Հա
Չորեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2017 11:30

Վահէ Դաւթեան. «Իրանական գազի գնման շուրջ Հայաստանի հետ տարւող բանակցութիւնները, ենթադրում եմ, որ արդիւնք տւել են, գինը նւազել է»

Չնայած նրան, որ ներկայումս Հայաստանի համար իրանական գազը մօտ 30 դոլարով աւելի թանկ է, քան ռուսականը, այն իր որակով չի գերազանցում ՌԴ-ից գնւող գազին, ամէն դէպքում դրական է, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ ակտիւացել է երկխօսութիւնը ներկրւող գազի ծաւալների աւելացման շուրջ: 

«alikonline.ir» - Չնայած նրան, որ ներկայումս Հայաստանի համար իրանական գազը մօտ 30 դոլարով աւելի թանկ է, քան ռուսականը, այն իր որակով չի գերազանցում ՌԴ-ից գնւող գազին, ամէն դէպքում դրական է, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ ակտիւացել է երկխօսութիւնը ներկրւող գազի ծաւալների աւելացման շուրջ: «tert.am»-ի հետ զրոյցում ասաց էներգետիկ համակարգի փորձագէտ Վահէ Դաւթեանը:

Նա յոյս յայտնեց, որ կողմերի միջեւ տարւած բանակցութիւնների արդիւնքում հնարաւոր է եղել իջեցնել Իրանից գնւող գազի գինը:

«Ակնյայտ է, որ բանակցային ողջ գործընթացը պէտք է տարւէր Իրանից գնւող գազի գնի իջեցման շուրջ: Վերլուծելով շուկայական կոնիւնկտուրան, կարող ենք ասել, որ Իրանը սահմանին մեզ աւելի բարձր սակագնով գազ է վաճառում, քան՝ Ռուսաստանը: Իրանական գազը 1000 խորանարդ մետրի դիմաց սահմանին արժէ 180 ԱՄՆ դոլար, իսկ ռուսականը՝ նոյնքանի համար 150 ԱՄՆ դոլար: Տնտեսական առումով իրանական գազի գինն այդքան էլ նպատակայարմար չէ մեզ համար, մեր գազատրանսպորտային համակարգի համար: Յոյս ունեմ, որ բանակցությիւնների ընթացքում ձեռք է բերւել քաղաքական որոշում՝ իրանական գազի սակագինը նւազեցնելու ուղղութեամբ»,- ասաց փորձագէտը:

Նա յիշեցրեց, որ Իրանի իշխանութեան ներկայացուցիչները մօտ 3 տարի առաջ  Հայաստան այցելութեան ժամանակ մի քանի անգամ յայտարարել էին, որ պատրաստ են զգալիօրէն իջեցնել դէպի Հայաստան արտահանւող գազի գինը՝ այն հասցնելով շուրջ 100 ԱՄՆ դոլարի: Սակայն, ըստ նրա, այս յայտարարութիւնները զարգացում չունեցան:

Վահէ Դաւթեանն ասաց, որ չգիտի, թէ ինչ գնի շուրջ են ի վերջոյ բանակցութիւնների արդիւնքում պայմանաւորւել կողմերը, բայց առանց գնի նւազեցման շուրջ երկխօսութեան, նրա համոզմամբ, բանակցութիւնները կողմերի համար հետաքրքիր չէին լինի: «Ենթադրում եմ, որ սակագնի որոշակի փոփոխութիւններ ամէն դէպքում տեղի են ունեցել: Իրանական գազի որակի հետ կապւած տարբեր կարծիքներ կան. մասնագէտները հիմնականում ասում են, որ իրանական գազի որակը աւելի ցածր է, քան՝ ռուսականը, որը կրկնակի մշակում է անցնում: Այն փաստօրէն ե՛ւ թանկ է, ե՛ւ որակով զիջում է ռուսական գազին, ինչը թոյլ է տալիս ենթադրել, որ բանակցութիւնների ժամանակ հայկական կողմը կը կարողանայ հասնել գազի գնի նւազեցման»,- յաւելեց փորձագէտը:

Իրանի հետ էներգետիկ երկխօսութիւնը զարգացնելն, ըստ Վահէ Դաւթեանի, անհրաժեշտ է Հայաստանի համար: Փորձագէտն ասաց, որ անհրաժեշտ է աւելացնել Իրանից Հայաստան ներմուծւող գազի ծաւալը, օգտագործել Իրան-Հայաստան գազամուղի ամբողջական դրւածքային հզօրութիւնը, որի թողունակութիւնը կազմում է 2.3 միլիարդ խորանարդ մետր գազ, մինչ դեռ մենք օգտագործում ենք դրա 10-15 տոկոսը:

Սակայն, այս ամէնը, ըստ Վ. Դաւթեանի` չի կարելի դիտարկել էներգետիկ անվտանգութեան իրական դիւերսիֆիկացիա, այլընտրանք, որովհետեւ իրանական գազն՝ անկախ իր ծագումից, Հայաստան է մտնում ռուսական «Գազպրոմ»-ի խողովակներով:

«Կարեւորն այն չէ, թէ ինչ ծագման է գազը, որտեղի է այն, որ երկրից է այն արտահանւել: Կարեւորը ենթակառուցւածքներն են, որոնց միջոցով գազը փոխանցւում է: Իրանական այլընտրանք սա չի կարող լինել, որովհետեւ իրանական գազը «Գազպրոմ»-ի ենթակառուցւածքներով է մտնում եւ ցանկացած որոշում, որը մենք կայացնում ենք Իրանից-Հայաստան գազը ներմուծելու ուղղութեամբ, կայացւում է նաեւ Ռուսաստանի համաձայնութեամբ»,- ասաց Վահէ Դաւթեանը:

Բանակցութիւնները, ըստ նրա, խորքային մակարդակով հասկանալու համար անհրաժեշտ է նաեւ նկատի ունենալ, որ Ռուսաստանը, որի գազատրանսպորտային համագործակցութիւնը Վրաստանի հետ աւանդաբար ճգնաժամային վիճակում է գտնւում, այսօր Իրան-Հայաստան գազամուղը դիտարկում է որպէս Հայաստանը բնական գազով ապահովելու այլընտրանքային միջանցք:

Նա յիշեցրեց 2016 թւականի ռուս-վրացական բանակցութիւնները, երբ վրացական տարանցիկային գազամուղի օգտագործման պայմանների շուրջ, որոնց ընթացքում «Գազմպրոմ»-ը յայտարարեց, որ եթէ Վրաստանը չընդունի իր պայմանները, ապա Հայաստանը գազով կապահովւի իրանական միջանցքով, բացայայտ ուլտիմատում, էր, որի արդիւնքում Վրաստանն ընդունեց «Գազպրոմ»-ի պայմանները, սակայն ընդամենը երկու տարով: Պայմանագրի ժամկէտի լրացման պէս այս հարցը, Դաւթեանի փոխանցմամբ, նորից կը մտնի փակուղի, սակայն այս անգամ «Գազպրոմ»-ը կը փորձի խաղարկել իրանական խաղաքարտը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։