Հա
06/02/2018

Երկրաբան. «Նախադրեալներ չկան, որ ՀՀ տարածքում կարող են գազի եւ նաւթի արտադրական ծաւալներ յայտնաբերւել»

Երեւանի պետական համալսարանի Երկրաբանութեան ֆակուլտետի դեկան, երկրաբանական գիտութիւնների թեկնածու, դոցենտ Մարատ Գրիգորեանը պնդում է, որ Հայաստանում նաւթագազատար շերտեր յայտնաբերելու համար բաւական լուրջ ուսումնասիրութիւններ արւել են, սակայն արդիւնքը յուսադրող չէ:

«alikonline.ir» - Երեւանի պետական համալսարանի Երկրաբանութեան ֆակուլտետի դեկան, երկրաբանական գիտութիւնների թեկնածու, դոցենտ Մարատ Գրիգորեանը պնդում է, որ Հայաստանում նաւթագազատար շերտեր յայտնաբերելու համար բաւական լուրջ ուսումնասիրութիւններ արւել են, սակայն արդիւնքը յուսադրող չէ:

«tert.am»-ի հետ զրոյցում անդրադառնալով տեղեկութեանը, որ «Տաշիր Գրուպ» ձեռնարկութեան սեփականատէր, գործարար Սամուէլ Կարապետեանը մտադիր է Հայաստանի Հանրապետութեան 2-րդ պայմանական բլոկում եւս նաւթ եւ գազ որոնել՝ Գրիգորեանը նշեց, թէ ինչպէս ինքը, այնպէս էլ երկրաբանական բնագաւառի մասնագէտները տեղեկութիւն չունեն, որ որեւէ ընկերութեան կողմից նախատեսւում է որոշակի մասշտաբի որոնողական աշխատանքներ կատարել եւ նաւթագազաբեր կառոյցներ յայտնաբերել:

«Չգիտեմ ում կողմից կամ ինչ է նախատեսւել՝ ուսումնասիրութիւններ ՀՀ-ի տարածքում, յատկապէս Կոտայքի, Արմաւիրի տարածքում հանքավայրեր որոնելու, հետախուզելու համար, բայց կարող եմ ասել, որ մինչ օրս բաւական մեծ ծաւալի աշխատանքներ կատարւել են Արմաւիրի, Արարատի, նաեւ վերջին ժամանակներում Կոտայքի մարզի տարածքներում նաւթագազատար շերտեր յայտնաբերելու ուղղութեամբ: Դեռ 90-ականների վերջերին խորը հորատանցք եղաւ Գեղարդի տարածքում, բայց այդ որոնումներն այսօրւայ դրութեամբ չեն տւել այն արդիւնքները, որոնք կարող են հաւատ ներշնչել, որ այս տարածքներում մենք ունենք նաւթի, գազի արդիւնաբերական կուտակումներ: Տւեալ ընկերութիւնը պէտք է մասնագէտների հետ խորհրդակցի, դրանք հսկայական ներդրումներ են, քիչ չեն: Այնպէս որ յստակ ասել՝ ինչ նախադրեալից ելնելով են նորից սկսում՝ ոչինչ չեմ կարող ասել»,- ասաց նա:

Մասնագէտը նշեց, որ իհարկէ գազի եւ նաւթի երեւակումներ եղել են: «Առանձին տարածքներից որոշակի ճնշման գազի քանակ է դուրս եկել, որոշ հորատանցքերից նաեւ նաւթի նմուշներ են վերցւել որոշ խորութիւններից, բայց յետագայում ոչ մէկը չի հստատւել որպէս արդիւնաբերական հանքավայր, եւ աշխատանքներն այդպէս էլ աւարտւել են»,- ասաց նա:

Գրիգորեանը, ով մասնակցել է այդ աշխատանքներին, նշեց, թէ խորհրդային տարիներին Հայաստանի տարածքում նաւթագազաբեր շերտերի որոնողական աշխատանքներ իրականացնող հորատման արշաւախումբ կար, դրանից յետոյ նոր թափով շարունակւել են աշխատանքները նոյնիսկ նոր տեխնոլոգիաներով:

«Առանձին հորատման անցքեր բացւեցին, մեծ ճնշման գազի երեւակումներ եղան, առանձին կառոյցներ առանձնացւեցին հորատման համար՝ յատկապես Մխչեանի ճեղքւածում հորատում կատարւեց 3.5 կմ. խորութեան վրայ, բայց արդիւնքները դրական չէին, եւ աշխատանքները դադարեցւեցին: Դրանից յետոյ ամերիկեան, կանադական ընկերութիւնները աշխատանքներ սկսեցին, որոնք նոյնպէս դադարեցւեցին: Մերձսեւանեան շրջանում եւս տեղեկութիւն եղաւ, որ ցանկանում են սկսել, բայց դա էլ չհաստատւեց»,- ասաց նա:

Մարատ Գրիգորեանը շեշտեց, որ իհարկէ ՀՀ-ի տարածքում նաւթի եւ գազի յայտնաբերման գաղափարը չի մերժւել ամբողջութեամբ: «Ինչ-որ տեղ որոշ մասնագէտներ հաւատ են ներշնչում, որ եթէ ուսումնասիրութիւններ կատարեն նորագոյն մեթոդներով, գուցէ արդիւնքների հասնեն, բայց դրանք բոլորը ենթադրութիւններ են։ Կրկնում եմ՝ այսօր եղած փաստերը չեն հիմնաւորում դրանց հեռանկարային լինելը»,- ասաց նա:

Իսկ թէ ինչպէս է որ հարեւան երկրներում այն առկայ է, իսկ ՀՀ-ում չէք հիմնաւորում հարցին, Մարատ Գրիգորեանը պատասխանեց, թէ հիմնաւորում է՝ հաշւի առնելով ՀՀ-ի երկրաբանական տեսքը: «ՀՀ-ի երկրաբանական կառուցւածքը բաւական լաւ է ուսումնասիրւել մասնագէտների կողմից եւ նախադրեալներ, որոնք կարող են ինչ-որ տեղ յոյս հաւատ ներշնչել, չկան»,- ասաց նա:

Նշենք, որ 2-րդ պայմանական տարածքը ներառում է ՀՀ կենտրոնական հատւածը՝ Երեւան քաղաքը, Արմաւիրի, Արագածոտնի մարզերն ամբողջութեամբ, Արարատի, Կոտայքի եւ Շիրակի մարզերի տարածքները մասնակի: Ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 7250 քառ. Կմ.: Տարածքի մի հատւածը եզրագծւում է հայ-թուրքական սահմանով:

Կարապետեանների «Հայկական նաւթի եւ գազի ընկերութիւն» ՍՊԸ-ն, յիշեցնենք, երկրաբանաորոնողական աշխատանքներ իրականացնելու յայտ էր ներկայացրել 1-ին եւ 3-րդ ենթաբլոկների համար, այժմ նաեւ՝ 2-րդ բլոկի համար: Աշխատանքներն իրականացւելու են 2018-2023 թթ.:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։