Հա
26/05/2018 - 12:10

Ռուսակա՞ն, թէ՞ իրանական գազ. ինչո՞ւ է գազը թանկանում Հայաստանի ներսում

Արդէն պարզ է, որ հայ սպառողին հասնող ռուսական գազի մատակարարման համակարգում ամէն ինչ չէ, որ համընկնում է գնի առումով։ Նոյնիսկ տարրական տրամաբանութիւնն է թելադրում` բնական գազը, որը Հայաստանի արտաքին սահմանը հատում է մի գնով, չի կարող մինչեւ սպառողին հասնելը գրեթէ կրկնակի թանկանալ:

«alikonline.ir» - Իրականում խնդիրը նոր չէ, եւ բնակչութեան դժգոհութիւնը պայմանաւորւած է այն հանգամանքով, որ Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում 1000 խմ-ի դիմաց 150 դոլարով, իսկ բնակչութեանը հասնում է 290 դոլարով։ Գրում է «Sputnik» Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհեանը:

Որքան շատ ես գազ գնում, այնքան աւելի է էժանանում. տնտեսական օրինաչափութիւն, որի հետ կարող է համեմատւել միայն աշխարհաքաղաքական օրինաչափութիւնը:

Յիշում եմ` բաւական երկար ժամանակ, երբ դեռ ռուսական գազի գինը Հայաստանի համար համեմատաբար բարձր էր, ռուսական «Գազպրոմ»-ի հայկական դուստր ձեռնարկութեան ներկայացուցիչները եւ համապատասխան նախարարութեան աշխատակիցները բացատրում էին, որ երկիրը քիչ է գազ սպառում, այդ պատճառով էլ նման անհաւասարակշռութիւն է առաջանում։

Ասում էին, որ եթէ Հայաստանում մեծ քանակութեամբ գազ սպառող գործարաններ լինեին, ապա գինն էլ, համապատասխանաբար, կը նւազէր։ Իսկ երբ հիմնական սպառողը բնակչութիւնն է, որը ցուրտ ձմռանն այդ գազով է ջեռուցում տները, ապա սպառումը քիչ է, գինը` բարձր։

Իրականում նման օրինաչափութիւն  իսկապէս կայ համաշխարհային պրակտիկայում, եւ Ռուսաստանից նաւթ ու գազ գնող երկրները ջանում են այդ գործօնն օգտագործել այդ սակագնի շուրջ բանակցութիւնների ժամանակ։

Յետոյ յանկարծ պարզւեց, որ Ռուսաստանը, ելնելով ինչ-ինչ աշխարհաքաղաքական նկատառումներից եւ այն փաստից, որ Հայաստանն այսուհետեւ ԵԱՏՄ լիիրաւ անդամ է, ամենեւին էլ դէմ չէ իջեցնել մատակարարւող գազի սակագինը։

Բայց նոյնիսկ այն ժամանակ, երբ այդ գինը տարածաշրջանում ամենացածրն է (ընդամենը 150 դոլար` 1000 խմ-ի դիմաց), գազը սպառողին հասնում է 290 դոլարով։

Այսօր արդէն, երբ Ռուսաստանն իջեցրել է գինը, «Գազպրոմ»-ի հայկական դուստր ձեռնարկութեան ներկայացուցիչները եւ նախարարութիւնները սկսել են շեշտը դնել այլ բանի վրայ։ Իբր գնային աւելցուկի պատճառն այն է, որ «Գազպրոմ Արմենիան» լուրջ գումարներ է ներդնում ենթակառուցւածքների եւ գազամատակարարման ցանցի սպասարկման համար։ 

Դէ իհարկէ, անուշադրութեան չի մատնւում նաեւ այն փաստը, որ գազիֆիկացման մշտական աշխատանքներ են իրականացւում այն շրջաններում եւ բնակավայրերում, որտեղ գազի խողովակներ ի սկզբանէ չկային։

 

Հարց «Գազպրոմ Արմենիա»-ին եւ համապատասխան գերատեսչութեանը

Յիշում եմ, որ խորհրդային լճացման տարիներին կառուցւած թաղամասերից մէկում (խօսքը Դաւթաշէնի մասին է) գազ ընդհանրապէս չկար։ Այն ժամանակ հայկական ատոմակայանի, այսինքն էժան էլեկտրաէներգիայի առկայութիւնը հաշւի առնելով` որոշել էին, որ նոր թաղամասի բնակիչները կապրեն առանց գազի։

Յիշում եմ, որ դաւթաշէնցիների համար նոյնիսկ էլեկտրաէներգիայի սակագինն էին կրկնակի ցածր սահմանել միւս թաղամասերի համեմատ, որտեղ գազ կար։ Սակայն հարցը դրանում չէ։

Պարզապէս արդէն մեր օրերում ընդամենը 1-2 տարւայ ընթացքում ամբողջ Դաւթաշէնը գազիֆիկացւեց ու մոնտաժային աշխատանքների հսկայական աշխատանք կատարւեց, ինչն իսկապէս գումար արժէ, եւ դրանից խուսափել հնարաւոր չէ։

Այն ժամանակ ասում էին, որ հէնց գազիֆիկացման աշխատանքների պատճառով չեն կարողանում իջեցնել սակագները։

Բայց արդէն որերորդ տարին է (աւելի քան տասը տարի)` ամբողջ Դաւթաշէնը գազ ունի, բացառութեամբ առանձին բնակարանների, որտեղ մարդ չի բնակւում, բայց նոյն «Գազպրոմ Արմենիա»-ն դեռ ոչ մի անգամ յայտարարութեամբ հանդէս չի եկել եւ չի նշել, որ գազիֆիկացման աշխատանքներն աւարտւել են։ Ենթադրենք` եւս մի քանի տարի էլ տեւեց Հայաստանի բոլոր (խուլ) գիւղերի գազիֆիկացման գործընթացը։ Բայց չէ՞ որ այդ աշխատանքներն էլ յաւերժ չեն, ճի՞շտ է։ Չէ՞ որ խօսքը փոքր (տարածքային առումով) երկրի մասին է, որի բնակչութիւնն ընդամենը 3 մլն. է։

Ահա եւ հարց է ծագում` որքա՞ն է շարունակւելու այդ գազիֆիկացման գործընթացը։ Մի՞թէ մինչ օրս գազի խողովակներ չեն անցկացւել շրջկենտրոններից եւ մայրուղիներից հեռու գտնւող գիւղերում, տնակներում եւ առանձնատներում։

Եթէ գազիֆիկացման աշխատանքները չեն աւարտւել, ապա ինչո՞ւ։ Իսկ եթէ աւարտւել են, ապա ինչու Հայաստանում գազի սակագինը սպառողի համար չի նւազում։

 

Իսկ հիմա իրանական գազի մասին

Պարզւում է, որ Իրանից եկող գազը հայ սպառողի բոլոր խնդիրները չի լուծում, ինչպէս դա ներկայացւում էր աւելի վաղ։ 

ՀՀ էներգետիկ ենթակառուցւածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորեանը յայտնեց, որ իրանական բնական գազի սակագինը զգալիօրէն թանկ է ռուսականից։ Նրա խօսքով` Իրանի եւ Հայաստանի սահմանին գազի արժէքը 1000 խմ-ի դիմաց 165 դոլար է կազմում։

Նշենք, որ խօսքն այսօրւայ մասին է, երբ Հայաստանում իշխանափոխութիւն է տեղի ունեցել, եւ նախարարների կաբինետում նստած են մարդիկ, որոնք ժողովրդի լիարժէք վստահութիւնն են վայելում։

Փաստօրէն ստացւում է, որ Ռուսաստանն ամենեւին էլ մեղաւոր չէր, որ թանկ գազ է հասնում հայերի բնակարաններ, ճի՞շտ է։

Ստացւում է, որ ռուսական «կապոյտ վառելիք»-ի սակագնի կրկնակի աւելցուկն առաջանում է Հայաստանում։ Գնային քաղաքականութիւնը երկրում ինքնուրոյն են որոշում` անկախ աշխարհաքաղաքական շահերից, որոնցով առաջնորդւում էր (եւ առաջնորդւում է) ռուսական պետական կորպորացիան` «Գազպրոմ» ընկերութիւնը։

Եւ սուտ են հեքիաթներն այն մասին, թէ Ռուսաստանը թոյլ չի տալիս, որ Իրանը մուտք գործի հայկական շուկայ։ Սուտ է թէկուզ այն պատճառով, որ այսօր բացայայտ յայտարարւեց` իրանական գազը հայկական շուկայի համար չէ, քանի որ 10 տոկոսով թանկ է ռուսականից։

Եւ ներքին շուկայում գազի թանկ լինելու պատճառը պէտք է ուրիշ տեղ փնտրել։ Նման է նրան, որ 1500 դրամի լանչ պատւիրես, բայց բերողին 1300 դրամ վճարես առաքման համար։

Մօտաւորապէս այդպէս է իր ծառայութիւնները գնահատում արդէն ամբողջ Հայաստանով մէկ գազամատակարարման ցանց կառուցած «Գազպրոմ Արմենիա» ընկերութիւնը։ Հայկական սահմանից գազը սպառողին է հասցնում գրեթէ նոյն գնով, ինչ գնով ստանում է «Գազպրոմ»-ից։

Իսկ իրանական գազն իսկապէս ռուսականից թանկ է։ Յամենայն դէպս Հայաստանի համար, քանի որ Իրանն աշխարհաքաղաքական նպատակայարմարութիւն չունի` ի տարբերութիւն Ռուսաստանի։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։