Հա
14/05/2018 - 09:10

Անդրանիկ Մարգարեանի ժառանգութիւնը Նիկոլ Փաշինեանին. վարչապետի աթոռի իրական արժէքը

Ի՞նչ են արել Նիկոլ Փաշինեանին նախորդած 5 վարչապետները։ «Sputnik» Արմենիան տնտեսագէտի օգնութեամբ ամփոփել է Հայաստանի 20 տարւայ տնտեսական յաղթանակներն ու պարտութիւնները։

«alikonline.ir» - Ի՞նչ են արել Նիկոլ Փաշինեանին նախորդած 5 վարչապետները։ «Sputnik» Արմենիան տնտեսագէտի օգնութեամբ ամփոփել է Հայաստանի 20 տարւայ տնտեսական յաղթանակներն ու պարտութիւնները։

Շուրջ 20 տարի առաջ 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ից յետոյ կարճ ժամանակով վարչապետ նշանակւած Վազգէն Սարգսեանի եղբայրը` Արամ Սարգսեանը, աւելի շատ քաղաքական, քան տնտեսական խնդիր էր լուծում։ Իշխանութիւնը յոյս ունէր այդ նշանակմամբ մեղմել ներքաղաքական լարումը։ Հաշւարկը սխալ չէր։ Արամ Սարգսեանը կատարեց իր առաքելութիւնն ու 5 ամիս անց հրաժարւեց վարչապետի պաշտօնից։

2000 թ.-ի մայիսին նրան այդ պաշտօնում փոխարինեց ՀՀԿ այն ժամանակւայ նախագահ Անդրանիկ Մարգարեանը։ Նրա կառավարման տարիները ընդունւած է համարել տնտեսական վերելքի ժամանակահատւած։ Նրա օրօք Հայաստանի տնտեսութիւնը տպաւորիչ աճ արձանագրեց։

Տնտեսագէտ Ատոմ Մարգարեանը, «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում, մեկնաբանելով Անդրանիկ Մարգարեանի կառավարման տնտեսական ցուցանիշները, նշեց, որ Մարգարեանի կառավարման վերջին տարում` 2008 թ.-ին, ՀՆԱ-ի ցուցանիշը հասաւ 11 մլրդ. 662 մլն. դոլարի, տարեկան Հայաստան էր գալիս 2 մլրդ. 271 մլն. դոլարի մասնաւոր տրանսֆերտ, արտաքին պարտքը նւազագոյնն էր վերջին 10-ամեակում` 1 մլրդ. 577 մլն. դոլար։ Տարեկան արտագաղթը 23.100 մարդ էր, գործազրկութիւնը` 16.4%, աղքատութիւնը` 27.6%:

«Այդ տարիներին Հայաստանը գրեթէ իր պետական բիւջէի չափով մասնաւոր տրանսֆերտներ էր ստանում, որի 90%-ը` Ռուսաստանից, քանի որ ՌԴ-ն եւս վերելքի փուլում էր»,- ասաց Մարգարեանը։

Տնտեսական երկնիշ աճի ֆենոմենալ ծաւալն այդ տարիներին ապահովում էին շինարարութեան ոլորտում կատարւած ներդրումները։

Բայց դրականին զուգահեռ Անդրանիկ Մարգարեանի օրօք նաեւ բազմաթիւ բացասական երեւոյթների սաղմեր դրւեցին տնտեսութեան մէջ, որոնք յետոյ այլեւս արմատախիլ անել չյաջողւեց։

Ատոմ Մարգարեանի դիտարկմամբ` հէնց 2000-ականներին ՀՀ տնտեսութեան մէջ արմատաւորւեցին կոռուպցիան, մենաշնորհները, օլիգարխիկ կառուցւածքներն ու իշխանութեան հետ բիզնեսի սերտաճումը։

Դրանք, սակայն, մինչ 2008 թ.-ի տնտեսական ճգնաժամը այնքան էլ նկատելի չէին, քանի որ տնտեսութիւնն ու աշխատավարձերն աճում էին, աղքատութիւնը` նւազում։

Անդրանիկ Մարգարեանի մահից յետոյ վարչապետ նշանակւած ՀՀԿ յաջորդ ղեկավար Սերժ Սարգսեանը կարճ կառավարեց` մինչեւ 2008թ-ի ապրիլը, որից յետոյ Հայաստանի տնտեսութեան ղեկը փոխանցւեց Տիգրան Սարգսեանին։

Ատոմ Մարգարեանի դիտարկմամբ` Տիգրան Սարգսեանը, թէեւ իր նախորդներից ստացաւ բարձր տնտեսական աճով ու արտաքին մեծածաւալ ներարկումներով տնտեսութիւն, բայց նրա բախտը չբերեց։

«Նա եկաւ խոստումնալից ծրագրով ու թիմով, որում հիմնականում երիտասարդ, լաւ ուսում ստացած պրոֆեսիոնալ կադրեր էին, բայց շաբաթն ուրբաթից շուտ եկաւ, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը Հայաստանին ամենամեծ հարւածը հասցրեց»,- ասաց Ատոմ Մարգարեանը։

Հարւածի ուժը կրկնապատկեց Անդրանիկ Մարգարեանի ժառանգութիւն թողած տնտեսութեան մոնոպոլիզացւածութիւնը, կոռումպացւածութիւնն ու շինարարական ոլորտի դոմինանտ լինելու հանգամանքը։ Շինարարութիւնը կանգ առաւ, տնտեսութեան աճը փոխւեց անկման։ Մեկ տարի անց` 2009 թ.-ին, ՀՆԱ-ի ցուցանիշը 11 միլիարդից նւազեց 8 մլրդ. 648 մլն.-ի, մասնաւոր փոխանցումները կրճատւեցին մինչեւ 1.5 մլրդ. դոլար։

Միաժամանակ բարձր տեմպերով աճեց պետական պարտքը. 2013 թ.-ից յետոյ արտաքին պարտքը հասաւ 4.5 մլրդ. դոլարի։

Տնտեսութիւնը փրկելու համար Տիգրան Սարգսեանը դիմեց արտաքին ֆինանսաւորման աղբիւրներին` Համաշխարհային բանկի, Զարգացման Ասիական բանկի, Արժոյթի Միջազգային հիմնադրամի եւ այլ դոնորների աջակցութեանը։

«Տիգրան Սարգսեանի կառավարութեան «յաջողութիւնները» պայմանաւորւած էին դոնորների բարեհաճութեամբ, եւ դրանում մեծ դեր ունեցաւ Տիգրան Սարգսեանի մեծ վարկանիշն այդ կառոյցներում, որ նա ունէր ՀՀ ԿԲ նախագահ աշխատած տարիներին»,- ասաց տնտեսագէտը։

Չնայած արտաքին ներարկումներին, Տիգրան Սարգսեանի կառավարման տարիներին մեծացաւ սոցիալական բեւեռացումը։ 2013 թ.-ին աղքատութեան մակարդակը Հայաստանում հասաւ 35.8%-ի։

Սարգսեանին փոխարինած Յովիկ Աբրահամեանի բախտը եւս չբերեց։ Նրա կառավարման տարիները համընկան Ռուսաստանի նկատմամբ կիրառւած տնտեսական խստագոյն պատժամիջոցների հետ։ Հայաստանի տնտեսութեան դիմաց փակւեցին ոչ միայն տրանսֆերտների, այլեւ արտահանման աւանդական շուկաների դռները։

«Այս պարագայում այդ կառավարութիւնը մեծ բան անել չէր կարող, նրա հիմնական ֆունկցիան բիւջէտային համակարգի կայունութիւն ապահովւելն էր»,- ասում է Ատոմ Մարգարեանը։

Յովիկ Աբրահամեանի կառավարութեանը յաջողւեց ապահովել ՀՆԱ-ի 11 մլրդ. 600 մլն.-ի ցուցանիշ, ինչը չյաջողւեց Կարէն Կարապետեանի կառավարութեանը։ Պետական պարտքը Յովիկ Աբրահամեանի կառավարման տարիներին հատեց 4 մլրդ.-ի սահմանագիծը` 2014 թ.-ին հասնելով 4 մլրդ. 277 մլն., 2015-ին` 4 մլրդ. 309 մլն., 2016-ին` 4 մլրդ. 805 մլն. դոլարի։

Այդ տարիներին շարունակւում էր նաեւ Տիգրան Սարգսեանի օրօք սկսւած ներդրումների անկումը, արտագաղթի տեմպերն աճում էին։ 2014-ին, պաշտօնական տւեալներով, Հայաստանից հեռացել է 47.000, 2015-ին`47.675, 2016-ին` 54.000 մարդ։ Գործազրկութիւնը հասել է 19, աղքատութիւնը` 30 %-ի։

Այս իրողութիւնները 2016-ի աշնանը յանգեցրին Աբրահամեանի ղեկավարած կառավարութեան հրաժարականին։

Նրանից յետ երկրի տնտեսութեան ղեկը յանձնւեց հանրութեան վստահութիւնը վայելող Կարէն Կարապետեանին։

«Կարէն Կարապետեանի կառավարութիւնն իշխանութեան եկաւ շատ լուրջ նախընտրական «PR»-ով։ Շատ բաներ մատուցւում էին նախընտրական սկուտեղի վրայ»,- մեկնաբանելով Կարապետեանի մուտքը գործադիր իշխանութիւն` ասաց Մարգարեանը։

2017 թ.-ի ընտրութիւններին ՀՀԿ-ի քարոզչական հիմքը նախապատրաստելուց բացի, Կարէն Կարապետեանի վրայ դրւեց նաեւ արտաքին պարտքի սպասարկման, պետական բիւջէի դեֆիցիտի ֆինանսաւորման խնդիրների լուծման պարտաւորութիւնը։

Կարապետեանի կառավարութիւնը եւս կենսաթոշակների, նպաստների, աշխատավարձերի բարձրացման ուղղութեամբ որեւէ քայլ չարեց` կառավարման 19 ամիսների ընթացքում պարբերաբար յայտարարելով դրա անհնարինութեան մասին։

Ու թէեւ այս կառավարութիւնը տպաւորիչ ցուցանիշներ ապահովեց 2017 թ.-ին` տնտեսական աճի 7.5%-անոց աճով, բայց դա բաւական չեղաւ հանրութեանը համոզելու համար։

«Վերջին 5 տարիներին` 2012-17 թթ.-ին պետական ծախսերն աւելացել են 43%-ով, բայց ընդհանուր սպառումը նոյն ժամանակահատւածում աճել է 3.8%-ով, տնային տնտեսութիւնների ծախսերը` 1.1%-ով։ Այսինքն` պետութիւնն իր ծախսերն աւելացրել է, իր ծառը ջրել է, բայց քաղաքացիների եկամուտների աւելացում չի եղել։ Եթէ ընդհանուր գնահատական տանք Տիգրան Սարգսեանի, Յովիկ Աբրահամեանի ու Կարէն Կարապետեանի կառավարման տարիներին, տնտեսական աճի պտուղներից բնակչութեան մեծ մասն անմասն է մնացել»,- ասաց տնտեսագէտը` հէնց այս հանգամանքով պայմանաւորելով նաեւ համաժողովրդական բողոքի ալիքի ուժգնութիւնը։

Կարէն Կարապետեանին ընդամենը 6 օրով փոխարինած Սերժ Սարգսեանը, թէեւ չհասցրեց կառավարութիւն կազմել ու ներկայացնել տնտեսական քաղաքականութեան իր կուրսը, բայց հասցրեց տալ խոստում, որն այդպէս էլ մնաց օդում կախւած։ Վարչապետի պաշտօնում տւած իր միակ հարցազրոյցում (ապրիլի 20-ին) Սերժ Սարգսեանը խոստացաւ բարձրացնել թոշակներն ու աշխատավարձերը` թերեւս գիտակցելով վերջին 10 տարիներին ՀՀԿ-ի վարած տնտեսական քաղաքականութեան կործանարար հետեւանքները։ Բայց գնացքն, ինչպէս ասում են, արդէն մեկնել էր։

Այսօր Հայաստանի ՀՆԱ-ի 60%-ից աւելին, Ատոմ Մարգարեանի հաշւարկով, կենտրոնացած է Հայաստանի 100 ընտանիքների ձեռքում։ Աշխատավարձերն ու թոշակներն իրականութեան հետ ոչ մի աղերս չունեն, գործազրկութիւնն ու աղքատութիւնը թոյլատրելի շեմից բարձր են, պետական պարտքն ամենաբարձրն է Հայաստանի գոյութեան ամբողջ ընթացքում։

Թէ տնտեսութիւնը ծանր վիճակից դուրս բերելու ինչ դեղատոմսեր կառաջարկի ՀՀԿ 5 վարչապետներից յետոյ գործադիր իշխանութեան կառավարումը ստանձնած Նիկոլ Փաշինեանը, դեռ անյայտ է։ Հանրութիւնն ու մասնագիտական շրջանակները սպասում են նրա կառավարութեան ծրագրին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։