Հա
16/01/2018

Ստորագրւեց Բագրատաշէնի կամրջի նախագծման եւ շինարարութեան պայմանագիրը

Իրանական «Ariana Tunnel Dam Co.» ընկերութիւնը կիրականացնի Հայաստանի Հանրապետութեան եւ Վրաստանի պետական սահմանի Սադախլօ-Բագրատաշէն անցման կէտի տարածքում Դեբեդ գետի վրայ նոր կամրջի շինարարութիւնը:

«alikonline.ir» - Հայաստանի Հանրապետութեան ու Վերակառուցման եւ զարգացման եւրոպական բանկի (ՎԶԵԲ) միջեւ 2012 թւականի նոյեմբերի 23-ին ստորագրւած վարկային համաձայնագրի շրջանակներում իրանական «Ariana Tunnel Dam Co.» ընկերութիւնը կիրականացնի Հայաստանի Հանրապետութեան եւ Վրաստանի պետական սահմանի Սադախլօ-Բագրատաշէն անցման կէտի տարածքում Դեբեդ գետի վրայ նոր կամրջի շինարարութիւնը։ Տեղեկացնում է «yerkir.am»-ը՝ ՀՀ կապի, տրանսպորտի եւ ՏՏ նախարարութեան մամուլի ծառայութեանը յղումով:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարարութիւնում յունւարի 15-ին տեղի ունեցաւ Վերակառուցման եւ զարգացման եւրոպական բանկի կողմից ֆինանսաւորւող «Հիւսիսային միջանցքի արդիականացման ծրագրի» շրջանակներում իրականացւող Բագրատաշէնի կամրջի նախագծման եւ շինարարութեան պայմանագրի ստորագրումը։

Հայկական կողմից այն վաւերացրեց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսեանը, իրանական կողմից՝  «Ariana Tunnel Dam Co. » ընկերութեան նախագահ Ալի Մուսաւին։

Փաստաթղթի ստորագրմանը ներկայ էր նաեւ Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սեյէդ Քազեմ Սաջադին։

Ողջունելով իրանական շինարարական կազմակերպութեան մուտքը Հայաստան՝ նախարարը կարեւորեց, որ աշխատանքները կատարւեն բարձր որակով եւ ժամանակին։

«Այս մրցոյթի յաղթանակը առաջին քայլը համարենք եւ յուսանք, որ իրանական ընկերութիւնները յետագայում եւս կը մասնակցեն Հայաստանում իրականացւող նախագծերին, ներդրումային ծրագրերին, մասնաւորապէս՝ «Հիւսիս-հարաւ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» հարաւային հատւածում նախատեսւող թունելների շինարարութեանը»,- ասաց Վահան Մարտիրոսեանը։

«Ariana Tunnel Dam Co.» շինարարական ընկերութեան ներկայացուցիչները նախարարին վստահեցրին, որ կաշխատեն լաւագոյն որակով:

Նշենք, որ կամրջի նախագծային եւ շինարարական աշխատանքների ձեռքբերման նպատակով ՎԶԵԲ-ի էլեկտրոնային հարթակի միջոցով իրականացւել է «Բագրատաշէնի կամրջի նախագծում եւ շինարարութիւն» միջազգային մրցոյթը։

Մրցոյթին մասնակցել է 7 կազմակերպութիւն, որոնցից 3-ը որակաւորւել են եւ անցել մրցութային յաջորդ փուլ: Գնահատման արդիւքում յաղթող է ճանաչւել իրանական «Ariana Tunnel Dam Co.» ընկերութիւնը` 7.393.347.95 Եւրօ (ներառեալ ԱԱՀ) գնային առաջարկով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։