Հա
25/10/2017

Սուրէն Պարսեան. «Հիւսիս-հարաւ ճանապարհի կառուցումը չի աւարտւի նաեւ 2019 թւականին»

«tert.am»-ը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի ղեկավար Սուրէն Պարսեանի հետ զրուցել է Հիւսիս-հարաւ ծրագրի ընթացքի եւ հետագայ զարգացումների մասին: Պարսեանը նկատեց, որ այսօր այստեղ արդէն ծրագրի տնտեսական նպատակայարմարութեան հարց է առաջացել: Նրա խօսքով՝ ՀՀ-ն գումարը վերցրել է կոնկրետ ծրագիր իրականացնելու համար, բայց այդ ծրագիրը ներկայումս պատրաստ չէ, արդիւնք չկայ: 

«alikonline.ir» - «tert.am»-ը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի ղեկավար Սուրէն Պարսեանի հետ զրուցել է Հիւսիս-հարաւ ծրագրի ընթացքի եւ հետագայ զարգացումների մասին: Պարսեանը նկատեց, որ այսօր այստեղ արդէն ծրագրի տնտեսական նպատակայարմարութեան հարց է առաջացել: Նրա խօսքով՝ ՀՀ-ն գումարը վերցրել է կոնկրետ ծրագիր իրականացնելու համար, բայց այդ ծրագիրը ներկայումս պատրաստ չէ, արդիւնք չկայ: Աւելին՝ իրենց ուսումնասիրութիւնները ցոյց են տալիս, որ այս տեմպերով, որակով աշխատանքներ կատարելու դէպքում Հիւսիս-հարաւ նախագիծը չի աւարտւի նաեւ 2019 թւականին:

 

- Պարո՛ն Պարսեան, այսօր ՀՀ աղմկահարոյց ծրագրերից մէկը համարւում է Հիւսիս-հարաւ աւտոճանապարհի կառուցումը, քանի որ, եթէ ծրագրի սկզբում Հիւսիս-հարաւ ճանապարհային ամբողջ ծրագիրը գնահատւում էր մօտ 970 մլն. դոլար, ապա հիմա խօսւում է արդէն 2 մլրդ. դոլարի մասին: Ի՞նչ խնդիրների առջեւ ենք կանգնել, որ նման զարգացումներ եղան, արդեօք նախնական տեսլականը հնարաւո՞ր է կեանքի կոչել:

- Հիւսիս-հարաւը ներդրումային ծրագիր էր, որի նպատակը տարածաշրջանային առեւտրի աշխուժացումն էր, որը կօգներ ՀՀ-ի տնտեսութեանը դինամիկ աճ ապահովել: Այս ծրագիրը կնքւեց 2009 թւականին ՀՀ կառավարութեան եւ Ասիական զարգացման բանկի միջեւ։ Դրա համաձայն՝ Ասիական զարգացման բանկը տրամադրում էր 500 մլն. դոլար ֆինանսաւորում, որին կաւելացւեր կառավարութեան եւ Եւրոպական զարգացման բանկի ֆինանսաւորումը:

Այս համաձայնագրից բխող 5 տրանշ կազմւեց, պէտք է ֆինանսաւորւէր ամբողջ շինարարական աշխատանքը: Ճանապարհը ձգւում է Բաւրայից մինչեւ Մեղրի՝ ընդհանուր առմամբ 556 կմ. երկարութեամբ, նախատեսւում էր ծախսել 962 մլն. դոլար: Սակայն նախարարութեան վերջին յայտարարութիւններից պարզ դարձաւ, որ շինարարութեան համար աւելին է հարկաւոր, նոյնիսկ խօսւում է մինչեւ 2 մլրդ. դոլարի մասին: Այստեղ արդէն այս ծրագրի տնտեսական նպատակայարմարութեան հարց է առաջանում՝ արդեօք 2 մլրդ. արժէ՞ ներդնել հիւսիս-հարաւի մէջ, երբ տարբեր հաշւարկներով 2 մլրդ.-ով կարելի էր կառուցել ՀՀ-Իրան երկաթգիծը, որը մեծ տնտեսական էֆեկտ կունենար:

 

- Փաստացի, այս պահին մենք ի՞նչ պատկեր ունենք, որովհետեւ նախատեսւածից աւել գումարներ են ծախսւում, բայց ծրագիրն աւարտին չի մօտենում:

- Կնքւեց մի քանի տրանշ, առաջինն ընդգրկում էր Երեւան-Արտաշատ, Երեւան-Արարատ ճանապարհահատւածը, որը կազմում է 56.4 կմ. ճանապարհ: 2016 թւականի յունւարին հրապարակւած ցուցանիշների համաձայն` տրանշ 1-ն աւարտւեց, սակայն 31 կմ. երկարութեամբ, բայց ծախսւեց նոյն գումարը, որը պէտք է ծախսւեր նախատեսւած 56.4 կմ. ճանապարհ կառուցելու համար, այսինքն՝ 70.4 մլն. դոլար: Ստացւում է՝ կատարւեց աւելի քիչ աշխատանք, բայց ծախսւեց նոյնքան գումար։ Բնականաբար, հարց է ծագում գումարների ծախսի ու աշխատանքի արդիւնաւէտութեան մասով: Առաջին տրանշի մասով նաեւ հետագայում հարցեր առաջացան աշխատանքների որակի մասով: Տրանշ 2-ն ընդգրկում էր Աշտարակ-Թալին ճանապարհահատւածը, որի շրջանակում պէտք է կառուցւեր 42 կմ., նախատեսւած էր դա կառուցել 179.6 մլն. դոլարով: Այս ճանապարհահատւածի 1 կմ.-ի միջին արժէքը կազմում էր 4.3 մլն. դոլար, ինչը բաւականին բարձր ցուցանիշ է՝ հաշւի առնելով, որ այս հատւածում խոշոր ինժեներական հանգոյցներ չեն կառուցւում: Այս տրանշի հետ կապւած էլ ժամկէտների մէջ տեղաւորւելու հարց կայ, քանի որ նախատեսւել է, որ 2-րդ տրանշը պէտք է աւարտւեր 2014 թւականի դեկտեմբերի 31-ին, բայց տեղափոխւեց 2017 թւականի յունիս 30, իսկ 3 շաբաթ առաջ կառավարութիւնում նախագիծ ընդունւեց, որ 2-րդ տրանշի ժամկէտը երկարաձգւի մինչեւ 2019 թւականը սեպտեմբերի 14-ը: Ստացւում է՝ մենք գումարը վերցրել ենք կոնկրետ ծրագիր իրականացնելու համար, բայց այդ ծրագիրը ներկայումս պատրաստ չէ, արդիւնք չունենք։ Սակայն 2018 թւականի ապրիլի 1-ից սկսելու ենք վճարել 2-րդ տրանշով նախատեսւած վարկային պարտաւորութիւններն, ինչը լրացուցիչ ծախս է պետական բիւջէի համար:

 

- Օրինակ` ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսեանը երէկ (հոկտ.23-ԽՄԲ.) Հիւսիս-հարաւ մայրուղու մի քանի հատւածներ կատարած այցի ժամանակ հրահանգել է դադարեցնել Թալին-Լանջիկ հատւածի բետոնապատումը, քանի որ առանց կատարւած աշխատանքների որակի թեստաւորման իրականացւել է ճանապարհի 1200 մետր բետոնապատում: Սա նշանակո՞ւմ է արդեօք, որ այս տրանշի շինարարական աշխատանքներն էլ են խախտումներով իրականացվում։

- Տրանշ 3-ն ընդգրկում է Թալին-Գիւմրի հատւածը, որի շրջանակում նախատեսւում է ծախսել է մօտաւորապէս 200 մլն. դոլարի չափով գումար, կառուցւելու է 46 կմ., կրկին 1 կմ.-ի միջին արժէքը կը կազմի 4.3 մլն. դոլար: Այո՛, Տրանսպորտի, կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարարութեան համաձայն՝ պահանջել են, որ «Սինոհիդրօ» ընկերութիւնը դադարեցնի բետոնապատման աշխատանքները, քանի որ բետոնապատել է 1200 մետր այն դէպքում, երբ որպէս թեստային փորձանմուշ անհրաժեշտ էր բետոնապատել 300 մետր ճանապարհահատւած։ 3-րդ տրանշի վերջնաժամկէտը եւս երկարաձգւել է մինչեւ 2019 թւականի սեպտեմբեր: Ըստ էութեան՝ ժամկէտի տեսանկիւնից մենք արդէն իսկ խախտել ենք բոլոր նախնական հաշւարկներն ու պայմանաւորւածութիւնները, զուգահեռ աճում են շինարարութեան ծախսերը, քան նախատեսւած էր:

 

- Կառավարութիւնը յայտարարում է, որ պարզ չէ, թէ երբ կաւարտւի Հիւսիս-հարաւ ծրագիրը, քանի որ միւս տրանշերի տեխնիկատնտեսական մանրամասն ուսումնասիրութիւնների արդիւնքում ամէն ինչ պարզ կը լինի: Ի վերջոյ, այս ծրագիրը կեանքի կը կոչւի՞, արդեօք եկամուտն այնքան կը լինի՞, որ արդարացնի ծախսը:

- Բանն այն է, որ բացի 3 տրանշերից` գոյութիւն ունեն նաեւ 4-րդ ու 5-րդ տրանշերը: 4-րդն ընդգրկում է Արտաշատ-Մեղրի-Ագարակ հատւածը, իսկ 5-րդը՝ Գիւմրի-Բաւրա հատւածը, իսկ 4-րդի ու 5-րդի մասով առ այսօր նախագիծ չկայ, տնտեսական տեսանկիւնից էլ գնահատելի չէ դրանց վերջնական արդիւնքը: Նախագծի բացակայութիւնն արդէն իսկ լուրջ խնդիրներ է առաջացրել ճանապարհամերձ տարածքների սեփականատերերի մօտ, քանի որ նրանք չեն կարողանում շինթոյլտւութիւն ստանալ, գնորդն էլ չգիտի, թէ որ հատւածով է անցնելու ճանապարհը, քանի որ չի բացառւում, որ հէնց իր հողի միջով անցնի: Շրջանակային համաձայնագրով նախատեսւած է, որ ՀՀ-ն կարող է ֆինանսաւորման յայտեր ներկայացնել մինչեւ այս թւականի դեկտեմբերի 31-ը, սակայն մինչ օրս որեւէ նախագիծ չկայ, բնականաբար, չկայ նաեւ ֆինանսական յայտը, իսկ Կառավարութիւնն այս պահին 150 մլն. դոլար չի կարողացել վերցնել, որովհետեւ գումարը կայ, բայց ֆինանսական յայտը չկայ:

 

- Ձեր գրասենեակը պէտք է ուսումնասիրութիւն անցկացներ: Ինչի՞ հանգեցիք ուսումնասիրութիւնների արդիւնքում, որտե՞ղ է Կառավարութեան ամենալուրջ սխալը՝ հաշւարկո՞ւմ, շինարարութեան որակի՞ մէջ, թէ՞ այլ հարց կայ:

- Մեր ուսումնասիրութիւնները ցոյց են տալիս, որ այս տեմպերով ու այս որակով աշխատանքներ կատարելու դէպքում Հիւսիս-հարաւ նախագիծը չի աւարտւի նաեւ 2019 թւականին: Մենք հիմնականում ուսումնասիրել են կնքւած պայմանագրերը, փաստաթղթերն ու շինարարական աշխատանքների որակը: Մենք շինարարական աշխատանքների արժէքի միջինացւած ցուցանիշներ ունենք, քանի որ մնացածը մեզ հասանելի չէ: Նախարարութեան ներկայացրած պարզաբանման համաձայն՝ 3-րդ տրանշի մասով թերութիւններ են ի յայտ եկել, աւելին՝ կոչ է արւել հետեւել ցեմենտի որակի պահպանմանը: Այսինքն՝ այստեղ խնդիր կայ նաեւ ընթացիկ վերահսկողութեան մասով, քանի որ այն բաւարար մակարդակի չէ, ժամկէտների մէջ չտեղաւորւելը նաեւ սրանով է պայմանաւորւած: Այս ընթացքում նախարարութիւնը մի քանի անգամ ծրագրի ղեկավարներ փոխեց, այսինքն՝ նախարարութիւնը նաեւ կադրային խնդիր ունի ծրագիրն աւարտելու համար: Վերջերս նախարարութիւնը փորձում էր էլի փոփոխութիւններ անել:

Յարակից լուրեր

  • Կառավարութիւնը չպէտք է սահմանափակւի իր թիմով
    Կառավարութիւնը չպէտք է սահմանափակւի իր թիմով

    ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու Սուրէն Պարսեանի համոզմամբ, ներկայ կառավարութեան յայտարարած՝ էլեկտրաէներգիայի սակագնի նւազեցումը հնարաւոր կը լինի, եթէ այդ ուղղութեամբ խորքային մասնագիտական լուրջ ուսումնասիրութիւններ կատարւեն եւ վերանայւի սակագնի ձեւաւորման մեթոդաբանութիւնը:

  • Սուրէն Պարսեան. «Մեր երկրում չպէտք է լինեն ծայրայեղ աղքատներ եւ ծայրայեղ հարուստներ»
    Սուրէն Պարսեան. «Մեր երկրում չպէտք է լինեն ծայրայեղ աղքատներ եւ ծայրայեղ հարուստներ»

    «Նոյեան տապան» ակումբում ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու Սուրէն Պարսեանը ներկայացրեց բենզինի, դիզվառելիքի եւ սեղմած գազի թանկացումների վերաբերեալ իրենց ուսումնասիրութիւնները:

  • Վահան Մարտիրոսեան. «Հիւսիս-հարաւ ճանապարհը տարածաշրջանի համար կարեւոր նշանակութիւն ունի»
    Վահան Մարտիրոսեան. «Հիւսիս-հարաւ ճանապարհը տարածաշրջանի համար կարեւոր նշանակութիւն ունի»

    ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսեանի գլխաւորած պատւիրակութիւնը Հռոմում մասնակցել է «Հայաստան. համագործակցութեան հնարաւորութիւնները ճանապարհաշինութեան ոլորտում» խորագրով համաժողովին։ Այն կազմակերպւել է «ANAS INTERNATIONAL ENTERPRISE» միջազգային ձեռնարկութեան եւ Իտալիայի արտաքին գործերի նախարարութեան համատեղ ջանքերով։

  • Վահան Մարտիրոսեան. ««Հիւսիս-հարաւն» աւարտին հասցնելու ենք»
    Վահան Մարտիրոսեան. ««Հիւսիս-հարաւն» աւարտին հասցնելու ենք»

    «Հիւսիս-հարաւ» աւտոճանապարհի կառուցման կատարւած աշխատանքների, փոխհատուցումների, ինչպէս նաեւ չյայտարարւած մրցոյթների եւ այլ հարցերի շուրջ «tert.am»-ը զրուցեց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսեանի հետ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։