Հա
18/07/2018 - 14:45

ՀՀ տրանսպորտի նախարար. ««Հիւսիս-հարաւի» կառուցման վերջնաժամկէտը հնարաւոր է յստակեցնել ֆինանսաւորման հարցը լուծելուց յետոյ, հնարաւոր իրավախախտումներով զբաղւում են իրաւապահները»

«Հիւսիս-hարաւ» աւտոճանապարհի կառուցման վերջնաժամկէտը հնարաւոր է յստակեցնել միայն ֆինանսաւորման հարցը լուծելուց յետոյ: Ծրագիրը բաղկացած է 5 տրանշից, եւ այդ ծրագրի միայն 3 տրանշով է, որ այսօր կայ ֆինանսաւորում: 4-րդ տրանշից մի փոքր հատւածի ֆինանսաւորում կայ, իսկ 5-րդ տրանշը ֆինանսաւորում չունի: 

«alikonline.ir» - «Հիւսիս-hարաւ» աւտոճանապարհի կառուցման վերջնաժամկէտը հնարաւոր է յստակեցնել միայն ֆինանսաւորման հարցը լուծելուց յետոյ: Ծրագիրը բաղկացած է 5 տրանշից, եւ այդ ծրագրի միայն 3 տրանշով է, որ այսօր կայ ֆինանսաւորում: 4-րդ տրանշից մի փոքր հատւածի ֆինանսաւորում կայ, իսկ 5-րդ տրանշը ֆինանսաւորում չունի:

Այս մասին, ըստ  «tert.am»-ի՝ այսօր Թալինում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Յակոբեանը. «Ճանապարհի կառուցման համար մինչ օրս վարկային համաձայնագրեր են կնքւել Ասիական զարգացման բանկի, Եւրասիական զարգացման բանկի եւ Եւրոպական ներդրումային բանկի հետ: Կնքւել է շուրջ 480 մլն. դոլարի եւ 60 մլն. եւրոյի համաձայնագիր»:

Նախարարն ասաց, որ անընդհատ քննարկւում է, որ այս ծրագրի իրականացման ընթացքում ահռելի գումարներ են ծախսւել, վատնւել, չարաշահումներ են տեղի ունեցել, կատարւել են հափշտակութիւններ. «Ես չեմ ուզում անդրադառնալ, թէ մինչ օրս կատարւած աշխատանքների շրջանում հափշտակութիւններ եղել են, թէ ոչ, դա իմ լիազօրութիւնների սահմաններից դուրս է։ Դրանով այսօր զբաղւում են իրաւապահ մարմինները, եւ կարծում եմ, որ եթէ իրաւախախտումներ եղել են, ապա կը բացայայտւեն:

Ես ուզում եմ պաշտօնապէս յայտարարել, որ իրաւախախտումները պարզելու հարցում ես օժանդակութիւն կը ցուցաբերեմ, կանեմ ամէն ինչ, որ այսուհետ նման իրաւախախտումների կատարումը բացառւի ընդհանրապէս: Մենք բացում ենք նոր էջ, որտեղ կը լինի օբիեկտիւ տեղեկատւութիւն, որտեղ կը լինի միայն կառուցողական աշխատանք, ճշգրիտ տւեալներ եւ փոխադարձ վստահութիւն»:

Նախարարը եւս մէկ անգամ շեշտեց, որ ծրագրի աւարտի մասին կարող են խօսել միայն այն ժամանակ, երբ մայրուղու ամբողջ ֆինանսաւորման խնդիրը կը համարւի լուծւած:

«Ֆինանսաւորում դեռեւս չունենք ճանապարհի չորս հատւածների վերաբերեալ, ֆինանսաւորում չունենք Արտաշատ-Սիսիան հատւածի 175 կմ. մասով, չունենք Սիսիան-Քաջարան հատւածի շուրջ 60 կմ. հատւածի մասով, չունենք ֆինանսաւորում Գիւմրիի շրջանցիկ հատւածի 23 կմ-ի եւ Գիւմրի-Բաւրա հատւածի 35 կմ-ի համար»,-ասաց նախարարը:

Նա նշեց, որ ծրագրի մեկնարկին նախնական հաշւարկով ասւել է, որ իրականացման համար պահանջւում է 1 մլրդ դոլար, սակայն ակնյայտ է եղել, որ այդ գումարն աճելու է, որովհետեւ ցանկանում են գրեթէ բոլոր հատւածներում առաջին կարգի ճանապարհ ունենալ:

«Եթէ սովորական ճանապարհահատւածում 1 կմ արժէքը 3.6 մլն. ԱՄՆ դոլար է, ապա բարդ ռելիեֆային հատւածներում այն կազմելու է 12 մլն. դոլար։ Թունելի 1 կմ.ի համար պահանջւում է 30 մլն. դոլար, իսկ մենք Քաջարանի հատւածում ունենք 24.9 կմ. երկարութեամբ թունելներ եւ 18.7 կմ. երկարութեամբ կամուրջներ»,- ասաց նախարարը:

Յիշեցնենք, որ «Հիւսիս-հարաւ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը» խոշոր ենթակառուցւածքային ծրագիր է, որի նպատակն է միջազգային բարձր ստանդարտներին բաւարարող 556 կմ. ընդհանուր երկարութեամբ Մեղրի-Երեւան-Բաւրա աւտոճանապարհի միջոցով երկրի հարաւը կապել հիւսիսի հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։