Հա
02/07/2018 - 13:20

Հայաստանը չի հրաժարւի ատոմային էներգիայից. ի՞նչպիսի կայան է պէտք երկրին

Ատոմակայանը Հայաստանի անվտանգութեան հիմնական երաշխաւորն է, կարծում է Դաւթեանը։

«alikonline.ir» - Ատոմակայանը Հայաստանի անվտանգութեան հիմնական երաշխաւորն է, կարծում է Դաւթեանը։

Հայաստանն իր անվտանգութիւնն ապահովելու համար պէտք է 600 ՄՎտ հզօրութեամբ նոր ԱԷԿ կառուցի, «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում ասաց էներգետիկ անվտանգութեան ոլորտի փորձագէտ Վահէ Դաւթեանը։

Աւելի վաղ ՀՀ էներգետիկ ենթակառուցւածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկեանը յայտնել էր, որ Հայաստանը չի հրաժարւի ատոմային էներգիայից, սակայն ծրագրում է կենտրոնանալ փոքր մոդուլային ռէակտորների շինարարութեան վրայ։

«Աւանդական մօտեցմանն եմ հակւած` Հայաստանին մեծ կայան է պէտք։ Խօսքն, իհարկէ, այն կայանների մասին չէ, որոնք դիտարկւում էին 2008-2010 թւականներին։ Էլեկտրաէներգիայի աւելցուկի պայմաններում 1200 ՄՎտ հզօրութեան անհրաժեշտութիւն չկայ»,- ասաց Դաւթեանը։

Նրա խօսքով` քանի դեռ լուծւած չեն աշխարհաքաղաքական հարցերը ներկայ փուլում արտաքին շուկաներում ակտիւանալու հնարաւորութիւն չկայ, այդ պատճառով էլ Հայաստանին նման հզօրութիւններ պէտք չեն։

«Սակայն այսօր խօսք կարող է գնալ 600 ՄՎտ հզօրութիւնների մասին։ Խնդիրն այն է, որ նոյնիսկ այն մոդելից, որի շուրջ որոշակի համաձայնութիւն էր ձեւաւորւել, նախորդ իշխանութիւնը հրաժարւեց եւ սկսեց առաջարկել մոդուլային կայանների մոդելը»,- նշեց Դաւթեանը։

Փոքր կամ մոդուլային կայաններ ասելով նկատի ունեն 50-300 ՄՎտ հզօրութեամբ կայանները։ Եթէ հեռանկարը գնահատելու համար միջազգային փորձը վերլուծւի, ապա պէտք է արձանագրել, որ Ռուսաստանում, Չինաստանում, Հնդկաստանում, Ֆրանսիայում մոդուլային կայանները գերազանցապէս դիտարկւում են որպէս ռեզերւային էներգիայի աղբիւր։

«Սակայն Հայաստանում ԱԷԿ–ը դիտարկել որպէս ռեզերւային էներգիայի աղբիւր նպատակայարմար չէ` ռազմավարական նկատառումներից ելնելով։ Աւանդաբար մենք տարածաշրջանում միակ երկիրն ենք, որն ատոմային էներգետիկա ունի։ Դա մեր անվտանգութեան բազային երաշխիքն է»,- ասաց Դաւթեանը։

Առանց ատոմային էներգետիկայի հոսանքի ցածր սակագների հաւակնութիւններ ապագայում ունենալ չի կարելի։ Սա վերաբերում է ինչպէս ներքին շուկային, այնպէս էլ էլեկտրաէներգիայի արտահանմանը։ Աւելին, ատոմակայանների առկայութիւնը որոշակի աշխարհաքաղաքական առաւելութիւններ է տալիս պետութեանը, կարծում է փորձագէտը։

Դաւթեանը պնդում է, որ ելնելով վերոնշեալից, մոդուլային ԱԷԿ-ները որպէս առաջնահերթ դիտարկելը նպատակայարմար չէ։ Աւելի լաւ է ուշադրութիւնը կենտրոնացնել 600 ՄՎտ հզօրութեամբ կայաններ կառուցելու վրայ։ Նման կայանի կառուցումը, մօտաւոր գնահատականներով` 2-2.5 մլրդ. դոլար կարժենայ։

Հայաստանում գործող ԱԷԿ-ի շահագործումը պէտք է դադարեցւէր 2016 թւականին։ Այժմ Ռուսաստանի կառավարութեան տրամադրած վարկի եւ դրամաշնորհի հաշւին կապիտալ վերանորոգում է իրականացւում ԱԷԿ-ում` դրա կեանքը 10 տարով երկարացնելու համար։

Աշխատանքները կաւարտւեն մինչեւ 2020 թւականը։ Արդիւնքում կայանի հզօրութիւնը ներկայիս 390-ից կաճի մինչեւ 430 ՄՎտ։

Յարակից լուրեր

  • «Հրապարակ». «ՀԱՊԿ-ում ձախողումները փորձում են բարդել Շաւարշ Քոչարեանի վրայ»
    «Հրապարակ». «ՀԱՊԿ-ում ձախողումները փորձում են բարդել Շաւարշ Քոչարեանի վրայ»

    «Հրապարակ»-ը գրում է. «Իշխանութիւններին հեշտ ժամանակներ չեն սպասւում. բացի նախընտրական թոհուբուհից, դեկտեմբերի 9-ի նախօրեակին՝ դեկտեմբերի 6-ին, ԵԱՏՄ երկրների ղեկավարների համաժողովն է, որտեղ քննարկւելու-որոշւելու է ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի հարցը։

  • Խաղաղութեան գինը
    Խաղաղութեան գինը

    Խաղաղասիրութիւնը քաղաքակրթութեան նւաճումներից է: Հայ ժողովուրդը, անմասն չլինելով քաղաքակրթական նւաճումներից, մեծագոյն հաւատ եւ փափագ ունի խաղաղութեան հաստատման ու պահպանման հարցում: Մենք խաղաղասէր ժողովուրդ ենք, հազարամեակներ շարունակ մասնակցելով պատերազմների շատ քիչ են դէպքերը, երբ մենք ենք այն սկսել: Ընդ որում՝ խաղաղասէր ենք եղել ոչ միայն թոյլ եղած ժամանակ, այլեւ՝ ուժեղ պետականութեան հանգրւաններում:

  • ՀՀ ԱԳՆ. «Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերն է»
    ՀՀ ԱԳՆ. «Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերն է»

    Մենք յստակ որոշել ենք մեր դիրքորոշումը, այսինքն` սա մեզ համար չափազանց զգայուն հարց է, քանի որ Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերն է, որի հետ մենք ունենք լաւ կարգաւորւած երկկողմ օրակարգ, եւ այն չափազանց կարեւոր է տարածաշրջանի ներկայիս իրողութիւնների համատեքստում:

  • Իրանեան պատժամիջոցների քաղաքականութեան հարցերով ամերիկեան փորձագէտներն այցելել են Հայաստան
    Իրանեան պատժամիջոցների քաղաքականութեան հարցերով ամերիկեան փորձագէտներն այցելել են Հայաստան

    ԱՄՆ պետքարտուղարութեան եւ գանձապետարանի միջգերատեսչական փորձագիտական խումբը նոյեմբերի 15-16-ին Երեւանում էր՝ հայաստանեան կառավարութեան ու բիզնեսի գործընկերների հետ քննութեան առնելու Իրանի դէմ ուղղւած պատժամիջոցների քաղաքականութիւնը:

  • «Կոմերսանտ». «Մինսկը եւ Երեւանը իրենց վէճը հրապարակային են դարձրել»
    «Կոմերսանտ». «Մինսկը եւ Երեւանը իրենց վէճը հրապարակային են դարձրել»

    Ռուսական «Կոմերսանտ»-ն անդրադարձել է ՀԱՊԿ-ի շուրջ վերջին զարգացումներին: 

    Թերթը գրում է, որ Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկօն օրերս Բելառուսիայում Ադրբեջանի դեսպան Լաթիֆ Գանդիլովի հետ հանդիպման ժամանակ քննարկել է ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի հարցը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։