Հա
Հինգշաբթի, 16 Նոյեմբերի 2017 08:40

Հայաստանը «Մեղրի» ազատ տնտեսական գօտում 20-30 հա. տարածքի շահագործման նախնական յայտեր է ստացել

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարութիւնը «Մեղրի» ազատ տնտեսական գօտում, որը նախատեսւում է շահագործման յանձնել նոյեմբերի վերջին, աշխատելու նախնական յայտեր է ստացել Ռուսաստանից, Իրանից, եւրոպական մի քանի երկրներից:

«alikonline.ir» - ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարութիւնը «Մեղրի» ազատ տնտեսական գօտում, որը նախատեսւում է շահագործման յանձնել նոյեմբերի վերջին, աշխատելու նախնական յայտեր է ստացել Ռուսաստանից, Իրանից, եւրոպական մի քանի երկրներից: Ինչպէս «Արմէնպրես»-ի հետ զրոյցում տեղեկացրեց նախարարութեան ներդրումների ներգրաւման եւ համակարգման վարչութեան պետ Վահագն Լալայեանը, տեղական ընկերութիւններից որոշները եւս պատրաստ են ընդլայնել գործունէութիւնն ու արտադրական հզօրութիւններ ստեղծել առաջիկայում գործարկւելիք ազատ տնտեսական գօտում: «Մեղրի ազատ տնտեսական գօտում 20-30 հա. տարածքի նախնական յայտեր ունենք»,- ասաց Վահագն Լալայեանը:

Նրա խօսքով`այն պահից, երբ գաղափարը սկսել է կեանքի կոչւել, ազատ գօտու եւ ծրագիրը, եւ ընդհանուր նկարագրութիւնը տարբեր լեզուներով տարածւել է բոլոր թիրախային երկրներում, այդ թւում` Եւրասիական տնտեսական միութեան տարածքում: Նախնական յայտի ձեւանմուշ են մշակել, որպէսզի հասկանան, թէ որ ոլորտներում կը լինեն հնարաւոր ներդրումները: «Հիմնականում գիւղմթերքի վերամշակման, ծառայութիւնների մատուցման, զբօսաշրջային ենթակառուցւածքի, մշակող արդիւնաբերութեան ոլորտի ընկերութիւններ են հետաքրքրւած: Սրանք այն ոլորտներն են, որոնց արտադրանքը հետաքրքիր կը լինի տեղափոխել Իրան կամ հակառակը` Հայաստանում իրանեան ապրանքների արտադրութեան հիմնել ու ԵԱՏՄ կամ Եւրոպական շուկայ տեղափոխել»,- ասաց նախարարութեան պաշտօնեան:

Անդրադառնալով հիմնական յայտերի ընդունման գործընթացի կազմակերպմանը` Վահագն Լալայեանը նշեց, որ յայտերի ընդունումը կը սկսեն ազատ գօտու գործարկումից անմիջապէս յետոյ: Նա յաւելեց, որ յայտերի ընդունման եւ հաստատման ընթացակարգը հնարաւորինս պարզեցւել է ու հնարաւոր կը լինի գործունէութեան թոյլտւութիւն ստանալ 15-20 օրում: «Տեսականօրէն հնարաւոր է, որ տարէվերջին այնտեղ արդէն լինեն գործող ընկերութիւններ»,- ասաց Վահագն Լալայեանը:

Հայաստանի հարաւում գտնւող ազատ տնտեսական գօտին, ըստ մեր զրուցակցի, Եւրասիական տնտեսական միութեան տարածքում գտնւող ութ տնտեսական գօտիներից մէկն է, որն ունի աւելի մեծ արտօնութիւններ` համեմատ միւսների: Արտօնութիւնը պայմանաւորւած է նրանով, որ ազատ գօտին ամբողջութեամբ կամ մասնակի համընկնում է ԵԱՏՄ սահմաններին։ «Արտօնութիւնը կայանում է նրանում, որ այնտեղ ֆիզիկական անձինք կարող են որոշակի չափաքանակներով առեւտուր իրականացնել ու ապրանքները ձեռք բերել, այսպէս ասած, «duty free» ռեժիմով»,- նշեց Վահագն Լալայեանը:

Ինչ վերաբերում է իրանական կողմում գործող «Արաս» ազատ տնտեսական գօտու հետ համագործակցութեան ձեւաչափին, ապա նախատեսւում է հետագայում մշակել նոր մեխանիզմներ, մինչեւ անգամ հնարաւոր է գալ համատեղ ազատ տնտեսական գօտու գաղափարին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։