Հայաստանը զարգացնում է էներգետիկ ենթակառուցւածքները, ինչը նոր հնարաւորութիւն կը ստեղծի էլեկտրաէներգիայի արտահանման, ներմուծման, տարանցման, սեզոնային փոխհոսքերի թողունակութիւնն աւելացնելու հարցերում։
«alikonline.ir» - Հայաստանը զարգացնում է էներգետիկ ենթակառուցւածքները, ինչը նոր հնարաւորութիւն կը ստեղծի էլեկտրաէներգիայի արտահանման, ներմուծման, տարանցման, սեզոնային փոխհոսքերի թողունակութիւնն աւելացնելու հարցերում։
Հայկական կողմը մշտապէս իր պատրաստակամութիւնն է յայտնել քննարկելու Հայաստանի տարածքով իրանական էլեկտրաէներգիան երրորդ երկիր արտահանելու հարցը (այդ թւում՝ Եւրասիական տնտեսական միութիւն եւ Եւրոպական միութիւն)՝ Հայաստանը դարձնելով տարանցիկ միջանցք: «Sputnik» Արմենիային այս մասին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցւածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորեանը։
«Ինչպէս գիտէք, տարանցիկ միջանցքի ստեղծմանն են ուղղւած Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի եւ Վրաստանի միջեւ 2015-2016 թթ. ստորագրւած «Հիւսիս-հարաւ էլետրաէներգետիկական միջանցք» քառակողմ համագործակցութեան մասին յուշագրերը»,- նշեց նա:
Նախարարի խօսքով` քայլեր են ձեռնարկւում յուշագրերով ամրագրւած պայմանաւորւածութիւնները կեանքի կոչելու համար:
«Նաեւ այդ նպատակով է, որ զարգացնում ենք Հայաստանի էներգետիկ ենթակառուցւածքները, մասնաւորապէս՝ Հայաստան-Իրան եւ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերի կառուցումը նոր հնարաւորութիւն կստեղծի էլեկտրաէներգիայի արտահանման, ներմուծման, տարանցման, սեզոնային փոխհոսքերի թողունակութիւնն աւելացնելու հարցերում»,- ասաց Գրիգորեանը:
Ըստ նրա` նշւած ծրագրերի իրականցումը որակապէս նոր մակարդակի կը բարձրացնի Հայաստանի էներգահամակարգը տարածաշրջանային համագործակցութեան շրջանակներում:
Յիշեցնենք` Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը օգոստոսի 13-ին յայտարարել էր, որ Իրանը բանակցութիւններ է սկսել Հայաստանի տարածքով Ռուսաստանին էլեկտրաէներգիա մատակարարելու հնարաւորութեան շուրջ: