Հա
14/03/2018

Վ. Դաւթեան. «Ադրբեջանը խոչընդոտում է Մեղրու ՀԷԿ-ի կառուցմանը եւ բանակցում, որ «Հիւսիս-հարաւ» էներգետիկ միջանցքն անցնի ոչ թէՀՀ-ով, այլ Ադրբեջանով»

Էներգետիկայի ոլորտի մասնագէտ Վահէ Դաւթեանի խօսքով՝ Մեղրու ՀԷԿ-ի նախագծի շուրջ բանակցութիւնները սկսւել են դեռեւս խորհրդային տարիներին, եւ չնայած եւ՛ իրանական, եւ՛ հայկական կողմերը հիմա պնդում են, որ այն իրագործւելու է շատ շուտով, դեռ մի քանի տարի կը տեւի ծրագրի իրագործումը: 

«alikonline.ir» - Էներգետիկայի ոլորտի մասնագէտ Վահէ Դաւթեանի խօսքով՝ Մեղրու ՀԷԿ-ի նախագծի շուրջ բանակցութիւնները սկսւել են դեռեւս խորհրդային տարիներին, եւ չնայած եւ՛ իրանական, եւ՛ հայկական կողմերը հիմա պնդում են, որ այն իրագործւելու է շատ շուտով, դեռ մի քանի տարի կը տեւի ծրագրի իրագործումը: Գրում է «tert.am»-ը:

«Վերջին տարիներին Մեղրի ՀԷԿ-ի նախագծի իրագործման հետ կապւած խոչընդոտներ դարձան Իրանի նկատմամբ կիրառւող պատժամիջոցները»,- ասաց նա՝ նկատելով, որ իրանական կողմն ամբողջութեամբ իր վրայ է վերցրել ՀԷԿ-ի կառուցման համար նախատեսւող ծախսերը:

Նշենք, որ վերջերս Մեղրի ՀԷԿ-ի ծրագրի մասին խօսել է Իրանում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանը՝ նշելով, որ երկար տարիների քննարկումից յետոյ այժմ, ամենայն հաւանականութեամբ, այն կը մտնի գործնական իրականացման փուլ: «Խօսքը մի քանի հարիւր միլիոն դոլար արժողութեամբ՝ Արաքս գետի վրայ կառուցւելիք Մեղրիի ՀԷԿ-ին է վերաբերում»,- ասել էր նա:


Այս մասին վերջերս խօսել էր նաեւ ՀՀ-ում Իրանի դեսպանը՝ նշելով, որ Մեղրու ՀԷԿ-ի գործարկման ուշացումն իրենց կողմից չի եղել: «Մեղու ՀԷԿ-ը յունւարի վերջին պէտք է գործարկւէր: Առաջիկայում Իրանից պէտք է պատւիրակութիւն այցելի Հայաստան, որ փորձի նաեւ այս ծրագիրը վերջնական տեսքի բերել: Ուշացման պատճառը մենք չենք եղել»,- ասել էր նա՝ յաւելելով, որ մեղաւորը ընկերութիւններն են, Հայաստանի կառավարութիւնն էլ մեղաւոր չէ։

Վահէ Դաւթեանը համաձայնեց Իրանի դեսպանի դիտարկման հետ, թէ 2 երկրների կառավարութիւնները համաձայն են ծրագրի իրագործման հարցում:

«Գոնէ պաշտօնական օրակարգից այդ հարցը դուրս չի եկել: Իրանական իշխանութիւնները շատ հմտօրէն օգտագործում են էներգետիկ դիւանագիտութեան ամբողջ գործիքակազմը, եւ այդ խօսակցութիւնները՝ Մեղրի ՀԷԿ-ի հետ կապւած, ես հէնց դրան եմ վերագրում»,- ասաց նա:

Փորձագէտն ինքն էլ հարցադրում ներկայացրեց. ինչո՞ւ առ այսօր, երբ Իրանն արդէն ինչ-որ չափով ազատւած է պատժամիջոցներից, չի իրագործում Մեղրի ՀԷԿ-ի ծրագիրը:

«Իրականում այդ ծրագիրն ի սկզբանէ նախագծւում էր Իրանի հիւսիսային բնակավայրերը էլեկտրաէներգիայով ապահովելու նկատառումներով: Այնտեղ առկայ է էլեկտրաէներգիայի դեֆիցիտ: Բայց հարցը նաեւ նրանում է, որ վերջին տարիներին այնտեղ սկսել է էներգետիկ հզօրութիւնների կառուցումը: Մենք գիտենք, որ առաջիկայ երկու տարիների ընթացքում այդ հատւածներում, ըստ նրանց պաշտօնական տեղեկութիւնների, կառուցւելու է շուրջ քառասուն էլեկտրակայան»,- ասաց նա:

Հիմա Մեղրի ՀԷԿ-ի ծրագրի իրագործման հետ կապւած խոչընդոտներ է ստեղծում նաեւ Ադրբեջանը՝ իր լոբբիստական աշխատանքով: «Հայաստանը դիտարկւում է որպէս «Հիւսիս-հարաւ էլեկտրաէներգետիկ միջանցքի» անբաժան մի մաս: Բայց հիմա հասել ենք նրան, Ադրբեջանը Իրանի եւ Ռուսաստանի հետ բանակցութիւններ է սկսել յունւար ամսին, որ «Հիւսիս-հարաւ»-ը պէտք է անցնի Ադրբեջանով, այսինքն՝ ստեղծւի մէկ այլ՝ այլընտրանքային էներգետիկ միջանցք: Կարծես թէ կողմերն էլ պատրաստակամութիւն են յայտնում»,- ասաց նա:

Վահէ Դաւթեանը նաեւ նկատեց, որ իրանական էներգետիկ շուկայում նոր խաղացողներ են ի յայտ եկել, մենք ինչ-որ չափով ուշացել ենք:

Անդրադառնալով երկու երկրների դեսպանների հաւաստիացումներին, թէ ՀԷԿ-ի գործարկումը շուտով իրականութիւն կը դառնայ՝ փորձագէտը նշեց, որ նման յայտարարութիւններ տարբեր երկրների արտաքին գերատեսչութիւններից մշտապէս են հնչում:

«Դա դիւանագիտական հռետորաբանութիւն է, որն ուղղւած է ցոյց տալու, որ երկիրը պատրաստ է համապատասխան կոնիւնկտուրայի ձեւաւորման արդիւնքում նմանատիպ քայլեր ձեռնարկել, բայց երբ խօսքը գնում է իրական տնտեսական գործընթացների մասին, ես կարծում եմ, որ այստեղ խոչընդոտներ չենք կարող չնկատել»,- ասաց նա:

Վահէ Դաւթեանը նշեց՝ Մեղրու ՀԷԿ-ն ի սկզբանե նախատեսւում էր գործարկել որպէս Հարաւային Կովկասում խոշորագոյն հիդրոէլեկտրակայան, որն իր հզօրութեամբ կը գերազանցի անգամ վրացական Ինգուրի հիդրոէլեկտրակայանին. «Անհրաժեշտ է մօտ 350 միլիոն դոլարի ներդրում, եւ այս պայմաններում, երբ չկայ իրական դոնոր, որը պատրաստ է այսօրւայ դրութեամբ այդ ամէն ինչը իրագործել, յայտարարութիւնները վերածւում են հռետորաբանութեան, որը, ինչ խօսք, անհրաժեշտ է»։

2018-ից ի վեր, նրա նկատառմամբ, Իրանը փորձում է ինտեգրւել բոլոր ուղղութիւններով:

«Անգամ պաշտօնապէս յայտարարւել է, որ էներգետիկ ինտեգրացիան Իրանի համար մօտակայ հինգ տարիների ընթացքում լինելու է առանցքայինը: Յայտարարւում է, որ կարեւորւում է տարածաշրջանային երկրների հետ էներգետիկ ոլորտում երկխօսութիւնը: Հիմա մենք տեսնում ենք այդ երկխօսութիւնը Հայաստանի հետ նաեւ Մեղրի ՀԷԿ-ի օրինակով: Բայց միշտ չէ, որ այդ երկխօսութիւնը բերում է իրական արդիւնքներ»,- ասաց նա:

կապւած լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։