեն, սակայն որեւէ ինֆորմացիա, որ Իրանն արդէն պատրաստակամութիւն է յայտնել ԵԱՏՄ-ին անդամագրւել եւ ԵԱՏՄ-ն համաձայնել է՝ չկայ»,- ասաց նա եւ նշեց, որ Իրանի եւ ԵԱՏՄ-ի հետաքրքրութիւնների ոլորտը համընկնում է։

Ինչ վերաբերում է Իրան-Ռուսաստան յարաբերութիւններին, ապա Գոհար Իսկանդարեանը նկատեց, որ այդ յարաբերութիւնները վերջին տարիներին բաւականին սերտացել, ջերմացել են, քանի որ նրանք համագործակցել են յատկապէս Սիրիայի խնդիրների կարգաւորման հարցում, այսինքն` բաւական դրական միտումներ կան։

«Իրանին ձեռնտու է իր ապրանքները ներմուծել ԵԱՏՄ շուկայ, մնում է հասկանալ ԵԱՏՄ երկրներին, յատկապէս Ռուսաստանին, քանի որ նա է դոմինանտը»,- ասաց նա:

Անդրադառնալով այս համատեքստում Հայաստանի շահերին, ապա իրանագէտն ասաց, որ Հայաստանը շատ հետաքրքիր կերպով կարող է համագործակցել Իրանի հետ հէնց ԵԱՏՄ շրջանակներում:

«Կարող են հետաքրքիր ծրագրեր իրականացնել, օրինակ՝ իրանական կիսաֆաբրիկատները կարող են Հայաստանում վերջնական տեսք ստանալ եւ «Արտադրւած է Հայաստանում» պիտակով մտնել ԵԱՏՄ շուկայ: Արդիւնքում Իրանը չի տա շատ հարկեր, եւ Հայաստանի առեւտրաշրջանառութիւնը կաճի: Այդ գործակցութիւնը երկու կողմին էլ ձեռնտու կը լինի, եւ կարելի է ասել՝ Հայաստանը կը դառնայ կապող միջանցք Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ»,- ասաց նա:

Դիտարկմանը, թէ այսինքն՝ Հայաստանին ձեռնտու է, որ Իրանը Հայաստանի միջոցով պարզապէս համագործակցի ԵԱՏՄ-ի հե՞տ եւ ոչ թէ անդամակցի այդ կառոյցին, Գոհար Իսկանդարեանը պատասխանեց. «Խնդիրը նրանում է, թէ արդեօ՞ք տնտեսական, քաղաքական շահերը կը համընկնեն, եւ արդեօ՞ք Իրանի պետական կառավարող շրջանակները որոշում կը կայացնեն՝ մտնել ԵԱՏՄ, թէ ոչ: Մենք չենք կարող ազդել նրանց որոշման վրայ, որոշումից յետոյ մենք կարող ենք շահել կամ չշահել»:

Խօսելով Իրան կատարած այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանի յայտարարութեան մասին, թէ Հայաստան-Իրան տնտեսական համագործակցութիւնը զգալիօրէն զիջում է երկրների միջեւ առկայ բարձր մակարդակի քաղաքական երկխօսութեանը, Գոհար Իսկանդարեանը նշեց, որ դրա բացատրութիւնն այն է, որ Իրանը հիմնականում հովանաւորում է իր սեփական արտադրանքը:

«Քանի որ շուրջ 40 տարի է, ինչ պատժամիջոցների տակ է, Իրանն ինքը արտադրել եւ իր արտադրանքը սպառել է: Դրսից ապրանքները բաւական դժւար են մտնում Իրան, մեծ հարկեր ու տուրքեր կան, եւ դա չի վերաբերում միայն Հայաստանին, այլ ամբողջ աշխարհի ապրանքներին. ներմուծողին դա ձեռնտու չի լինում, քանի որ ապրանքը մրցունակ չի լինի: Դրա համար էլ հայ-իրանական տնտեսական յարաբերութիւնները մի փոքր աւելի զիջում են քաղաքականին»,- ասաց նա:

Իրանագէտը նշեց, որ խնդիրն այն է, թէ մենք կը կարողանա՞նք Իրանին համոզել, որ մենք լաւագոյն տարբերակն ենք եւ կարող են մեր ներուժը օգտագործել, մասնաւորապէս՝ այլընտրանքային ճանապարհների հետ կապւած, ինչի ուղղութեամբ պէտք է գործնական քայլեր արւեն:

«Մենք գիտենք, որ Եւրոպայից հիմնական ապրանքները Իրան հասնում են Թուրքիայի ճանապարհով, անցած տարի 1-2 խոշորածաւալ բեռներ Գերմանիայից եկան Իրան Հայաստանով, եւ իրենք տեսան, որ շատ աւելի անվտանգ, շատ աւելի մատչելի եղաւ: Այսինքն` որոշակի գործընթացներով, ոչ թէ խոստումներով պէտք է ապացուցել, որ Իրանը կարող է օգտագործել Հայաստանի ներուժը»,- ասաց նա:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։