Հա
21/07/2018

ՀՀ տարնսպորտի նախարար. «Հայ-իրանական երկաթուղու կառուցման ծրագիրը «հետագայի հարց է»

Հայ-իրանական երկաթուղու կառուցումը Հայաստանի նոր կառավարութեան օրակարգի առաջնային կէտերից չէ, որովհետեւ երկիրը ֆինանսապէս ի վիճակի չէ կեանքի կոչել նման նախագիծ: Այս մասին «Ազատութիւն» ռադիոկայանի հետ զրոյցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Յակոբեանը:

«alikonline.ir» - Հայ-իրանական երկաթուղու կառուցումը Հայաստանի նոր կառավարութեան օրակարգի առաջնային կէտերից չէ, որովհետեւ երկիրը ֆինանսապէս ի վիճակի չէ կեանքի կոչել նման նախագիծ: Այս մասին «Ազատութիւն» ռադիոկայանի հետ զրոյցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Յակոբեանը:

Նրա կարծիքով՝ այդ նախագիծն, իրականում, առաջնային չի եղել նաեւ նախորդ կառավարութիւնների օրակարգում: «Այդ ծրագիրն այս պահին ընդամէնը դեռ նպատակ է, որեւէ նախագիծ չկայ: Կան ուսումնասիրութիւններ, եւ այդ երկաթգծի կառուցումը մեծ գումարներ է նախատեսելու: Հետեւաբար՝ այս պահին մօտակայ պլաններում նման բան չունենք»,- ասաց Աշոտ Յակոբեանը:

Նախարարի խօսքով՝ նման երկաթգծի կառուցումը ներկայումս կարժենայ մօտ 3.5 միլիարդ դոլար, եւ առայժմ նման գումար հայթայթելու հնարաւորութիւն չկայ: «Նպատակը լաւն է, եւ կախւած երկրի զարգացումից՝ եթէ հետագայում հնարաւորութիւնները թոյլ տան, իհարկէ՝ կարել է գնալ դրան, բայց հիմա դա առօրեական չէ»,- ասաց Յակոբեանը:

Հայ-իրանական երկաթգծի կառուցման մասին 10 տարի առաջ՝ 2008 թ․ հոկտեմբերին յայտարարեց նախկին նախագահ Սերժ Սարգսեանը: Ելույթ ունենալով խորհրդարանում՝ ժողովրդին եւ Ազգային ժողովին յղած իր ուղերձում այն ժամանակ նորընտիր նախագահ Սարգսեանը հրապարակաւ խոստացաւ․ «Առաջիկայ ամիսների ընթացքում Հայաստանը սկսում է նոր ատոմակայան կառուցել, առաջիկայ տարիների ընթացքում սկսւելու է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը: Առաջիկայ ամիսների ընթացքում Համահայկական բանկ ու ներդրումային հիմնադրամ է ստեղծվելու, որոնք մեծամասշտաբ ծրագրեր են ֆինանսաւորելու: Հարցնում էք` կը կարողանա՞նք, պատասխանում եմ, որ կը կարողանանք: Հեշտութեամբ կը կարողանանք, եթէ միասին գործենք»:

ՀՀԿ առաջնորդը, սակայն, երկու անգամ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտօնը, իր յայտարարած երեք ռազմավարական ծրագագրերից ոչ մէկը չիրագործեց՝ նոր ատոմակայանի կառուցումը թղթի վրայ է, հայ-իրանական երկաթգծի անգամ նախագիծը չկայ, իսկ Համահայկական բանկը փակւեց անցած տարւայ օգոտոսին:

Անցած տարիների ընթացքում Հայաստանի իշխանութիւններին ընդամէնը յաջողւեց 2013 թ․ յունւարին կոնցեսիոն պայմանագրեր կնքել Արաբական Միացեալ Էմիրութիւններում գրանցւած «Ռոսիա ՖԶԷ» անւամբ ընկերութեան հետ, որն էլ պարտաւորւեց իր միջոցներով կառուցել հայ-իրանական երկաթգիծը՝ ծրագրի աւարտից յետոյ իրաւունք ստանալով 30 տարի շահագործել այն:

Փաստաթղթերը ստորագրւեցին 2013 թւականի նախագահական ընտրութիւններից առաջ, եւ դիտորդների կարծիքով՝ դա ընդամէնը իշխանութիւնների «PR» քայլն էր․ նպատակ էր դրւել հանրութեանը ցոյց տալ, թէ երկաթգծի կառուցման ուղղութեամբ կոնկրետ քայլեր են արւում, եւ Սերժ Սարգսեանի խոստումը չի մնացել օդում կախւած:

««Ռոսիա ՖԶԷ» կազմակերպութեան մասին ես նոր եմ լսում, մեզ մօտ գալիս են տարբեր ներդրողներ, առաջարկներ են անում ոչ միայն երկաթգծի, այլեւ բազմաթիւ այլ բնագաւառներում: Բայց մենք այսօր դրանց պէտք է աւելի լուրջ մօտենանք, աւելի նախանձախնդիր լինենք, որովհետեւ սխալւելու իրաւունք չունենք»,- ասաց Աշոտ Յակոբեանը:

Նա, միաժամանակ, վստահեցրեց՝ այն, որ ՀՀ կառավարութեան ներկայ օրակարգում երկաթգծի կառուցումն առաջնային չէ, չի նշանակում, որ գաղափարից ընդհանրապէս հրաժարւել են: Կանդրադառնան, երբ միջոցներ լինեն․ «Այն կը միացնի Պարսից ծովը սեւծովեան հատւածի հետ, եւ այդ առումով Հայաստանի՝ որպէս ապագայում տրանզիտ երկրի համար, կունենայ տնտեսական նշանակութիւն»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։