Հա
25/07/2018

Գործազրկութիւն, գնաճ եւ յետընթաց. Էրդողանի տնտեսական երազախաբութիւնը

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի նախընտրական խոստումների շարքում մերկապարանոց էր թուրքական տնտեսութիւնը առաջիկայում տասնեակ ուժեղագոյնների շարքը դասելու հեռանկարը։ Խոստումը, որն ակնյայտօրէն անիրագործելի է տեսանելի պատմական հեռանկարում, արդէն արդիական չէ, բայց Էրդողանը չի յանձնւում: 

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի նախընտրական խոստումների շարքում մերկապարանոց էր թուրքական տնտեսութիւնը առաջիկայում տասնեակ ուժեղագոյնների շարքը դասելու հեռանկարը։ Խոստումը, որն ակնյայտօրէն անիրագործելի է տեսանելի պատմական հեռանկարում, արդէն արդիական չէ, բայց Էրդողանը չի յանձնւում: Գրում է «Sputnik» Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը:

Թէ ինչպէս կարելի է թուրքական տնտեսութիւնը խցկել տասը ուժեղագոյնների շարքը, Էրդողանը չի բացատրել. 21-րդ դարի գլխաւոր բռնապետից ոչ ոք բացատրութիւն չի էլ սպասում։ Էրդողանին պէտք էր անսահման իշխանութիւն ունեցող նախագահ դառնալ, նա դարձաւ, իսկ ինչ ասւել է նոր հին պաշտօնին տանող հեշտ ճանապարհի ընթացքում, կարելի է ընդհանուր ձայնային ֆոն համարել։

Նախագահական Թուրքիայի քաղաքացիներն արդէն վարժւել են դեռ մէկ տարի առաջ գնապիտակներին յայտնւած անհաւանական գներին. յատկապէս մթերային խանութներում: Ասենք՝ կարտոֆիլի գինը մէկ տարի առաջւանից տարբերւում է երբեմն նոյնիսկ չորս անգամ թանկ լինելով։

«Թուրքիայում գնաճն ամենուրեք է. գնումներ կատարելիս, աւտոլցակայանում, բնակարանի վարձ տալիս»: Ասւում է «Deutsche Welle»-ի յօդւածում։

Էրդողանին այդ ամէնը հետաքրքիր չէ: Նա ձգտում է վերահսկել երկրի արժութային քաղաքականութիւնը. բնականաբար՝ միանձնեայ վերահսկել։ Բացի այդ, Էրդողանը հետեւում է իր մշակած տնտեսական տեսութեան դրոյթներին, որոնց շրջանակում հիմնական տոկոսադրույքի բարձր մակարդակը համարում է բոլոր չարիքների արմատը` ամէն կերպ ճնշում գործադրելով թուրքական ֆինանսական ինստիտուտների վրայ, որպէսզի թոյլ չտայ բարձրացում։ Այստեղ պէտք է յիշել, որ համաշխարհային տնտեսական գիտութեան աքսիոմների համաձայն՝ տոկոսադրույքի բարձրացումը համարւում է արժոյթի կայունացման ամենաարդիւնաւէտ միջոցը, իսկ թուրքական լիրան միայն 2018թ–ի սկզբից 20 տոկոս է կորցրել դոլարի եւ եւրոյի նկատմամբ։

Թուրքական տնտեսութեան բազմաթիւ ներդրողները դեռեւս չեն դադարեցնում գործունէութիւնը, բայց մտավախութիւն ունեն, որ Էրդողանը ձեռնամուխ կը լինի Թուրքիայի Կենտրոնական բանկի միանձնեայ վերահսկողութեանը։ Թէեւ դա արդէն կարելի է տեղի ունեցած համարել։

«Կենտրոնական բանկն արդէն վաղուց անում է միայն այն, ինչ ուզում է Էրդողանը, ինչպէս նաեւ միւս պետական հաստատութիւնները։ Այստեղ այլեւս ոչինչ չի արւում առանց նրա համաձայնութեան։ Եթէ բանկն իսկապէս անկախ լինէր, ապա այն կարձագանքեր դեռ երկու տարի առաջ տեղի ունեցող դէպքերին եւ զգալիօրէն կը բարձրացներ տոկոսադրոյքը գնաճի դէմ պայքարելու համար»,– կարծում է թուրք տնտեսագէտ Աթիլու Էշիլադան։

Դա քիչ է հետաքրքրում Էրդողանին, որը հասել է իր ուզածին` համատեղելով իր սիրելի անձի մէջ պետութեան, կառավարութեան եւ իշխող կուսակցութեան ղեկավարի պաշտօնները. էլ տեղ չկայ: Ամենայն Թուրքիոյ առաջնորդը համոզւած է, որ ճիշտ տնտեսական քաղաքականութիւն է գնում։ Դա մի երկրում, որը չափազանց ոչ միատարր է շրջանների տնտեսական զարգացմամբ` ուժեղ արդիւնաբերութեամբ եւ ֆինանսապէս ապահովւած հարուստ շրջաններից մինչեւ չքաւոր վիլայեթներ։

Թուրքիայի ֆինանսների նախարար է նշանակւել Էրդողանի փեսան։ 45-ամեայ Բերատ Ալբայրաքը Ստամբուլի համալսարանին կից բիզնեսի կառավարման դպրոցի շրջանաւարտ է, աւելի վաղ նա էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար է եղել։ Թուրքիայում նրա նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ։ Շատերը Ալբայրաքին անփորձ մասնագէտ եւ քաղաքական գործիչ են համարում, որը կարիերա է արել բացառապէս հարուստ աներոջ շնորհիւ։

Լուրջ տնտեսագէտները, ընդ որում թուրք, ահազանգում են. արդէն ընթացիկ տարւայ վերջին կանխատեսւում է գործազրկութեան եւ գնաճի հետագայ աւելացում, իսկ դա կուղեկցւի միջին եւ փոքր ձեռնարկութիւնների սնանկութեամբ եւ կործանումով։ Եւ դա նոյնպէս ուժեղացնում է ներդրողների անհանգստութիւնը. թուրք ձեռնակատէրերի կողմից վերցրած վարկերի մեծամասնութիւնը եւրոպական բանկերից է։ Այսպիսով, կարելի է խօսել ֆինանսական վտանգի մասին, որը սպառնում է համապատասխան եւրոպական հաստատութիւններին։

Ի դէպ, շատ վերլուծաբաններ կանխատեսում են, որ հէնց այս Ալբայրաքը Թուրքիայի նախագահ կը դառնայ 2023թ.-ի ընտրութիւններում։ Էրդողանը յայտարարել է, որ չի առաջադրի իր թեկնածութիւնն այդ ժամանակ. երեւում է դա նրան պէտք էլ չէ։ Ուղղակի իշխանութիւնը կը յանձնի ազգականին, ինչպէս դա ընդունւած է ժամանակակից Թուրքիայում եւ նրան հարազատ երկրներում։

Ահա, օրինակ, «Yeniçağ» պարբերականի վերլուծաբան Օրհան Ուգուրօղլուն գրում է, որ Ալբայրաքն ամէն ինչից զատ նաեւ Գերագոյն ռազմական խորհրդի անդամ է։ Ակնյայտ է, որ նա կը գլխաւորի ԱԳՆ–ը, որպէսզի դառնայ «բոլոր ոլորտների քաղաքական փորձագէտ» ։ Յետոյ նա կը դառնայ Արդարութիւն եւ զարգացում կուսակցութեան նախագահ եւ, իհարկէ, կը բռնի նախագահութեան տանող ուղին։

Ուգուրօղլուն համոզւած է, որ հիմա, երբ ամբողջ իշխանութիւնը կենտրոնացած է Էրդողանի ձեռքում, ոչինչ չի խանգարի նրան իր փեսային իրաւայաջորդ նշանակել եւ գնալ «վաստակած» հանգստի։ Մինչ այդ երկիրը կը քանդւի, թէ՞ ոչ, արդէն երկորդական հարց է։

Միւս կողմից, հիմա Էրդողանը յայտարարում է, որ 2023թ.-ին չի առաջադրի թեկնածութիւնը։ Բոլորովին բացառւած չէ, որ այդ ժամկէտին մօտենալիս բոլորովին այլ խօսքեր կը հնչեն. մենք Հայաստանում գիտենք, թէ ինչպէս է դա լինում։ Իսկ թէ ինչ կարող է տեղի ունենալ արդիւնքում՝ դա էլ գիտենք։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։