Հա
07/11/2017

Էրդողանի փեսայի ընտանիքը եւս յայտնւել է «Paradise Papers»-ի օֆշորային սկանդալում

Հետաքննական լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) կողմից հրապարակւած եւ «Paradise Papers» անւանումը ստացած օֆշորային նոր բացայայտման մէջ շրջանառւում է նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի փեսայի՝ երկրի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքի եղբօր անունը:

«alikonline.ir» - Հետաքննական լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) կողմից հրապարակւած եւ «Paradise Papers» անւանումը ստացած օֆշորային նոր բացայայտման մէջ շրջանառւում է նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի փեսայի՝ երկրի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքի եղբօր անունը: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին յայտնում է կոնսորցիումի Թուրքիայի գործընկեր «Cumhuriyet» պարբերականը:

Նշւում է, որ Բերաթ Ալբայրաքի եղբայրը՝ Սերհաթ Ալբայրաքը, Մալթայում հիմնւած «Frocks International Trading Ltd» անունով կազմակերպութեան ղեկավար անձանցից է: Բացի նրանից, ընկերութիւնում գրանցւած են նաեւ թուրքական «Çalık Holding»-ի աշխատակիցներ: Ուշագրաւ է, որ 2003 թւականին հիմնւած «Çalık Holding»-ը, որն ակտիւ գործունէութիուն է ծաւալել մինչեւ 2009 թւականը, մինչեւ 2007 թւականը ղեկավարել է հէնց Սերհաթ Ալբայրաքը, իսկ նրանից յետոյ ընկերութեան ղեկավարումը ստանձնել է Էրդողանի փեսան՝ Բերաթ Ալբայրաքը:

«Paradise Papers»-ի օֆշորային սկանդալում յայտնւել են նաեւ Թուրքիայի վարչապետ Բինալի Եըլդըրըմի որդիները՝ Էրքամ եւ Բիւլենթ Եըլդըրըմները:

Կոնսորցիումի հրապարակած նիւթերում նշւում է, որ եղբայրները Մալթայում գրանցւած երկու ընկերութիւնների միակ սեփականատէրերն են: Առաջինը՝ «Hawke Bay Marine Co. Ltd»-ն, ստեղծւել է 2004 թւականի ապրիլին: Ընկերութիւնն ունի կամ ղեկավարում է բեռնափոխադրող նաւերով: Երկրորդ ընկերութիւնը՝ «Black Eagle Marine Co. Ltd»-ը, գրանցւել է 2007 թւականին: Գրանցւած փաստաթղթերը ցոյց են տալիս, որ Էրքամը, ով ընկերութիւնների բանժետոմսերի մեծ մասի սեփականատէրն է, նաեւ այդ երկու ընկերութիւնների տնօրէնն է: Երկու ընկերութիւններն էլ 2017 թւականի հոկտեմբերի դրութեամբ Մալթայի ընկերութիւնների ռեգիստրում գրանցւած են որպէս ակտիւ գործող ընկերութիւններ:

Կոնսորցիումից յայտնել են, որ Էրքամ եւ Բիւլենթ Եըլդըրըմները հրաժարւել են որեւէ մեկնաբանութիւն տալ հրապարակւած նիւթերի վերաբերեալ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։