Հա
18/08/2018

Հաէրին եւ Գրիգորեանը քննարկել են փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող ենթակառուցւածքային ծրագրերի ընթացքը

Էներգետիկայի նախարարի տեղակալ Հոմայուն Հաէրին երէկ՝ օգոստոսի 17-ին Երեւանում հանդիպել է ՀՀ էներգետիկ ենթակառուցւածքների եւ բնական պաշարների նախարար, հայ-իրանական միջկառավարական յանձնաժողովի համանախագահ Արթուր Գրիգորեանի հետ:

«alikonline.ir» - Էներգետիկայի նախարարի տեղակալ Հոմայուն Հաէրին երէկ՝ օգոստոսի 17-ին Երեւանում հանդիպել է ՀՀ էներգետիկ ենթակառուցւածքների եւ բնական պաշարների նախարար, հայ-իրանական միջկառավարական յանձնաժողովի համանախագահ Արթուր Գրիգորեանի հետ:

Ինչպէս տեղեկացնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցւածքների եւ բնական պաշարների նախարարութեան պաշտօնական կայքը՝ հանդիպմանը, որին ներկայ է եղել նաեւ ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին, զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Իրանի համար փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող ենթակառուցւածքային ծրագրերի ընթացքն ու ներդրումային նախագծերի հնարաւորութիւնները: Այս համատեքստում կողմերն անդրադարձել են Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ընթացքին, մասնաւորապէս՝ կապալառուի կողմից աշխատանքները պատշաճ եւ սահմանւած ժամանակացոյցին համապատասխան իրականացնելուն:

Հոմայուն Հաէրին նշել է, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը բաւական նպաստաւոր է Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի, ինչպէս նաեւ Սեւ ծոցի երկրների միջեւ էլեկտրաէներգետիկական ծրագրեր իրականացնելու առումով:

Նախարար Գրիգորեանն էլ իր հերթին նշել է, որ տնտեսական համագործակցութեան ակտիւացման համատեքստում լուրջ դերակատարութիւն կարող է ունենալ նաեւ Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծի կառուցումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ 2018 թ. Երեւանում կայացած հայ-իրանական միջկառավարական յանձնաժողովի 15-րդ նիստի ընթացքում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների եւ համատեղ ծրագրերը կեանքի կոչելու վերաբերեալ:

Ընդգծւել է, որ երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական յարաբերութիւնների խորացման եւ ընդլայնման գործում առանձնայատուկ առաքելութիւն ունի հայ-իրանական միջկառավարական յանձնաժողովը:

Երկուստեք կարեւորւել է փոխայցերի ակտիւացման անհրաժեշտութիւնը եւ նշւել, որ դրանք հնարաւորութիւն են ընձեռում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքում առաջացած խնդիրներին տալ արդիւնաւէտ լուծումներ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։