Հա
Չորեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2017 13:00

Բաքու-Թբիլիսի-Կարս թւաբանութիւնը. ինչպէս Ադրբեջանը ճանապարհ գործարկեց ուրւական-գնացքների համար

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կարելի է համարել 826 կմ. երկարութեամբ ձգւող քաղաքական ատրակցիոն։

Հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի եւ Թուրքիայի առաջնորդները հանդիսաւորութեամբ բացեցին Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս (ԲԹԿ) երկաթգիծը, որի վրայ աւելի քան մէկ միլիարդ դոլար է ծախսւել։

«alikonline.ir» - Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կարելի է համարել 826 կմ. երկարութեամբ ձգւող քաղաքական ատրակցիոն։

Հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի եւ Թուրքիայի առաջնորդները հանդիսաւորութեամբ բացեցին Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս (ԲԹԿ) երկաթգիծը, որի վրայ աւելի քան մէկ միլիարդ դոլար է ծախսւել։ Գրում է «Sputnik» Արմենիան:

Այդ երկաթուղով շարժակազմեր, մեղմ ասած, այդքան էլ յաճախ չեն անցնում։ Գործարկումից յետոյ ճանապարհով անցել են ընդամենը երկու գնացք։ Մի գնացքն այդ ճանապարհով Բաքւից թուրքական Մերսին նաւահանգիստ է մեկնել չորս օրւայ ընթացքում։ Եւս մէկ գնացք (հացահատիկով բեռնւած) ղազախական Կոկշետաուից թուրքական Մերսին է հասել 10 օրում։

Ամենասկզբից պարզ էր, որ նախագիծը քաղաքական է։ Ադրբեջանը եւ Թուրքիան Հայաստանի մեկուսացման եւ «տնտեսական բարգաւաճման» հանճարեղ ծրագիր են մտածել։ Ցանկացած յարմար առիթի դէպքում այդ երկրների ներկայացուցիչներն ի լուր աշխարհի յայտարարում են` «ինչ լաւ նախագիծ է»։

Թէեւ Վրաստանի հետ ամէն ինչ հասկանալի է։ Նա չի վճարել եւ չի վճարելու (Ադրբեջանի վարկը պէտք է մարի ապրանքների տարանցման հաշւին)։

Շատ տարօրինակ էր, որ ԱՄՆ-ն, Եւրոմիութիւնը կամ Չինաստանը չեն շտապել ներդրումներ անել «դարի նախագծում», եւ չնայած բուռն ցանկութեանը` այդպէս էլ չեն հասցրել։ Ադրբեջանը ծախսերի մեծ մասը վերցրել է իր վրայ. ինքն է կառուցել, բացի այդ Վրաստանին պարտք է տւել 775 միլիոն դոլար` տարեկան 2 տոկոս տոկոսադրոյքով։

Ինչեւէ, սեւեռուն գաղափարը` «համաշխարհային նշանակութիւն ունեցող նախագիծը» (ինչպէս ասել է Իլհամ Ալիեւը), իրագործւել է։ Եւրոպան մի քանի յուսադրող խօսքեր է ասել, բացմանը հիւրեր են եղել Ղազախստանից։

«Ադրբեջանն ամբողջ աշխարհին ապացուցել է իր ուժը` իրագործելով Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) նախագիծը։ Ապացուցել է, որ ոչ միայն իր, այլ, նաեւ, այլ պետութեան տարածքում կարող է ֆինանսաւորել եւ կառուցել լայնածաւալ, համաշխարհային նշանակութիւն ունեցող նախագիծ։ Այսպիսով, Ադրբեջանը կարող է ցուցադրել իր ուժը եւ ասել իր խօսքը»,- ասել է «Ադրբեջանական երկաթուղի» ՓԲԸ-ի նախագահ Ջաւադ Գուրբանովը։

«Չար լեզուներն» ասում են, որ տրանսպորտային միջանցքի տնտեսական նպատակայարմարութեան վերաբերեալ նորմալ վերլուծութիւն դեռ չի եղել։

Փորձագէտների մեծամասնութիւնը համակարծիք են, որ առանց Չինաստանի երկաթուղին չի աշխատի։ ԲԹԿ-ն պէտք է դառնայ «Մետաքսէ ճանապարհի» բաղադրիչ մաս, որը գրաւել է շատ քաղաքական գործիչների մտքեր (կամ լեզուներ) Չինաստանից Եւրոպա ընկած տարածութիւնում։

Այլ հարց է, որ Չինաստանն ունի միջանցքների վեց տարբերակ, որոնց օգնութեամբ նա իր ապրանքները կառաքի Եւրոպա։ Ադրբեջանը, չգիտես ինչու, համոզւած է (կամ ձեւացնում է), որ Չինաստանը կընտրի հէնց իրեն։

Առայժմ Չինաստանը նոյնպէս չի կողմնորոշւել։ Միաժամանակ, որքան շատ լինի ընտրութեան հնարաւորութիւնը, այնքան լաւ, իսկ առայժմ ապրանքներ է առաքում ռուսական տարածքով։ Ռուսաստանը եւ Չինաստանը դեռ մի քանի տարի առաջ պայմանաւորւել են բեռների շուտափոյթ փոխադրման մասին եւ այդ նպատակով սկսել են արդիականացնել ուղիները։

Միւս կողմից, Չինաստանը1.6 միլիարդ դոլար է ներդրել Մաշհադը եւ Թեհրանը կապող նոր էլեկտրականացւած երկաթուղու մէջ։

Այնպէս որ, մնացել է միայն բեռներ գտնել ու հասցնել Եւրոպա` միաժամանակ տարանցման հաշւին ստանալով տարեկան շուրջ 1 միլիարդ դոլար։

Փորձագէտների կարծիքով` այդ երթուղու գլխաւոր բարդութիւնն այն է, որ ենթակառուցւածքի մեծ մասը պէտք է կառուցել զրոյից, պետական սահմաններ հատել եւ բեռների փոխադրել ցամաքից ծով ու հակառակը։

Բացի այդ, մայրուղու շինարարութեան ժամանակ օգտագործւել են երկու չափի ռելսեր` հին խորհրդային եւ եւրոպական։ Ախալքալաքում ռելսերի այդ երկու տեսակները միանում են, եւ ահագին ջանք են թափում գնացքների անիւներն այդ կայարանում փոխելու համար։

Լաստանաւային փոխադրումը թանկ արժի։ Այնպէս որ, եթէ չինական բեռները հասնեն Եւրոպայի հարաւ Իրանի տարածքով, ապա հազիւ թէ իմաստ ունի մտնել Բաքու, յատկապէս, եթէ Իրանից ուղիղ կարելի է հասնել Թուրքիա։

Ամենավատն այն է, որ «անիրական ուղուն» չարացած նայում են «նենգ հայերը», որոնք, ինչպէս գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, դիմում են սպառնալիքների, փորձում վախեցնել` ակնյայտօրէն ցանկանալով օգտւել ԲԹԿ-ի առաւելութիւններից։

Պարզւում է, որ սա միակ մեթոդը չէ։ Վերջերս Ջաւախքում ձերբակալել են երեք հոգու (ազգութիւնը նշւած չէ), որոնք մեղադրւում են Մարաբդա-Կարծախ հատւածում ԲԹԿ ռելսերը գողանալու մէջ։ Լիովին հնարաւոր է, որ նրանք ցանկանում էին այդ ռելսերը դասաւորել այնտեղ, որտեղ նրանք իսկապէս առաջիկայում աշխատելու են։

Բայց Ադրբեջանը շարունակում է իրագործել նոր նախագծեր` վարկեր բաժանելով, այդ թւում` Իրանին։ Այսպէս, Բաքուն հաղորդել է Թեհրանին 500 մլն. դոլար յատկացնելու մասին` Ռաշտ-Աստարա երկաթուղու իրանեան հատւածի շինարարութեան համար։ Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրութիւնների համաձայն` դեռ մի քանի տասնեակ միլիոն դոլար տրամադրւել է իրանական Աստարայում լոգիստիկան զարգացնելու համար։

Միաժամանակ առատաձեռն Ադրբեջանն օրերս Ասիական զարգացման բանկից եւ Զարգացման ֆրանսիական գործակալութիւնից վերցրել է 575 միլիոն դոլարի վարկեր` «Հիուսիս-հարաւ» տրանսպորտային միջանցքի նախագիծն իրագործելու համար։

Ահա այսպիսի ադրբեջանական թւաբանութիւն կամ առեղծւածային ուրւական-գնացքների հանդէպ հաւատ…

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։